Հեղինակավոր օպերային թատրոններում նույնիսկ՝ անկախ դրանց տասնամյակներ, հարյուրամյակներ ձգվող գործունեությունից, այնպես չէ, որ հնարավոր է անդրադառնալ համաշխարհային օպերային գրականության բոլոր ընտիր էջերին՝ պարզ պատճառով. այդ գանձարանը շատ հարուստ է։ Մեր օպերային թատրոնն էլ բացառություն չէ։ Վերջինիս գոյության 90-րդ տարում առաջին անգամ օրերս կայացավ մեծ պրեմիերա. ներկայացվեց Պուչինիի «Տուրանդոտը»։ Արքայադուստր Տուրանդոտի եւ Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926թ., Միլանի Լա Սկալա թատրոնում։
Երաժշտության պատմությունից գիտենք, որ որոշ օպերաների պրեմիերաներ պարզապես տապալվել են։ Բայց, իհարկե, ոչ հաճախ, հակառակն էլ է եղել, երբ խիստ քննադատները, մեծ ցանկության դեպքում նույնիսկ, չեն կարողացել գտնել որեւէ թերություն բեմադրության մեջ։ Երեւանյան «Տուրանդոտը» կարելի է դասել այդ շարքում։ Այն իսկապես շքեղ էր ոչ միայն դեկորների, զգեստների (նկարիչ դիզայներ՝ Պյոտր Օկունեւ) առումով, այլեւ ռեժիսորական մտահղացմամբ (բեմադրող ռեժիսոր՝ Վյաչեսլավ Ստարոդուբցեւ)։ Այո, ռեժիսուրան էլ է լինում շքեղ։ Միաժամանակ օգտագործվում էր դահլիճի բեմն ամբողջությամբ (հիմնական եւ երկու կողային մասերը)։ Ներկայացման ճոխությունն ապահովում էին նաեւ լուսային ռեժիսորի (Սերգեյ Սկորնեցկի) եւ վիդեո կոնտենտի բեմադրիչ Վադիմ Դուլենկոյի բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ոչ թե կարծում ենք, այլ համոզված ենք, որ որեւէ մեկը կասկածի տակ չի դնի ներկայացման ճոխությունն ու շքեղությունը։
Հակիրճ դիտարկենք «Տուրանդոտի» երաժշտական դրամատուրգիան, բեմի եւ գործողությունների ընդհանուր ընթացքը։ Օպերայի երեք գործողությամբ կոմպոզիցիայում ծայրահեղ գործողություններն առանձնանում են իրենց խիստ դրամատիզմով ու բնավորությամբ եւ հենց դրանցում են կենտրոնացած, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ ամենամռայլ ու դաժան տեսարանները։ Արդեն երկրորդ գործողության ընթացքում, ընդհակառակը, շատ լույս կար, ինչն էլ ընդգծում էր ամենահանդիսավոր ու կոթողային դրվագները։ Նշենք, որ այս օպերան Պուչինիի մյուս գործերից առանձնանում է այնպիսի անսովոր հատկանիշներով, ինչպիսիք են մոնումենտալությունը, ուժեղ ձայնը։ Եվ ինչպես մինչ պրեմիերան մեզ հետ զրույցում բեմադրության ռեժիսորն էր հայտնել՝ «ներկայացման մեջ ոչինչ չպետք է քանդի երաժշտությունը, ասենք՝ բեմանկարչությունը պետք է ավելի ընդգծի այն եւ օգնի, որ երաժշտությունը դառնա թատրոն», այդպես էլ կար։ Ստարոդուբցեւը հավաստիացրել էր նաեւ, թե իր «Տուրանդոտը» ոչ թե պատմական, ռեալիստական զարդանախշերով կներկայանա՝ ինչպես սովորաբար արվում է, այլ միստիցիզմով, քանի որ օպերայում գործողությունների վայրն ու ժամանակն առասպելական են, իսկ պատմությունը՝ շաղախված միստիկայով. Ճակատագրական առեղծվածներ, զոհաբերվող սեր, Տուրանդոտի «վերածնունդ» եւ այլն։
Մենք էլ նշենք, որ Տուրանդոտը երեւաց իր ողջ միստիկ կերպարով, սիրո ամենահաղթ ուժի շնորհիվ դառնալով այլ մարդ՝ ազատված ֆոբիաներից։ Օպերայի ֆինալում էլ հերոսուհին բացարձակ կերպարանափոխվեց, նրա իշխանության կայսերական խորհրդանիշներին փոխարինեցին անկեղծությունը, ջերմությունը…
