2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված լեյտենանտ Աշոտ Շահբազյանի եղբայրը զավակ է ունեցել, որին կոչել են նրա անունով։ Փոքրիկը ծնվել է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում՝ 3 կիլոգրամ 200 գրամ քաշով։
Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիաննա Շահբազյանը, որը տատիկ է դարձել, արտասվում էր՝ թե՛ սփոփանք չունեցող վշտից և թե՛ ուրախությունից։ Որդու կորստի ցավի հետ չհամակերպվող մայրը, սակայն, սկսել է ժպտալ․ փոքրիկ Աշոտն արտաքինով շատ նման է անվան տիրոջը։ Տատիկը երազում է, որ բնավորությամբ էլ նման լինի։
Աշոտ Շահբազյանը Ախուրյանից է, նա նահատակվել էր Ջաբրայիլում։ Նրա հայրն ու հորեղբայրներն էլ արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներ են, ազատամարտիկներ։ Հերոս Աշոտ Շահբազյանը կրում էր պատերազմում ընկած իր հորեղբոր անունը։
«Որդիս զոհվեց Ջաբրայիլում՝ իր զինվորների հետ․ ո՛չ զինվորներն են լքել իրեն, ո՛չ էլ ինքը զինվորներին, կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Երկու «Մարտական խաչի» ասպետ է որդիս, ստացել է թե՛ Հայաստանի Հանրապետությունից և թե՛ Արցախի Հանրապետությունից։ Ոսկրածուծի դոնոր է եղել, երբ ուսանող էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Թոռնիկս շատ նման է որդուս։ Հարազատներից ով տեսել է փոքրիկ Աշոտին, ասում է՝ այ քեզ նմանություն։ Որդիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո վիճակահանության անգամ չմասնակցեց, կամովի ընտրեց Ջաբրայիլը։ Ասի՝ Աշոտ ջան, ինչո՞ւ Ջաբրայիլը, ասաց՝ մամ ջան, ես գիտեմ՝ ուր եմ գնում ու ինչի համար եմ գնում։ Տղաս գժի պես սիրում էր Լելե Թեփե բարձունքը։ Ասում էր՝ մամ, ես այստեղից պիտի նայեմ Արցախին, էնքան սիրուն տեղ է, մի կողմից Իրանն է երևում, մյուս կողմից՝ Ադրբեջանը ու իմ Հայաստանը։ Ասում էր նման բարձունք գոյություն չունի։
Կարդացեք նաև
Աշոտս ուրիշ մարդ էր, Աստված տա թոռս իր նման լինի։ Մի անգամ Նոր Տարվան եկավ, արձակուրդ էր վերցրել, զանգեցին իրեն, իրերը հավաքեց, որ գնա։ Ասի՝ մի գնա էլի, ասաց՝ մամ, ի՞նչ ես ասում, ոնց չգնամ, կներեք, ես պիտի գնամ, եթե զանգել եմ, ուրեմն իմ կարիքն ունեն։ Ես զգացի, որ հայրենիքը գերադասեց իր ընտանիքից։ Ես հրաշք որդի եմ կորցրել։ Որդիս երբեմն գալիս է երազում, նույնիսկ ինձ զգուշացրեց, որ 44-օրյա պատերազմ է լինելու։ Պատմում էի երազս ու ապշում, Աշոտս երազումս եկավ, շատ վատ վիճակում էր։ Ասի՝ Աշոտ ջան, ինձ էլ տար, երբ ինձ տանում ես, ուժ ես ստանում, լավ վիճակում չես, ասաց՝ չէ, մամ ջան, մի շաբաթից իմ դատը կավարտվի (այդ ընթացքում դատ էր ընթանում՝ կապված քառօրյա պատերազմի հետ), ու ինձ լիքը զինվորներ կտան։ Ասաց՝ նույնիսկ ժամանակ չեմ ունենա տուն գալու։ Երազիցս մեկ շաբաթ հետո քառյօրայի դատն ավարտվեց, ու սկսվեց 44-օրյա պատերազմը։ Բոլորն ասում էին՝ հիմա դա երա՞զ է, թե՞ մարգարեություն։
Դրանից հետո իրեն չէի տեսնում, մի անգամ նորից եկավ երազիս, քառօրյա պատերազմի զինվորները մանկան տեսքով եկան իմ մոտ ու սպիտակ շորերով մի մարդ, երևի Հիսուսն էր։ Հարցրեցի Աշոտին, թե ո՞վ է այդ մարդը, չար մարդ է, հա՞, ասաց՝ չէ, մամ ջան, ինքը էնքան լավ մարդ է, կթույլատրի, որ բոլորս տուն վերադառնանք։ Տուն գալը հենց իմ թոռնիկն է, որ ծնվեց։ 3 տարի սպասել ենք։
Աշոտիս անունով թաղամաս կա Ախուրյանում, համայնքապետարանի հետևի հատվածում շենքեր կառուցեցին, այդ թաղամասը կոչեցին որդուս անվամբ։ Մեզ էլ այդտեղից բնակարանով ապահովեցին, այդտեղ իր մեծ հուշարձանն է։ Փողոցը՝ թաղամասով, իր անվամբ է»։
Փոքրիկ Աշոտի մայրն էլ՝ Տաթև Շահբազյանն էլ ասաց, որ երբեք չի տեսել տեգրոջը, բայց միշտ հերոսապատումներ է լսել նրա մասին։
«Երբ ծնվեց փոքրիկս ու բժիշկն ասաց՝ Աշոտը ծնվեց, անբացատրելի բան զգացի։ Աշոտին չեմ տեսել, բայց էնքան են իր մասին պատմել, կարծես ողջ կյանքս ճանաչած լինեմ։ Միշտ պատմում են, որ Աշոտը նվիրյալ զինվորական է եղել, իր կյանքը չի պատկերացրել առանց զինվորների։ Ամուսնացած չէր, ամուսնուս մեծ եղբայրն է, երկու եղբայր են։ Հպարտ եմ, որ որդիս կրելու է հորեղբոր անունը, թող մեծանա՝ իր հորեղբորը նմանվելով, ինչպես որ ինձ ներկայացնում են տեգրոջս, կուզենամ, որ որդիս էլ այդպիսին լինի՝ սիրի և՛ հայրենիքը և՛ընտանիքը։
Իմ առաջնեկն է, մենք՝ հայ մայրերս, պարտավոր ենք լրացնել նահատակված հերոսների տեղը, պիտի շատ զավակներ ունենանք»,-ասաց Տաթև Շահբազյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