Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում ենք, այս պահին ոչինչ անել չենք կարող». Կարմիր խաչի գրասենյակում ասել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային

Օգոստոս 03,2023 11:48

«Ցավում ենք, այս պահին ոչինչ անել չենք կարող: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք»,- երկար զրույցից հետո հայաստանյան Կարմիր խաչի գրասենյակում այսօր նման պատասխան են տվել օրերս Ադրբեջանի ԱԱԾ սահմանապահների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերա Խաչատրյանին:

Հիշեցնենք, ցուցարարներն առավոտից կրկին փակել էին Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի մուտքը: Պահանջները նույնն են՝ մամուլի ասուլիս հրավիրել Կարմիր խաչի ժնեւյան գրասենյակում եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ հասցեական հայտարարություն անել Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մասին: Ցույցին մասնակցում էր նաեւ Վերա Խաչատրյանը:

Ցույցի սկզբում ոստիկաններն են փորձել միջամտել՝ ցուցարարներին ասելով, որ «իրենց արարքը գեղեցիկ չէ», ապա երկար խոսակցություն-բանակցություններից հետո, Կարմիր խաչի գրասենյակից Վերա Խաչատրյանին հրավիրել էին զրույցի: Ցույց անող երիտասարդներից Ալվարդ Զաքարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Վերա Խաչատրյանին հստակ որեւէ խոստում չեն տվել Կարմիր խաչի երեւանյան գրասենյակում: Իրենց հետագա անելիքների մասին ցուցարարները կտեղեկացնեն լրացուցիչ, այժմ քննարկումների մեջ են:

Ի դեպ, Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի էր համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։

«Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր Խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք օրինական իրավունք ունենք հարցնելու, թե ինչու է Խանքենդիում (Ստեփանակերտում) Կարմիր Խաչի բաժանմունքը ենթարկվում ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել: Իսկ օրերս կրկին փակել էին գրասենյակի մուտքը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031