Կարդացեք նաև
Ներկայացմանը ընդգրկված էին թատրոնի ինչպես անվանի, այնպես էլ երիտասարդ մեներգիչները, երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան) եւ նվագախումբը։ Ներկայացման ողջ ընթացքում ականատեսը եղանք երգչախմբի ակտիվ խաղին. ռեժիսորը երգչախմբի արտիստներին նույնպես լիարժեք գործող անձ էր դարձրել (ռեժիսորի օգնականներ՝ Արա Ասատուրյան, Օլգա Գուսեւա)։ «Տուրանդոտի» պարտիտուրը համարվում է ամենահարուստը՝ կոլորիտային առումով։ Կայացած պրեմիերայի երեք օրերին մեծ պրոֆեսիոնալիզմով օպերան մատուցվեց մաեստրոներ Կարեն Դուրգարյանի եւ Հարություն Արզումանյանի ընթերցմամբ։
Յուրաքանչյուր ժանրի ստեղծագործության մեջ, որը հեղինակի կողմից վերնագրված է գլխավոր հերոսի անունով, ընդունված է շեշտը դնել այդ անհատի կերպարի վրա։
Պրեմիերային առաջին եւ երրորդ օրերը Տուրանդոտի դերերգով հանդես եկավ ճանաչված սոպրանո Աննա Այվազյանը, իսկ երկրորդ օրը՝ հայաստանցի հանդիսատեսին անծանոթ ավստրիաբնակ Աստղիկ Խանամիրյանը։ Իմիջիայլոց, երկու տուրանդոտներն էլ երեւացին իրենց ողջ միստիկ կերպարներով։ Եթե Աննա Այվազյանը առաջին անգամ էր մարմնավորում Տուրանդոտին, ապա Աստղիկ Խանամիրյանի այցեքարտն է այն՝ ըստ արտասահմանյան լրատվամիջոցների։
Դիտարկմանը՝ հայ հանդիսատեսը Աննային սովոր է տեսնել շատ կանացի, քնքուշ կերպարներում, ասենք՝ Աննա՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովայում», Անուշ՝ Տիգրանյանի համանուն օպերայում…, Աննա Այվազյանը փոքր-ինչ համակարծիք չլինելով մեզ հետ, հիշեցրեց նաեւ իր Տոսկան՝ Պուչինիի համանուն օպերայում, Փառանձեմը՝ Չուխաջյանի «Արշակ Բ»-ում ու հավելեց Գեղամ Գրիգորյանի խոսքը, թե առաջին հայացքից քնքուշ թվացող Անուշն էլ պետք է «պինդ» ձայնով ներկայացվի, որ ավելի տպավորիչ լինի։ Հետո էլ հավելեց. «Օպերայի սկզբում Տուրանդոտն այնքան սառնասիրտ է, որ ոչնչի առջեւ չի կանգնում, ուղիղ ասած՝ մարդասպան դառնալու համար։ Բայց տեսնում եք, չէ՞, արդեն ավարտին հալվում է սառույցը Կալաֆի հանդեպ տածած տաք սիրուց»։ Իսկ թե մտավախություն չի՞ ունեցել այդ բարդագույն դերերգը ստանձնելիս, երգչուհու պատասխանը հետեւյալն էր. «Եթե կա վոկալ վարպետություն, ուրեմն կհաղթահարես։ Կուզեի նշել ռեժիսորի աշխատանքը՝ ոչ միայն ինձ հետ։ Նա թողնում էր ինքնուրույն մտածել կերպարի շուրջ, բացարձակ չէր ճնշում իր թելադրանքներով, թեեւ, բնականաբար, ուղղություն էր տալիս։ Կուզեի մի հանգամանք եւս առանձնացնել. Ստարոդուբցեւի վերաբերմունքն արտիստների նկատմամբ։ Նա շա՜տ հարգանքով, բարձր կուլտուրայով էր շփվում, ինչը ոչ պակաս կարեւոր գործոն է հենց ռեժիսորի աշխատանքում»։ Այս խոսքից հետո երգչուհին սահուն անդրադարձավ իր խաղընկերներին՝ անուն առ անուն նշելով նրանց։ Օրինակ՝ խոսելով Կալաֆի դերերգով հանդես եկած Հովհաննես Այվազյանի մասին, որը վաղուց ցանկալի հյուր է հեղինակավոր թատրոններում, նշեց, որ իր համար պատիվ էր ունենալ նման հրաշալի խաղընկեր. «Նա նույնիսկ իր հայացքով է օգնում, ուղղորդում, որ հաղթահարես ակամա ստեղծված որոշ դժվարություններ։ Նա պարզապես վարպետ է։ Իսկ, ասենք՝ Լիուի դերերգով հանդես եկող երիտասարդ Ջուլիանա Գրիգորյանը պարզապես հրաշալի երգչուհի է, խաղընկեր…»։ Հավելեց նաեւ, թե ավելորդ է խոսել ներկայացման «աչք ծակող» ճոխությունից, զգեստներից, ինչի ականատեսը եղավ հանդիսատեսը։
