Երեւանի դատարանն անդրադարձավ հայցվորներից Վահրամ Կաթրջանին:
Վերջինս 2006թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքի է անցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես նկարչության խմբակի խմբավար։ Նրա եւ կենտրոնի միջեւ նույն օրը կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նույն գործով հայցվորներ Հասմիկ Խաչատրյանը, որպես տիկնիկային խմբակի խմբավար եւ Սոֆյա Հանյանը, որպես գոբելենի եւ մաքրամեի խմբակի խմբավար, 2009թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքային պայմանագրով աշխատանքի են ընդունվում նույն կենտրոնում: Հայցվորների պնդմամբ, տարիներ շարունակ պատասխանողի՝ կենտրոնի տնօրինության կողմից մասամբ չի վճարվել իրենց աշխատավարձը:
Դատարանից պահանջը մեկն էր՝ հօգուտ Վահրամ Կաթրջյանի բռնագանձել 2 823 889 ՀՀ դրամ, հօգուտ Հասմիկ Խաչատրյանի բռնագանձել 3 668 504, հօգուտ Սոֆյա Հանյանի՝ 4 120 863 ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձ:
«Ինչ վերաբերում է Վահրամ Կաթրջյանին, ապա չնայած վերջինիս աշխատանքային պայմանագրում նշված է դրույքաչափով վճարում, սակայն 24.12.2012 թվականից գործատուի ներքին իրավական ակտի հիմքով աշխատավարձը վճարվել է ժամավճարով եւ նկատի ունենալով՝ հայցվորները պահանջում են 2018 թվականից միինչեւ 2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար ենթադրաբար գոյացած աշխատավարձը, ուստի դատարանը գտնում է, որ Վահրամ Կաթրջյանը եւս աշխատավարձը վճարվել է ժամավճարով, ուստի վերջինիս նկատմամբ եւս չի կարող տարածվել դրույքաչափով վճարման կանոնները: Այս հիմքով, դատարանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից հաստիքացուցակով սահմանված դրույքաչափերը չեն կարող կիրառվել հայցվորների նկատմամբ: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաեւ փորձագիտական եզրակացությամբ, որով արձանագրվել է, որ հայցվորների աշխատավարձը խնդրո առարկա ժամանակահատվածում ենթակա է եղել վճարման ժամավճարով, հետեւաբար դրույքաչափով հաշվարկ կիրառվել չի կարող եւ արձանագրել է, որ առկա չէ գործատուի կողմից հայցվորներին չվճարված աշխատավարձ»:
Կարդացեք նաև
Պատասխանող տնօրեն Ն. Արամյանի ներկայացուցիչը հայտնում է, որ հայցադիմումն անհիմն է եւ առարկայազուրկ, եւ որ «հայցադիմումի մեջ նշված պահանջները չեն հետապնդում իրավաչափ նպատակ»: Նրանց առարկմամբ, հայցվորների աշխատավարձների թերի վճարումներ չեն եղել, աշխատավարձերը, արձակուրդային վճարները տրամադրվել են սահմանված նորմերին համապատասխան, հայցվորները ուղղակիորեն չարաշահել են հայցով դատարան դիմելու իրենց իրավունքը (օգտվելով պետական տուրքի արտոնությունից), այսինքն՝ ներկայացրել են հայց, որում ակնհայտորեն բացակայում են խախտումները: «Տվյալ դեպքում գործում առկա են իրենց կողմից ներկայացված 93 թերթից բաղկացած ապացույցներ՝ հայցվորների պայմանագրերը, աշխատավարձի չափի, արձակուրդի վերաբերյալ հրամանները, ինչպես նաեւ անձնական գործերում առկա փաստաթղթերը, որոնցով հաստատվում է վերջիններիս կողմից «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում աշխատանքի դիմաց վարձատրության ձեւը` ժամավավճարային սահմանված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վերջիններիս կողմից որոշակի կոնկրետ ժամանակահատվածներում չվճարվող արձակուրդում գտնվելու մասին փաստերը»։
Բողոքն այս պահին վերաքննիչ քաղաքացիական դատարանում է, բողոքի քննությունը նշանակվել էր հուլիսի 17-ին…
Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին դատարանը որոշում էր կայացրել Վահրամ Կաթրջյանի, Հասմիկ Խաչատրյանի, Սոֆյա Հանյանի՝ ընդդեմ Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասին` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Դատավոր Լ.Գրիգորյանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է առաջին անգամ 2022 թվականի մարտի 29-ին:
Այս քաղգործում առկա էր հայցվորների հողորդման հիման վրա հարուցված թիվ 11853418 քրեական գործի շրջանակներում նախաքննություն իրականացրած մարմնի որոշումը, համաձայն որի, «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում աշխատավարձի հաշվարկների ու վճարումների ճշտության ստուգման նպատակով կատարվել է փորձաքննություն, կար եզրակացությունը:
Դատարանը մերժում է հայցը, 2023 թվականի մարտի 7-ին հրապարակելով վճիռը:
Հայցվորներ Հասմիկ Խաչատրյանի եւ Սոֆյա Հանյանի մասով աշխատանքի վարձատրության ձեւը աշխատանքային պայմանագրում նշված է եղել ժամավճար, իսկ Վահրամ Կաթրջյանի մասով պայմանագրում նշված դրույքաչափը 24.12.2012 թվականի հրամանով դարձել է ժամավճարային:
Դատարանի առջեւ բարձրացված առաջին հարցը վերաբերում է հայցվորների աշխատավարձի տեսակին եւ ըստ դատարանի՝ «դրույքաչափով սահմանված աշխատավարձի վճարումը վերաբերելի չէ հայցվորների նկատմամբ»:
Ինչ քրեական գործի մասին էր տեղեկացվում քաղաքացիական դատարանում
Կենտրոնի նախկին տնօրեն Նարինե Արամյանի, հաշվապահներ Էմմա Երիցյանի, Գոհար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը, որի մասին ակնարկվում է քաղգործի քննության շրջանակներում, դատարան է ուղարկվում մեղադրական եզրակացությամբ 2019 թ. նոյեմբերի 15-ին:
Երեւան քաղաքի դատավոր Դ. Բալայանը 2023 թվականի հունվարի 24 -ին որոշում է կայացնում նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նշեմ, որ Արամյանի պաշտպանը՝ Գ. Թորոսյանը միջնորդություն էր ներկայացրել 2022 թվականի նոյեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ:
Պաշտպանի միջնորդության համաձայն՝ «Սույն քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ՝ 17.08.2018 թվականին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ շնորհվել 11853418 համարը: Այնուհետեւ նույն օրը՝ քրեական գործը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին եւ շուրջ մեկ տարուց ավելի, այսինքն՝ մինչեւ 25.10.2019 թվականը իրականացվել է նախաքննություն: Իսկ մինչ քրեական գործ հարուցելը, ոստիկանության Շենգավիթի բաժնում 27.07.2018 թվականին ՀՀ պետեկամուտների կոմիտեից ստացված՝ Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության մի խումբ աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումի հիման վրա, մինչեւ 17.08.2018 թվականը նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքում հետաքննական մարմինը հարուցել է քրեական գործ եւ ուղարկվել է նախաքննության:
Հարկ եմ համարում նշել, որ նախապատրաստված նյութերը զետեղված են միայն քրեական գործի 250 թերթից բաղկացած 1-ին հատորում, որտեղ առկա է 12 անձից վերցված, 1 կամ 2 թերթից կազմված բացատրություններ, իսկ մնացածը՝ ՀՀ ՊԵԿ-ից եւ ԱԱԾ-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվող նյութերին կցելու համար ուղարկված նույնաբովանդակ դիմումներին կից ներկայացված տարատեսակ հրամանների, հաշիվ քաղվածքների, աշխատանքային պայմանագրերի, տեղեկանքների պատճեններն են»:
