Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը եւ գնալով ազգային դավաճանության, հրաժարվում է իր ազգի մի մասից»․ Մարգարիտա Քարամյան

Օգոստոս 02,2023 16:26

«Արցախի խնդիրը հումանիտար չէ, քաղաքական է։ Մեզ ուղղակի պարտադրում են, որ ինտեգրվենք Ադրբեջանին, այսինքն՝ մեզ զրկում են մեր իրավունքներից, ինքնորոշման իրավունքից»,- այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Մարգարիտա Քարամյան

Ըստ նրա՝ Արցախում ստեղծված իրավիճակին նպաստել են նաեւ Հայաստանի վարչապետի հայտարարությունները։ «Քիչ է, որ նրանք հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատգամավորը հայտարարեց, որ «մենք Արցախն էլ ենք ճանաչում Ադրբեջանի կազմում»։ Բայց դրանով էլ չսահմանափակվեցին, փաստորեն վարչապետը հայտարարեց, որ եթե Արցախում պատերազմ սկսվի, Հայաստանը չի միջամտի։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրությունը եւ գնալով ազգային դավաճանության, նպաստում են, որ Արցախում ժողովրդին սպանդի ենթարկեն։ Եվ իրենք կողքից ուզում են կանգնել եւ նայել այդ ամենին։ Հայաստանի իշխանությունների տրամաբանությունն արդեն վաղուց չենք կարողանում մեկնաբանել, բայց այս վերջին հայտարարություններն արդեն նշանակում են, որ Հայաստանի իշխանություններն ուզուրպացված են, չեն ծառայում մեր ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովմանը։ Եվ մեր երկրում ուրիշ, նույնիսկ թշնամական երկրների շահերն են հետապնդվում»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանը նշեց, որ այսօր որոշել են ՌԴ դեսպանատան մոտ ցույց անել, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանը հետ կանչեց արցախցիներին՝ խոստանալով, որ ապահովելու է արցախցիների անվտանգությունն ու բարեկեցիկ կյանքը։ «Հետո մենք հասկացանք, որ Ռուսաստանը միշտ էլ հայկական պետականության դեմ օգտագործում է բլիթի եւ մտրակի քաղաքականությունը։ Տեսանք, որ հետագայում Ռուսաստանն այլ քաղաքականություն է վարում, չնայած իմ սերնդի համար ոչ մի նոր բան չկա, հիմա Ռուսաստանը կրկնում է այն, ինչ արել է 1990-ական թվականներին ադրբեջանաբնակ հայության հանդեպ։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանի հայկական բնակավայրերում ոչ մի հայ չի ապրում։ Այսինքն՝ այս հայաթափման քաղաքականությունն իրենք վարում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեկտեղ եւ համագործակցում են այս հարցով։ Հիմա Ռուսաստանն, ըստ երևույթին, անցել է ավելի կոշտ քայլերի։

Մոտ 10 օր առաջ մենք եղել ենք Հակարիի կամրջի մոտ եւ ֆիքսել ենք, որ այն ճանապարհի վրա, որը պետք է գտնվի Ռուսաստանի խաղաղապահ զորքերի տիրապետության տակ, ոչ մի ռուս զինվոր չկար։ Եվ մեզ համար արդեն պարզ էր, որ այդ ճանապարհն էլ է հանձնված ադրբեջանցիներին։ Եվ ապացույցը չուշացավ, մենք տեսանք, որ Կարմիր խաչի մեքենայի միջից արդեն մարդ առեւանգեցին ռուս զինվորի աչքի առաջ։ Այսինքն՝ հիմա արդեն Ռուսաստանը ստանձնել է Արցախի հայաթափման դերը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեկտեղ։ Մենք շատ լավ գիտենք, որ հենց Ռուսաստանն է Թուրքիային բերել Արցախ, ինքը Թուրքիային եւ միջազգային ահաբեկիչներին բերել է Հադրութ, մեզ հանել է մեր տներից, հիմա մեր տներում ապրում են ահաբեկիչները։

Երեկ նորից հայ են առեւանգել, որն ապրում էր Հին Շեն գյուղում։ Այդ գյուղը գտնվում է այն ճանապարհի վրա, որը վերահսկում է Ռուսաստանը։ Այսինքն՝ էլի Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող տարածքից հայ են առեւանգել։ Ադրբեջանը հայտարարել է, որ հատել են իր պետական սահմանը։ Հիմա եթե ինքը համարում է, որ Լաչինի շրջանը, ամբողջ Արցախը Ադրբեջանի տարածքն է, ո՞նց է այդ մարդը հատել սահմանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է, որ կա Արցախի եւ Ադրբեջանի սահման։ Հիմա մենք եկել ենք ՌԴ դեսպանատուն՝ հասկանալու, այս երկիրը, որն ստանձնել է արցախահայության անվտանգության ապահովումը, ինքն ուզո՞ւմ է կատարել իր պարտավորությունները, թե» եկել է, որ էլի մեզ հանձնի Ադրբեջանին։ Սա ենք ուզում մենք պարզել»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ նույն իրավիճակը եղել է 1990-ական թվականներին։ «Այն ժամանակ մենք պայման դրեցինք՝ եթե դուք չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, ուրեմն մեզ տվեք ձեր զենքերը, մենք կպաշտպանենք մեր երեխաներին։ Հիմա մենք նորից եկել հասել ենք այս հանգրվանին»,- հավելեց նա։

Քարամյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրավասություն՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խախտում է Հայաստանի Սահմանադրությունը եւ Անկախության հռչակագիրը, որում նշված է նաեւ միացման որոշման մասին։ «Եվ 30 տարվա ընթացքում Հայաստանն իր վրա ստանձնել է արցախահայության անվտանգության ապահովման գործառույթը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը եւ վարելով հակահայ քաղաքականություն, հրաժարվում է իր ազգի մի մասից, որոնք ունեն հայկական անձնագրեր»,- ընդգծեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031