Աստղիկ Խանամիրյանն էլ մեզ հետ համակարծիք լինելով, որ այս դերերգն իր այցեքարտն է, նշեց, որ 2018-ին Սիցիլիայում կայացած միջազգային մրցույթում հաղթելուց հետո, որի ժյուրիի աշխատանքները ղեկավարում էր աշխարհահռչակ Մարչելո Ջորդանին եւ որտեղ հանդես է եկել Տուրանդոտի արիայով, 2019-ից սկսվել են իր շրջագայություններն այդ դերերգով։ Իսկ այն սկսվել է Պալերմոյի մեծ օպերային թատրոնում, այնուհետեւ Գերմանիա, Սլովակիա, Ֆինլանդիա, հիմա էլ Հայաստան։ Մեր զրուցակիցը մտաբերեց, որ Քյոլնում «Տուրանդոտը» ներկայացված է եղել ժամանակակից ռեժիսուրայով. «Տուրանդոտի կերպարը սկզբում ներկայացվում է տիկնիկի տեսքով՝ ինձ բեմ էին բերում արկղի մեջ։ Փաստորեն օպերայի երկու գործողությունների ընթացքում ես իմ երգելամասերը կատարում էի արկղի մեջ, տիկնիկի կերպարում։ Եվ միայն ներկայացման ավարտին այդ տիկնիկը վերածվում է Մառլեն Դիտրիխի կերպարին՝ եւ նմանությամբ, եւ որպես ազատ ու անկախ կին»։ Խնդրանքին՝ հնարավո՞ր է համեմատության եզրեր գտնել երեւանյան բեմադրության եւ իր խաղացած մյուս բեմարությունների միջեւ, երգչուհին ասաց, որ երեւանյանը մոտ է Հելսինկիում բեմադրվածին, ինչն իրականում կոմպոզիտորի՝ Պուչինիի պատկերացումն է։ «Ինձ շատ լավ էի զգում երեւանյան «Տուրանդոտում», ընդ որում՝ ոչ միայն շքեղ հանդերձանքի պատճառով, այլ նաեւ մնացած ատրիբուտների՝ բեմ, լույս…»,- ասաց Աստղիկ Խանամիրյանը։ Նշեց, որ դիտել է առաջին ներկայացումը եւ տպավորված է Աննա Այվազյանով. «Նա շա՜տ հմայիչ էր, վստահ էր մեկնաբանում դերերգը։ Դրանով նա կարող է դուրս գալ միջազգային բեմեր»։ Կարճատեւ զրույցի ընթացքում երգչուհին հայտնեց, որ Երեւանից մեկնելու է Գերմանիա՝ Էսսենի թատրոնում մարմնավորելու լեդի Մակբեթ՝ Վերդիի համանուն օպերայում, որին կհաջորդի իր մասնակցությունը Պուչինիի «Տոսկա» եւ Վերդիի «Աիդա» օպերաներին՝ գլխավոր դերերգերով, իսկ հետո՝ Քյոլն եւ այլն։ Այս պահին եվրոպական ճանաչված Stage Door եւ IOA պրոդյուսերական կենտրոնների արտիստ հայ երգչուհու խոսքով՝ «առաջին իսկ հնարավորության դեպքում մեծ սիրով, նույնիսկ ինչ-ինչ խնդիրներ հաղթահարելով, կվերադառնամ Երեւան՝ այստեղ բեմ բարձրանալու համար»։Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ.– Մենք էլ հավելենք բարձրարվեստ կատարումներով հանդես եկած մյուս դերակատարների անունները. Արմեն Բադալյան, Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան, Հովհաննես Անդրեասյան, Մերի Մովսիսյան, Աշոտ Ղանթարջյան, Գրիգոր Աբրահամյան, Ռոման Խնկոյան, Արտակ Մելքոնյան, Տիգրան Օհանյան, Աշոտ Ղանթարջյան, Գեւորգ Մաղաքյան, Արման Առաքելյան, Գրիգոր Աբրահամյան եւ Գառնիկ Եղիազարյան:
«Առավոտ» օրաթերթ
02.08.2023