2020 թվականին հրապարակված մարդկային կապիտալի համաթվի համաձայն՝ տարրական դպրոցն ավարտած սովորողների շուրջ երեսուն տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստերը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն Գոռ Կարապետյանը։
-Սա Հայաստանի մասին է, և կոչվում է ֆունկցիոնալ անգրագիտություն, որը Կասկադում, Հյուսիսային պողոտայում կամ Աբովյան փողոցում հնարավոր է չնկատենք, բայց կա։ ԿԳՄՍ նախարարը «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասել էր, որ սովորողներն, ամբողջությամբ անցնելով 12-ամյա հանրակրթությամբ, եթե լավ սովորեն, ապա իրենց կարողությունները կկարողանան իրացնել 57 տոկոսով կամ կեսից մի փոքր ավելի։ Եվ իր ձևակերպմամբ՝ դպրոցն ավարտելուց հետո նրանք մնում են կիսամարդ կամ կիսաքաղաքացի։ Մենք ունենք ենթամշակութային, փողոցային հասկացողություններ և տարրեր, որոնք մեր երիտասարդությանն ուղղակի ոչնչացնում են։ «Jazz business» միջոցառումը նաև ի պաշտպանություն երիտասարդների է։ Սա փորձ է նաև ինչ-որ առումով մեղմելու մեր կրթական համակարգի բացերը,- նշեց Գոռ Կարապետյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