Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից` ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:
6 ամսվա աշխատանքների մասին Սլավիկ Սարգսյանի ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, նրա բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է իր թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը:
«Ցանկացած օրենք, որոշում որքան էլ որ ընդունելի լինի հասարակության կողմից, լայն կիրառություն չի ստանա ու լավ արդյունք չի տա, եթե չկա բավարար վերահսկողություն: Ուստի շատ կարևոր է տեսչական մարմնի տեղին և ադեկվատ վերահսկողությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու Սլավիկ Սարգսյանին հորդորել մեկ ամսվա ընթացքում գրավոր քարտեզագրել ու տեսչական մարմնի խորհրդին ներկայացնել առաջիկա անելիքները:
Կարդացեք նաև