Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան․ «Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հնազանդության կոչ էր Արցախի իշխանություններին»

Օգոստոս 02,2023 15:48

«Այս միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության ներքո: Միջազգային իրավունքն, իհարկե, ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարեւոր են եւ նպաստում են, որպեսզի հանցագործները կանգնեն արդարադատության առջեւ եւ կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար մենք միջազգային իրավունքում ունենք հանձնման, արտահանձնման եւ փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինեն պետությունները»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետից Վագիֆ Խաչատրյանի առեւանգմանը։

Սահակյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա այդ հանցագործին տարածքային իրավազորություն կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի Հայաստանի, Ռուսաստանի իշխանությունների, եւ ինչու ոչ, «Ինտերպոլի» հետ համագործակցության արդյունքում։

«Նախ՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն տվեց, որ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց Հայաստանի ՄԻՊ-ի կողմից: Միջազգային հետախուզման ձախողված փորձեր ունեցել է Ադրբեջանը՝ Ինտերպոլը մերժել է Ադրբեջանի՝ միջազգային հետախուզման խնդրանքն՝ այն որակելով քաղաքական։ Վագիֆ Խաչատրյանի պարագայում Ադրբեջանը ոչ թե գնաց իրավական համագործակցելու ճանապարհով, այլ նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որեւէ տեղեկատվություն չտրամադրեց Կարմիր Խաչին, եւ Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով, արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեության ճանապարհով բերեց Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալեց: Մարդու իրավունքների տեսանկյունից սա համարվում է արտակարգ հանձնում: Արտակարգ հանձնումը խախտում է մի շարք իրավունքներ՝ նախեւառաջ անձնական ազատության իրավունքն է, խոշտանգումների վտանգ կա արտակարգ հանձնման զոհ դարձած քաղաքացիների մասով։ Ամենակարեւորը, որ միջազգային մարդու իրավունքների իրավունքը բացառում է արդար դատաքննությունը: Որովհետեւ եթե տվյալ երկրի քրեական, դատական մարմինների իրավազորությանը բերվել է ապօրինի կերպով, ստացվում է, որ այդ դատարաններն օրինական ընդդատություն չունեն տվյալ գործի նկատմամբ եւ սա նշանակում է, որ ողջ քրեական հետապնդումն ու արդար դատաքննության իրավունքը արատավորված է»,-ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետեւ ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի խախտմամբ եւ մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արդյոք Կարմիր խաչը կարող էր կանխել Խաչատրյանի առեւանգումը, այս հարցին ի պատասխան Սահակյանն ասաց՝ որոշակի տեղեկատվական պակաս ունենք, որը պետք է լրացնի Կարմիր խաչը՝ թափանցիկություն ապահովելով․ «Երկու հնարավոր տարբերակ կա՝ Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման ներքո գտնվող անձանց ցուցակում՝ գտնվող անձի մասին Ադրբեջանն առնվազն պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչ միջազգային կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որը կարող է ձերբակալվել. «Սրանով Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, եւ Կարմիր խաչը դրա մասին պետք է տեղեկացներ ընտանիքի անդամներին եւ անձին եւ միայն գիտակցված համաձայնության պարագայում իրականացներ դա: Ես առավել քան վստահ եմ, որ նման տեղեկատվություն չի եղել։ Երկրորդ տարբերակը՝ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն չի տրամադրել Կարմիր խաչին, որին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: Այլ պայմաններում Ադրբեջանը կարող էր օրինակ հատուկ օպերացիա իրականացնել՝ իր հատուկ ջոկատայիններին մտցներ, որպեսզի առեւանգեին եւ տանեին Ադրբեջան, ինչը ռեսուրսատար էր։ Գնացել են խաբեության ճանապարհով։ Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի ձեւով փորձեր տեղում միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչեւ բարձր օղակներ: Այսինքն՝ միջադեպի վաղ փուլից այս հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որպեսզի միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո այս միջադեպը կանխվեր: Եթե նույնիսկ այդ պահին բացահայտ, կամայական եւ արհամարհական են գործել Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի մանդատի նկատմամբ, ապա Կարմիր խաչը պարտավոր էր, ոչ թե փաստերի շուրջ մեկնաբանություն տալ, այլ պարտավոր էր արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների եւ Կարմիր խաչի օգտագործման վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել կարմիր խաչի մանդատին եւ ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու Կարմիր խաչի գործունեության խոչընդոտները»։

Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը տակտիկական նկատառումներով անընդհատ ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ առհասարակ անհնարին դարձնի Կարմիր Խաչի գործունեությունը Ադրբեջանում, նրանք գերզգուշավոր դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում:

Մանրամասն՝ տեսանյութում

Սահակյանն անդրադառնալով Կարմիր Խաչի հայտարարությանն, ըստ որի՝ հանդիպել են Խաչատրյանի հետ, որը կապվել է հարազատների հետ, ինչը հարազատները հերքել են, ասաց ՝ նման դրական տեղեկատվություն տրամադրելը որոշակի գոհացնող գործունեություն է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին․ «Բայց հնարավոր է՝ հաղորդակցման սխալ է եղել։ Օրինակ՝ այդ հաղորդագրությունն ընկալվել է, որ Վագիֆ Խաչատրյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, որը այդպես չէ, մյուս կողմից Կարմիր խաչն ընդգծում է հաղորդակցվելու հնարավորության ապահովումը։ Այսինքն` Կարմիր խաչի այցի ընթացքում ապահովվել է պայման, որպեսզի Վագիֆ Խաչատրյանը կապ հաստատի ընտանիքի անդամների հետ, սակայն Վագիֆ Խաչատրյանն այդ հնարավորությունից չի օգտվել, որի արդյունքում հաղորդակցություն չի եղել։ Մենք չունենք տեղեկատվություն, թե ինչ պատճառներով անձը պետք է հրաժարվեր խիստ հարազատ եւ հոգեբանական աջակցություն ապահովող ընտանիքի հետ զրույցից։ Արդյոք անձը գտնվել է պատշաճ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում այդ որոշումը կայացնելու ժամանակ, թե՞ կամքի ազատ կամարտահայտության սահմանափակումների եւ հարկադրանքի ներքո զրկվել է այդ երաշխիքի օգտագործումից, այստեղ դարձյալ լռություն է, որը արդարացված չէ»։

Սահակյանի դիտարկմամբ՝ այս միջադեպը հեռահար նպատակ է հետապնդում, եւ բացի այն, որ անմեղ քաղաքացիների իրավունքներն ու շահերն են անմիջականորեն շոշափվում, սա մի գործողություն է, որը հնազանդության կոչ էր Արցախի իշխանություններին․«Իզոլացման պայմաններում, մենք հասկանում ենք, որ եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն կենսագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որը միջազգային հանցագործություն է։ Բայց այս հանցագործությանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ուղի ապահովելու ճանապարհով ապահովել որոշ անձանց կյանքը։ Այսինքն, հարկադիր իրենց բնակավայրը լքելու, ինքնությունը փոխելու ճանապարհով արցախցիների մի մասը կարող էր Հայաստան տեղափոխվել կամ այլ երկիր։ Հիմա քանի որ միջանցքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ մարդասիրական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները դարձել են անզոր, Ադրբեջանը միջանցքով անցման ընթացքում կարող է ձերբակալել եւ կամայական գործողություն իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում՝ Արցախում որոշում կայացնող քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ»։

Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առեւանգվել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունների կողմից։ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031