Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պողոսյան. «Արցախում սով է, բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է»

Օգոստոս 02,2023 16:08

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ հուլիսի 17-ից սկսյալ՝ «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության անդամները շարունակում են չընդհատվող հացադուլը:

Aravot.am-ն այսօր զրուցեց հացադուլավոր Լիլիթ Պողոսյանի հետ: «Կան հարցեր, որոնք առնչվում են ազգային շահերին ու ցանկացած քաղաքացի, անկախ մասնագիտությունից, պետք է ամեն ինչ ծառայեցնի ազգայինին: Ներկա պահին Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, Արցախում սով է: Բայց արցախաբնակ մեր հայրենակիցները չեն տրտնջում, անգամ դանակը ոսկորին հասած վիճակում, ինչպիսին հիմա է, չեն տրտնջում: Վիճակը ծայրահեղ ծանր է հատկապես Ստեփանակերտում ու շրջկենտրոններում: Ու այդ վիճակն էլ ավելի է ծանրացնում տեղաշարժի խնդիրը, այն հանգամանքը, որ վառելիք չկա: Գյուղական համայնքներում հողից ստացված բարիքը մարդիկ չեն կարողանում հասցնել անգամ իրենց հարազատներին: Կրկնում եմ, արցախցիները սովի են մատնված: Պաշարված ամրոցում ինչպե՞ս է լինում. X քանակությամբ պաշարն Y ժամանակում սպառվում է չէ՞, եթե որեւէ տեղից ներկրում չկա:

Զարթնել է պետք: Սա քաղաքացիական նախաձեռնություն է սրտացավ մարդկանց նախաձեռնություն եւ անկախ քաղաքական ուղղվածությունից, նախասիրություններից ու համոզմունքներից, մարդը ի վերջո պետք է զարթնի: Անտարբերությունը, որ կա, անթույլատրելի է: Պետք է հասկանալ մի պարզ բան, որ ներկա պահին Արցախում որոշվում է Հայաստանի ճակատագիրը: Ու սա չափազանցություն չէ Դա իրականությունն է:

Հայաստանում հանգիստ իրենց կյանքով ապրող մարդիկ, հատկապես մայրերը, պատկերացնո՞ւմ են, որ Արցախում երեխան արդեն որքան երկար ժամանակ է նորմալ սնունդ, ոչ մի քաղցրավենիք, անգամ մեկ հատ կոնֆետ չի տեսնում, բայց ուզում է: Հայաստանում պատկերացնո՞ւմ են Արցախում ապրող մայրերի ցավը, որ ամեն օր ապրում են: Հայաստանում սրճարաններում նստած տղամարդիկ պատկերացնո՞ւմ են արցախցի տղամարդու ապրումները, որ ուժը տեղն է, բայց աշխատանք այլեւս չունի, որ հղի կնոջ համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ ապահովել ի վիճակի չէ, որ երեկոյան տուն է գնում ձեռնունայն ու ամաչում է նայել ծնողների, զավակների, ընտանիքի անդամների աչքերին: Հաստատ չեն պատկերացնում: Որ չեն պատկերացնում նաեւ, որ այսպես շարունակվելու դեպքում նույնը լինելու է իրենց, իրենց ծնողների, կնոջ ու երեխաների հետ»,-ասաց հացադուլի մասնակիցը:

Լիլիթ Պողոսյանը նաեւ ասաց, որ ժամանակ առ ժամանակ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողները մոտենում են իրենց, հետաքրքրվում ակցիայով, միայն նայում են լուսանկարների բալիկներին, ափսոսանք, ցավ ու մտահոգություն հայտնում եւ ասում, որ պետք է ճնշումը մեծացնել, ավելի մեծ թվով մասնակցություն ապահովել, որպեսզի իրենց աշխատանքն ավելի առարկայական լինի: Այս համատեքստում Լիլիթը նաեւ ասաց, որ իրեն անկեղծորեն հունից հանում են Սարյան փողոցի սրճարաններում ու զվարճանքի կենտրոններում անհոգ իրենց ժամանակը սպանող երիտասարդները, եւ որ ինքը աշխատում է այդ կողմերում չլինել՝ այդ տեսարանները չտեսնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031