Դատարանն արձանագրել էր, որ սույն քրեական գործը հարուցվել է օրինական առիթի բացակայության պայմաններում, մասնավորապես՝ չստորագրված եւ անանուն հաղորդման հիման վրա, ինչը ոչ միայն իրավաչափ չէ, այլեւ հակասում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նման հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու արգելքին:
Մինչդեռ, ըստ Վահրամ Կաթրջանի, 2018 թվականի օգոստոսի 11-ից հետաքննիչ Լ.Անտանոսյանի մոտ բացատրություններ են տվել Սոնյա Վարդանյանը, Անահիտ Ստեփանյանը, Ալինա Մարտիրոսյանը, Հասմիկ Խաչատրյանը, օգոստոսի 14-ին՝ Գոհար Ղազարյանը, Սոֆյա Հանյանը, Գայանե Ղամբարյանը, Սենիկ Մարգարյանը, Վահրամ Կաթրջյանը, իսկ օգոստոսի 15-ին՝ Անահիտ Բոգաչենկոն, Նարինե Արամյանը, Սոֆյա Հանյանը, Մուշեղ Արսենյանը… այսինքն, խոսք չի կարոaղ գնալ անանուն աղբյուրների մասին, երբ կան կոնկրետ անձինք, կոնկրետ բացատրություններ, եւ որն է այստեղ հաղորդում տրված անձանց մեղքը (լուսանկարում):
Ըստ դատավոր Դ. Բալայանի. «Քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթով, եւ դրանից հետո կատարված բոլոր դատավարական գործողությունները եւ ստացված արդյունքները, իրավական գրականության մեջ հայտնի «թունավոր ծառի պտուղների» կանոնի համաձայն՝ չեն կարող գնահատվել որպես թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույց, գտնում է, որ սույն քրեական գործով քրեական հետապնդումը, առանց դատաքննությունը շարունակելու, ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը կարճման՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:
Անդրադառնալով տուժողի՝ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումին, դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության: Դատարանն արձանագրել էր, որ անանուն կամ չստորագրված հանցագործության մասին վկայող հաղորդումները պետք է ստուգվեն հետաքննության մարմնի կողմից՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ճանապարհով:
Տվյալ դեպքում, դատարանն արձանագրել էր. «Շենգավիթի բաժինը ստանալով ՀՀ ՊԵԿ-ից ստացված «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի մի խումբ աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումը, ոչ թե օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել եւ դրա արդյունքում հայտնաբերել հանցագործության մասին վկայող տվյալներ, այլ կատարել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական դատավարության սկզբնական փուլին բնորոշ, գործողություններ, որոնք օրենքի ուժով իրավասու չէր կատարել: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 7-րդ մասի արգելքի պայմաններում, անստորագիր դիմումի կապակցությամբ բացատրություններ է վերցրել ՊՍԿ-ի աշխատակիցներից եւ նրանց հայտնած տվյալների հիման վրա, հղում կատարելով անստորագիր հաղորդմանը, զեկուցագիր է ներկայացրել Շենգավիթի բաժնի պետին: Այս համատեքստում դատարանը հարկ է համարում նշել, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, որոնց շարքին չի դասվում անձից բացատրություն վերցնելը… աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումը չէր կարող առիթ հանդիսանալ նյութեր նախապատրաստելու եւ դրանից բխող քրեական գործ հարուցելու համար»:
Թե որպես հայցվոր, թե որպես այդպես էլ տուժողի կարգավիճակ չստացած Կաթրջյանը, Հանյանը, Խաչատրյանը դեռ չեն ստացել իրենց պահանջելիք գումարները, իսկ ստեղծագործական կենտրոնն էլ նոր տնօրեն ունի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.08.2023