Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներն այսօր գտնվում են այն ցեղասպան քաղաքականության էպիկենտրոնում, որն իրականացնում է Ալիեւի բռնապետական ռեժիմը ամբողջ հայ ժողովրդի դեմ»․ Նարեկ Այվազյան.

Օգոստոս 02,2023 16:50

Հուլիսի 19-ից «Բացում» նախաձեռնությունը ամբողջական պաշարման մեջ գտնվող Արցախին աջակցելու նպատակով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հումանիտար բեռների հավաքագրում է իրականացնում:

Նախաձեռնության մասնակից Նարեկ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին օրը ընդամենը երկու տոպրակ մարդասիրական օգնություն կար, իսկ հիմա քանի տոննա է, կդժվարանա ասել: «Մենք դիմել ենք Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակին, որպեսզի իր միջոցներով տեղափոխումն իրականացնի, զբաղվի հումանիտար բեռների տեղափոխմամբ, որովհետեւ դա իր առաքելությունն է: Իսկ Արցախը, հայտնի է, որ գտնվում է հումանիտար աղետի մեջ ու ինչ-որ պահից կարող է նաեւ սով ու համաճարակ բռնկվել, ինչը կանխարգելելու նպատակով իրենք պետք է գործունեություն իրականացնեն:

Գետնի վրա խաղացող կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ու տեղի ունեցածը կանխարգելել, ինչից էլ առաջացել է այս իրավիճակը: Հենց դա էլ պատճառներից մեկն է, որ մենք եկել, ՄԱԿ գրասենյակին ենք դիմել, որովհետեւ ինքն ավելի բարձր ատյան է եւ ավելի բարձր դերակատարում ունի համաշխարհային գործընթացներում»,-ասաց Նարեկ Այվազյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ակցիան սկսելուց մեկ շաբաթ անց նախաձեռնությունը հանդիպում է ունեցել գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի հետ: «Առաջարկեցինք, որ իրենց կոնտակտներն օգտագործելով՝ Արցախից մեր հայրենակիցների վիճակի մասին իրենց անհերքելի փաստեր տրամադրենք, որպեսզի դրանք հասնեն Նյու-Յորքի իրենց գլխավոր գրասենյակ: Առաջարկը չմերժվեց ու արդեն այս երկուշաբթի օրը Արցախի մեր քաղաքացիներից ստացված տեղեկատվության մի զգալի չափաբաժին արդեն փոխանցել ենք: Այդ տեղեկատվությունն ավելի շատ շուկաներից էին խանութներից, որտեղ համատարած դատարկություն է տիրում: Հիմա աշխատում ենք «Տան պատմության» տեսանյութեր Նյու-Յորք ուղարկելու վրա: Արցախի մեր քաղաքացիներին խնդրել ենք, որ իրենց անուն ազգանունով բնակության վայրը նշելով տեսաձայնագրություններ պատրաստեն եւ մանրամասն ցույց տան իրենց ունեցած կամ չունեցած պաշարները, պատմեն, թե ինչի կարիք ունենք, առողջական ինչ խնդիրներ կան եւ ինչ են ակնկալում ՄԱԿ-ից:

Հեռանկարում ուզում ենք, որպեսզի արցախցիները անմիջական կապ ունենան Նյու-Յորքի հետ: Սա ենթադրում է մի քանի կարեւոր բան: Ձեւավորել Արցախի քաղաքացի-ՄԱԿ-ի նյույորքյան գլխամասային գրասենյակ կապ: Մենք դառնում ենք այդ կամուրջը եւ Արցախի քաղաքացին որոշակիորեն սուբյեկտայնանում է, դեմքով ճանաչելի դառնում: Այսինքն, նա չի ընկալվում որպես վիճակագրական ինչ-որ թիվ, որին խաղաղության, ճգնաժամերը կառավարելու նպատակով ստեղծված կազմակերպությունում տեսնեն դեմքով ու հետաքրքրվեն նրա ու այդ հասարակության իրական առօրյայով:

Եթե այս ցանկությունը կյանքի կոչել հաջողվի, Արցախի մեր հայրենակիցներն էլ վստահ կլինեն, որ իրենք միայնակ չեն, որ մենք միշտ կանգնած ենք Արցախի կողքին ու նրանց հետ միասին տառապանքի մեջ ենք՝ անկախ տվյալ պահին մեր գտնվելու վայրից: Պարզապես, արցախցիները այսօր գտնվում են այն ցեղասպան քաղաքականության էպիկենտրոնում, որն իրականացնում է Ալիեւի բռնապետական ռեժիմը ամբողջ հայ ժողովրդի դեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031