Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ձայնը դարձնենք Արցախի ձայնը». մանիֆեստ հանուն Արցախի

Օգոստոս 03,2023 11:17

Հայ երգիչները, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր մասերում, մտահոգված լինելով հայրենիքի ճակատագրով` հանդես են եկել Արցախի աջակցության մանիֆեստով։ Սա նպատակ ունի կոտրել լռության պատը։

Բարիտոն Ակսել Դավեյանն այն երգիչների շարքում է, ովքեր միացել են Արցախի աջակցության մանիֆեստին։

Aravot.am-ի հետ զրույցում Ակսել Դավեյանը նշեց, որ սա ևս հնարավոր միջոց է Արցախի շրջափակման ձայնը երգիչների ձայնով լսելի դարձնելու համար։

-Ես ևս միացել եմ ու կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին այս ծանր ու բախտորոշ ժամանակաշրջանում միանալ, միավորվել, անել ամեն բան հանուն հայրենիքի։ Այսօր Արցախում մարդիկ հումանիտար աղետի մեջ են, ամեն օր նոր մարտահրավերների առաջ են կանգնում, այսպես չի կարելի թողնել, մենք չպետք է մեր հայրենակիցներին մենակ թողնենք։ Մենք նրանց կողքին կանգնած ենք,- ասաց Ակսել Դավեյանը։

Ստորև ներկայացնում ենք Արցախի խաղաղության վիրտուալ փառատոնի տեքստը։

«Մենք` աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող երաժիշտներս, այսօր մեր ձայնն ենք բարձրացնում ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, որը կանգնած է աննախադեպ հումանիտար ճգնաժամի առաջ։ Ութ ամիս շարունակ 120,000 մարդ համատարած շրջափակման մեջ է՝ իրական ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Արցախի բնակիչները 3 տարի առաջ բախվեցին ավերիչ պատերազմին՝ պատերազմ, որտեղ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ տասնյակ հազարները ստիպված եղան լքել իրենց տները՝ հարկադրաբար հեռանալով իրենց նախնիների հազարամյա գյուղերից ու քաղաքներից:

Արցախի մնացած հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախն այսօր, ասես պաշարված ամրոց, դիմակայում է ծանրագույն դժվարությունների, սակայն մարդիկ չեն ցանկանում լքել իրենց պապերի երկիրը։ Պաշարումը մարդկանց զրկել է բոլոր իրավունքներից և ազատություններից, տեղաշարժման հնարավորությունից, սննդի և դեղորայքի մատակարարումից, վառելիքից և խաղաղ, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ մնացյալ ամեն ինչից։ Փոխարենը՝ արցախցին ամենօրյա սպառնալիքներ է ստանում Ադրբեջանից, որը կրակում է անգամ գյուղտեխնիկայի վրա՝ գյուղացուն թույլ չտալով մշակել սեփական հողը։

Մենք՝ երաժիշտներս, որ մեր կյանքը նվիրել ենք ամենաբարձր ու գեղեցիկ արվեստին, այսօր ցանկանում ենք Արցախի մեր հանդիսատեսի հետ կիսել մեր լավագույն զգացմունքները և կարևորագույն մտքերը: Մենք ուզում ենք նվագել ու երգել արցախցիների համար, որպեսզի նրանց վերադարձնենք ՀՈՒՅՍԸ։

Մենք` երաժիշտներս, այսօր նույնպես զրկված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալու հնարավորությունից։

Այդ պատճառով մենք հայտարարում ենք Արցախի խաղաղության փառատոնի մեկնարկը՝ վիրտուալ փառատոնի, որը կոչված է երաժշտության միջոցով պատմելու պաշարված ժողովրդի մասին, կոտրելու լռության պատը, մեր ձայնը դարձնելու Արցախի ձայնը: Ինչպես բոլորովին վերջերս, երբ մարդիկ իրարից բաժանված էին կովիդի պատնեշով, այսօր էլ՝ այս բաց աշխարհում, մենք ստիպված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալ՝ օգտագործելով ինտերնետային միջոցները։

Մեր սիրելի՛ հանդիսատես,

մենք երկար տարիներ լցրել ենք ձեր սրտերը գեղեցիկ մեղեդիներով և ներդաշնակությամբ։

Այժմ էլ, ահա, խնդրում ենք, որ դուք բաց պահեք ձեր ականջներն ու սրտերը պաշարված արցախցիների ձայնի համար։ Մեզ հե՛տ եղեք այս ծայրահեղ պահին, եկե՛ք միասին ավելի բարձր հնչեցնենք Արցախի ժողովրդի ձայնը։

Թույլ չտա՛նք, որ տեղի ունենա վատագույնը:

Օգնե՛ք բացել Կյանքի ճանապարհը:

Տարածե՛ք այս մանիֆեստը։

Եկեք արժանի՛ լինենք երաժշտության՝ մեզ շնորհված բարձր առաքելությանը»։

Մանիֆեստին միացել են նաև թավջութակահար Լևոն Մուրադյանը, օպերային երգիչներ Սուրեն Շահիջանյանը, Մարիա Գուլեգինան, Մանե Գալոյանը, Ռուզան Մանթաշյանը, Հասմիկ Թորոսյանը, ջութակահար Նարինե Դելալյանը և այլք:

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031