Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, պետք է պատրաստվել պատերազմի, այլընտրանքը ցեղասպանությունն է՝ սկզբում Արցախում, հետո Հայաստանում»

Օգոստոս 03,2023 13:00

«Առավոտի» զրուցակիցն է Կովկասի Ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

– Պարոն Միքայելյան, օգոստոսի 1-ին Բրատիսլավայում ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է կայանար Ստեփանակերտի եւ Բաքվի հանդիպումը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այս հանդիպումից։ Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ Բաքուն ու Մոսկվան առաջարկում են հանդիպումն անցկացնել Եվլախում։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

– Եթե մենք խոսում ենք Արցախ-Ադրբեջան բանակցությունների մասին, ապա պետք  է հասկանանք, որ այդ բանակցությունները չունեն ոչ ձեւ, ոչ էլ բովանդակություն։ Ինչո՞ւ, որովհետեւ ցանկացած բանակցության ժամանակ ոչ թե արդյունքն է կարեւոր, այլ ձեւաչափն ու օրակարգերը։ Եթե այս ամենի շուրջ լինի ինչ-որ համաձայնություն, հետո կարելի է քիչ-քիչ առաջ գնալ։ Ձեւաչափի առումով այստեղ կա մի քանի տարբերակ։ Տարբերակ առաջին՝ ինչպե՞ս են ընկալում կողմերն այդ բանակցությունները։ Արցախի իշխանությունները հանդես են գալիս որպես պետություն, իսկ Ալիեւն իրենց ոչ միայն չի ուզում ընկալել որպես պետություն, այլ անգամ որպես տեղական իշխանություններ, միայն որպես հայերի ներկայացուցիչներ։ Եվ այսպիսով այստեղ կարգավիճակի տարբերություն կա։ Երկրորդ տարբերակը նպատակի հետ է կապված։ Ալիեւի տեսանկյունից այս բանակցություններում միայն պետք է քննարկվի այն հարցը, որ Արցախի իշխանություններն անհապաղ պետք է կապիտուլյացիա հայտարարեն, հանձնվեն, եւ Բաքուն իրենց դատի։ Երկու ամիս առաջ Ալիեւն այդ մասին ասել է։ Իսկ Արցախի իշխանություններն ընդամենն ուզում են այս ներկա իրավիճակը մեղմացնել, բայց իրենք այս բանակցային սեղանի շուրջ չունեն գործիքներ, եթե, իհարկե, մյուս խաղացողներն այդ գործիքները չստեղծեն՝ սկսած Հայաստանից, վերջացրած Ռուսաստանով կամ ԱՄՆ-ով։ Այս պարագայում Ադրբեջանի հրաժարվելը բանակցություններից կարելի է հասկանալ՝ իմանալով ադրբեջանական դիրքորոշման մասին։ Թեեւ չէր ենթադրվում, որ ԱՄՆ հովանու ներքո լինելու էին հավասար բանակցություններ, բայց ամեն դեպքում լինելու էր բանակցություն կողմերի միջեւ, իսկ Ադրբեջանն Արցախի իշխանություններին որպես կողմ չի ընդունում։

Ինչ վերաբերում է Եվլախին, ես սա նույնպես բացառում եմ։ Եթե այլ օրինակ էլ չբերեմ, ապա Ադրբեջանը, առեւանգելով Վագիֆ Խաչատրյանին, դրանով ցույց է տվել, որ չի ընդունում, որ արցախցիներն ունեն որեւէ իրավունք։ Եվ Արցախի իշխանություններն այդ ամենը շատ լավ հասկանալով՝ չեն գնա նման բանակցությունների եւ չպետք է գնան նման բանակցությունների։ Ռուսաստանի օրակարգն այստեղ ընդամենն այն է, որ կարեւոր չէ, թե ինչպես, ինչու եւ ով, կարեւոր է, որ մեջտեղում Ռուսաստանը լինի։ Եվ քանի որ Ռուսաստանում տեսնում են, որ Ադրբեջանն այլ պայմանների չի համաձայնում, քան Ադրբեջանի տարածքում Արցախի կապիտուլյացիայի ընդունումը, եւ Ռուսաստանն իր կողմից չի ուզում որեւէ քաղաքական կապիտալիզացիա, ասում է՝ Ադրբեջանն ուզում է այդպես, դուք եկեք Եվլախ։ Այսինքն՝ այստեղ կա երկու բաղադրիչ։ Մի կողմից Ռուսաստանը խոշոր հաշվով միջնորդի դերից հրաժարվում է, որովհետեւ ընդամենը հայերին հասցնում է ադրբեջանական կարծիքներ, մյուս կողմից, սա անշուշտ Հայաստանի դիվանագիտության ձախողումն է, որովհետեւ որպես միջնորդ՝ Ռուսաստանն ամեն դեպքում հաշվի է առնում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները։ Բազմաթիվ անգամներ շեշտադրվել է, եւ դա այդպես էլ կա, որ եթե Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա Ռուսաստանն իր կողմից դրան հակասող որեւէ բան չի անելու։ Իհարկե, մենք ունենք Ֆրանսիայի օրինակը, երբ Մակրոնը հայտարարել է, որ իր համար Փաշինյանի դիրքորոշումն անընդունելի է, բայց Ռուսաստանի դիրքորոշումն այդպիսին չէ։ Բայց նաեւ հաշվի առնենք մի հանգամանք եւս՝ Ֆրանսիայի դեպքում մենք գործ ունենք քաղաքական դիրքորոշման հետ, բայց ոչ կոնկրետ գործողությունների։ Ռուսաստանի դեպքում որքան ավելի պարզ ու հստակ դիրքորոշում լինի, այնքան ավելի մեծ է պատասխանատվությունը։ Իսկ այդ պատասխանատվությունը Ռուսաստանն իր վրա վերցնել չի ուզում։ Իրավիճակը մոտավորապես այսպիսին է։

