Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները չեն փորձում մատաղ անել Հայաստանը, շրջափակման առաջին օրը հայտարարել են, որ եթե Հայաստանի ինքնիշխանության պահպանման գինը սա է, պատրաստ են այդ զրկանքները կրել»․ Ժիրայր Ազիզյան

Օգոստոս 02,2023 17:19

 «Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու բանակցությանը։ Փոխարենը տեղեկություն կա, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն ուզում են, որ Եվլախում կայանա հանդիպումը։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները եւ Եվլախում հանդիպում կազմակերպելու առաջարկը։

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ ոչ թե Ադրբեջանն ու Ռուսաստանն են փորձում ստիպել արցախյան կողմին այդ հանդիպումն անցկացնել Եվլախում կամ ադրբեջանական մեկ այլ քաղաքում, այլ Ադրբեջանն է փորձում ստիպել արցախյան կողմին։ Եվ բնական է, որ դա փորձում է անել Ռուսաստանի միջոցով։ Իսկ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել նման հանդիպում։ Եվ, բնական է, որ հանդիպման ձեւաչափի ու մնացած հարցերի հետ կապված ռուսական կողմը լսելու է կողմերի առաջարկները, փորձելու է հնարավոր ամեն ինչ անել, որ ինքը լինի միջնորդ կողմը եւ իր միջնորդությամբ տեղի ունենա այդ հանդիպումը, բանակցությունները եւ որոշակի պայմանավորվածությունները հենց իր միջնորդությամբ ձեռք բերվեն։ Ռուսաստանը փորձելու է այդպիսով գործընթացից դուրս թողնել արեւմտյան բլոկին՝ կլինի դա բրյուսելյան հարթակը, թե վաշինգթոնյան։

Այո, Ադրբեջանը փորձում է հրաժարվել արեւմտյան բլոկի կողմից առաջարկվող ձեւաչափով հանդիպումներից՝ փոխարենն իր համար ընտրելով ավելի շահեկան ձեւաչափ եւ փորձելով խախտել բանակցային գործընթացի ձեւաչափը եւ տրամաբանությունը։ Ցավոք սրտի, այսօր շատերը կարծում են, որ Ադրբեջանը գալու է եւ հավասարը հավասարի տրամաբանությամբ է նստելու բանակցությունների սեղանին, լինելու են փոխադարձ առաջարկներ, կոմպրոմիսներ, բայց ադրբեջանական կողմն առաջ է բերում մի օրակարգ, որտեղ ներկայացված են բացառապես պահանջներ։ Ադրբեջանական կողմն իր բազմաթիվ հայտարարություններում էլ նշել է, որ որեւէ կերպ չի պատրաստվում նույնիսկ քննարկել արցախահայության առանձին իրավունքների եւ անվտանգության ինչ-որ հարցեր։ Եվ ըստ իս՝ չպետք է մտածել, որ այդ տրամաբանության մեջ Ադրբեջանի կողմից առաջարկած այդ հանդիպումների ընթացքում որեւէ հաջողություն մենք կարող ենք ունենալ։

-Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում, դիմելով արցախցիներին, ասաց․ «Ի՞նչ եք ուզում, ուզում եք Հայաստանի ինքնիշխանությունը մատա՞ղ անեք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք։ Ուզում եք՝ Հայաստանի պետությունը մատաղ անե՞ք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք։ Չեք կարող, բացառված բան է»։ Այսինքն՝ նա շրջանառության մեջ է դնում թեզ, որ Արցախը հանձնելով՝ իբր հնարավոր է լինելու պահել հայկական պետականությունը։ Արդյոք դա այդպե՞ս է։

-Եթե դա իրապես այդպես լիներ, ապա այսօր ադրբեջանական զորքերը չէին գտնվի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս չէին հայտարարի, որ տարածքային նկրտումներ ունեն Հայաստանի տարածքների, ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։ Կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկացել է, որ իրականում դա այդպես չէ։ Պարզապես նա ունի ներքին այդպիսի համոզմունք, որ Արցախը տալով՝ հնարավոր կլինի նվազեցնել ադրբեջանական նոր էսկալացիան, ագրեսիան։ Բայց նվազեցնել ռիսկը, դա չի նշանակում բացառել։ Այսինքն՝ ինքն էլ վստահ չէ, որ Արցախը զիջելով՝ 100 տոկոսանոց երաշխիք կլինի, որ Ադրբեջանը չի դիմելու նոր էսկալացիաների, պատերազմ չի սկսելու։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ վաղը մենք ստիպված ենք լինելու նոր զիջումների գնալ։ Եվ ամեն անգամ այսպես զիջելով՝ մենք կորցնելու ենք ամեն ինչ, ընդհուպ՝ Հայաստանի սուվերենությունը։

Ընդհանուր առմամբ, ես պետք է նշեմ, որ արցախցիները որեւէ կերպ չեն փորձում մատաղացու սարքել Հայաստանի անկախությունը, սուվերենությունը, եւ Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար է, որ ի սկզբանե արցախցիները հայտարարություն արեցին։ Եթե հիշում եք, շրջափակման առաջին իսկ օրերին արցախցիները հայտարարել էին, որ եթե Հայաստանի ինքնիշխանության պահպանման գինը սա է լինելու, ապա մենք պատրաստ ենք այս զրկանքները կրել։

Եվ ես՝ որպես արցախցի, նաեւ շատ գիտակից արցախցիներ, միանշանակ կարող են պնդել, որ եթե մենք ունենայինք այն վստահությունը, որ Արցախի հանձնմամբ փրկվում է Հայոց պետականությունը, ապա այս առումով գուցեեւ կարելի էր մտածել։ Բայց մենք նույնիսկ մեկ տոկոս կասկած չունենք, որ այդ զիջման հետեւանքով լինելու են նոր պահանջներ։ Այսօր էլ կան այդ պահանջները, եւ Ադրբեջանը փորձելու է հասնել այդ պահանջների կատարմանը։

-Արցախցիները ցույցեր արեցին Երեւանում, անդրադառնալով այդ զարգացումներին՝ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները կազմակերպում են, որ Երեւանում ճանապարհներ փակեն։ Ադրբեջանական գործառո՞ւյթ են իրականացնում Երեւանի կենտրոնում»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Այդ ցույցերի հետ կապված հասարակական կարգի խախտման միտում ունեցող որեւէ գործողություն չի եղել, փողոցներ չեն փակվել, կազմակերպվել է համապատասխան թույլտվությամբ։ Այդ ակցիաները զուտ իրազեկման նպատակ ու գործառույթ են ունեցել։ Դրանք կազմակերպվել են ՄԱԿ-ի գրասենյակի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների դիմաց։ Ինչպես նաեւ այս օրերին Երեւանում «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության դիմաց են անցկացվում ցույցեր, քանի որ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը, ունենալով որոշակի պարտավորություններ, այսօր չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները։ Պահանջը հետեւյալն է, որպեսզի տվյալ կազմակերպությունները սկսեն գործել, խոսքից անցնեն գործի եւ ավելի կոնկրետ քայլերի միջոցով ադրբեջանական կողմին ստիպեն բացել մայր Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

Չէի ցանկանա մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որովհետեւ իրականում այդ մեկնաբանությունը ադեկվատ ու կոռեկտ չէ, ուստիեւ կարիք չկա մեկնաբանության։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ժիրայր Ազիզյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031