Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրենք Փալոն. «Ալիեւը կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքում»

Օգոստոս 02,2023 23:50

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան` բուժման նպատակով։ Նրանք` [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ, այսպիսով, վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմներին: Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունենում օգոստոսի 1-ին Սլովակիայի [մայրաքաղաք] Բրատիսլավայում կայանալիք Արցախի (Լեռնային Ղարաբաղ – խմբ.) ղեկավարության հետ ծրագրված բանակցություններից Ալիևի ռեժիմի դուրս գալուց մի քանի օր անց»,- մասնավորապես, հայտարարել է Փալոնը։

Ըստ հայկական հանձնախմբի համանախագահի, Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար: «Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքներում կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան պարեն, բժշկական պարագաներ և էներգակիրներ։ «Սա միջազգային իրավունքի խախտում է, և Ալիևի վարչակարգի կողմից [իրականացվող] էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, ներառյալ` Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Կոչ եմ անում պետքարտուղարությանը օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ դնելու համար»,- եզրափակել է կոնգրեսականը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031