– Հայաստանի իշխանությունները շարունակաբար հայտարարում են, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը կարեւոր է, եւ որ այն պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների ու երաշխավորության ներքո։ Դուք հնարավորություններ չեք տեսնում երկխոսության, հետեւաբար, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

– Ես ավելի քան համոզված եմ, որ ինչպես Ուկրաինայի պարագայում Ուկրաինայի դաշնակիցների մոտեցումը եղել է այն, որ պատերազմի գինը Ռուսաստանի համար պետք է բարձրացվի, այստեղ էլ Ադրբեջանի համար պետք է պատերազմի գինը բարձրացվի։ Նաեւ եւս մեկ բան է ակնհայտ, որի մասին անգամ Փաշինյանն է խոսում, դա այն է, որ Ադրբեջանը խաղաղության որեւէ ձգտում չունի։ Այդ երկիրը ոչ միայն պատերազմի, այլ նույնիսկ ցեղասպանության ձգտում ունի, եւ ոչ միայն արցախահայության նկատմամբ։ Այսինքն՝ սին են սպասելիքները, որ այստեղ որեւէ խաղաղություն կարող է հաստատվել։ Ադրբեջանական մամուլը, հանրային դաշտը, սոցցանցերը լցված են նացիստական քարոզչությամբ, արդեն պղծվել են սերունդներ։ Ես ուզում եմ, որ մենք պարզ հասկանանք՝ Ադրբեջանը Թուրքիայի կողմից ստեղծվել է որպես հակահայկական գործիք եւ շարունակելու է լինել այդպիսին։ Ադրբեջանի հետ Հայաստանը երբեք խաղաղություն չի ունենա։ Սա, իհարկե, ցանկալի իրականություն չէ, բայց սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք։

– Եվ այս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր անելիքը։

– Միայն ու միայն պատրաստվել պատերազմի։ Պատրաստվել ինտենսիվորեն, ակտիվ, շատ լուրջ զբաղվել սպայակազմով։ Իհարկե, առանց իշխանափոխության այդ ամենը չի լինելու, սա պետք է շեշտադրենք, որովհետեւ սին են սպասելիքները, թե ներկա իշխանությունը որեւէ բան կանի այդ ուղղությամբ։ Բացի այդ, պետք է սահմանային ենթակառուցվածքները բարելավվեն, զորքերի կառավարումը։ Պետք է բարելավվի դիվանագիտությունը, քանի որ հարավորությունները շատ ավելի լայն են, քան այս իշխանություններն օգտագործում են։ Մենք շատ հաճախ լսում ենք տարբեր գործընկերների կողմից, որ հենց Փաշինյանի դիրքորոշումն է այդպիսին։ Օրինակ, երբ Փաշինյանը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին խոսեց՝ անուղղակիորեն մեղադրելով եվրոպացիներին, ես մի քանի աղբյուրներից դա ճշտել եմ եւ հասկացել, որ այնտեղից որեւէ նման ճնշում չի եղել։ Բայց ինքը փորձում է նման ուղեցույցներ ստանալ, որպեսզի հետո ներկայացնի, որ պետք է ադրբեջանական պայմաններին համաձայնենք։ Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը շատ ավելի հակված է ադրբեջանական դիրքորոշում հայտնելու, քան թե պրոհայկական։ Եվ, ցավոք սրտի, դա անում է շատ արեստավարժ։

Կրկնում եմ, ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղություն երբեք չի լինի, որովհետեւ իրենք նույնիսկ մանկապարտեզում երեխաներին դաստիարակում են հայերի նկատմամբ ատելության մթնոլորտում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանի այսօրվա ռեժիմը գոնե ինչ-որ չափով վերարտադրվի, ոչինչ չի փոխվի։ Եվ ատելությունը հայերի նկատմամբ 2020 թվականից հետո միայն ու միայն աճել է։ Ադրբեջանի համար բուժիչ ուժը լինելու է միայն իրենց պարտությունները եւ հայկական կողմի հաղթանակները։ Սա ծանր է լինելու, թանկ է լինելու, բայց այլընտրանք չկա։ Այլընտրանքը ցեղասպանությունն է՝ սկզբում Արցախում, հետո Սյունիքում, հետո ամենուր։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031