Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս անձ օժանդակել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից վատնում կատարելուն. նրանց մասով նախաքննությունն ավարտվել է

Օգոստոս 02,2023 17:06

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով 4 դրվագով վատնում կատարելուն օժանդակելու վերաբերյալ նախաքննությունը:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.-ն 2014-2018 թվականների ընթացքում ընկերության տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի,  ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի  օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, 2015թ. նոյեմբերի 2-ին կայացած գնման ընթացակարգով մրցույթի ժամանակ  նախկին տնօրենի հանձնարարությամբ հանդերձանքի և անկողնային պարագաների գնման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստում ներառվել են բժշկական կենտրոնի փոխտնօրենի կողմից նախապես կազմված գնման առարկան և դրանց տեխնիկական բնութագրերը: Բուժկենտրոնի փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերության կողմից մրցույթի հրավերի 1-ից մինչև 20-րդ չափաբաժիններով ներկայացվել է ընդհանուր 49.839.000 ՀՀ դրամ գնային առաջարկ, իսկ մեկ այլ մասնակցի՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` 27.260.000 ՀՀ դրամ գնային առաջարկ:

Քննությամբ հիմնավորվել է, որ մրցույթում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Ա/Ձ-ին ընթացակարգից դուրս մղելու և առավելագույն գնային առաջարկ ներկայացրած հիշյալ ՍՊ ընկերությանն առաջին տեղ զբաղեցրած ճանաչելու դիտավորությամբ, դեռևս մինչև ամփոփման նիստ հրավիրելը, ԲԿ աշխատակից Հ.Հ.-ն նվազագույն գնաառաջարկ ներկայացրած ԱՁ-ին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ վերջինիս ներկայացրած հայտը մերժված լինելու վերաբերյալ:

Այնուհետև, Հ.Հ.-ն և փոխտնօրեն Ա.Ծ.-ն ակնհայտ կեղծ զեկուցագիր են ներկայացրել գնահատող հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ին այն մասին, որ հրավերի բոլոր չափաբաժիններով ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ԱՁ-ի կողմից չեն ներկայացվել պահանջված տեխնիկական բնութագրերը։ Ա.Մ.-ն հանձնարարել է ապահովել ապրանքների ձեռք բերման գործընթացը, և գնահատող հանձնաժողովը, ձայների մեծամասնությամբ, շուկայական արժեքից 22.579.000 ՀՀ դրամ ակնհայտ բարձր գնային առաջարկով, առաջին տեղ զբաղեցրած մասնակից է ճանաչել փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերությանը՝ վերջինիս հետ կնքելով հանդերձանքի և անկողնային պարագաների ձեռք բերման գնման պայմանագիր:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Ա.Մ.-ի կողմից նույնաբնույթ եղանակով 3.343.756, 4.950.000 և 2.944.100 ՀՀ դրամի հափշտակություններին վերոնշյալ 3 անձանց, ինչպես նաև բուժհաստատության ևս մեկ այլ աշխատակից Կ․Ղ․-ի կողմից օժանդակելու այլ դրվագներ ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԲԿ-ի աշխատակից Հ.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին/ (3 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/ (1 դրվագ),

ԲԿ-ի փոխտնօրեն Ա.Ծ.-ի նկատմամբ` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով(1 դրվագ),

անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

ԲԿ-ի աշխատակից Կ.Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթից անջատվել է Ա.Մ.-ի կողմից վատնում կատարելուն հանցակցություն ունեցած հիշյալ չորս անձանց վերաբերյալ մասը, և վարույթի նյութերը, տվյալ չորս անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:

Ա․Մ․-ի մասով, նաև վերջինիս կողմից այլ չարաշահումներ կատարելու առնչությամբ վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031