Այսօր առավոտից ցուցարարները՝ ադրբեջանցիների կողմից օրերս առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ, կրկին փակել են Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի մուտքը: Պահանջները նույնն են՝ մամուլի ասուլիս հրավիրել Կարմիր խաչի ժնեւյան գրասենյակում եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ հասցեական հայտարարություն անել Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մասին:
Ի դեպ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում երեկ արվել է հետեւյալ գրառումը․«Ինչո՞ւ եք լռում»,-շատերը մեզ այս հարցը տալիս են, երբ պատերազմ է սկսվում, երբ մի կողմը մյուսի նկատմամբ վայրագություններ է կատարում։ Բացատրում ենք տեսանյութում»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ուսանողները Կարմիր խաչի գրասենյակի մոտ նստացույց են հայտարարել: Իսկ օրերս կրկին փակել էին գրասենյակի մուտքը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Կարդացեք նաև
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ ցույց անող երիտասարդներից Ալվարդ Զաքարյանն օրերս Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարմիր խաչից դրական ազդակներ կան: Այսօր սակայն, Ալվարդ Զաքարյանը մեր զրույցում փոխանցեց, որ այդ ազդակներն առ այսօր տեղ չեն հասել ու այդ է պատճառը, որ ցուցարարները կրկին որոշել են փակել Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքը:
Այս պահին Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները ներս են հրավիրել Վերա Խաչատրյանին։ Ըստ հանդիպման արդյունքների` ցուցարարները կորոշեն իրենց հետագա անելիքները։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