Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հայտարարում է, որ փախստականների հարցով պետական քաղաքականություն չունի, սա ի՞նչ մեսիջ էր Իլհամին, որ 120 հազարի՞ն էլ կարող ես դարձնել փախստական»․ Մարիամ Ավագյան

Օգոստոս 02,2023 15:30

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը կայացած հանդիպումից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահ Մարիամ Ավագյանը լրագրողներին մանրամասներ ներկայացրեց։

«Մեր հանդիպումն ի սկզբանե կապված է եղել ապրիլի 29-ի մեր համագումարի կոչ- հայտարարության հետ, որ հայ փախստականների իրավաքաղաքական խնդիրները սրված են։ Եվ հայ հին ու նոր փախստականները, ունենալով իրենց հայրենիք վերադարձի իրավունք, այդ իրավունքն արգելափակված է Բաքվի ֆաշիստական բնույթով։ Իսկ հիմա արդեն նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը արգելափակված է նրանով, որ 6-րդ կետը չի աշխատում։ Այսինքն՝ Բերձորի՝ միջազգային կարգավիճակով միջանցքը չի գործում։ Զրույց եղավ դեսպանի գլխավոր խորհրդականի հետ, մենք ներկայացրեցինք, որ փաստացի իրավիճակն այնքան է սրվել Արցախի Հանրապետության ներսում, որ սպասվում է նոր Սումգայիթ։ Կասկածի տակ դրվեց խաղաղապահների հնարավորությունը, որ իրենք կամ չեն կարողանում միջանցքը բացել, կամ էլ հրահանգ չունեն։ Մենք իրենց մեղադրեինք այն բանի համար, որ հորինված «էկոակտիվիստներին» դեռ այն ժամանակ խաղաղ պետք էր ճանապարհ դնել դեպի Բաքու, իրենց էկոխնդիրների մասին թող բարձրաձայնեին Բաքվում։ Մենք խնդիր դրեցինք, որ եթե խաղաղապահն ի վիճակի չէ, ապա թող դիմի Հայաստանի իշխանություններին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին, եւ համատեղ ուժերով փրկեն Արցախի 120 հազար ժողովրդին»,- ասաց նա։

Մարիամ Ավագյանը նշեց, որ ՌԴ դեսպանատանը հիշեցրել են, որ Արցախի Հանրապետությունը սուբյեկտայնություն ունի, օժտված է սուբյեկտայնությամբ, բայց նրա տարածքներն օկուպացված են։ Եվ այդ օկուպացիայի պատճառով այս պահին 30 հազար փախստական կա Արցախի Հանրապետությունից։ «Մենք հարցրեցինք՝ արդյոք իրենք պատրա՞ստ են եւս 120 հազար փախստականներ ձեւավորել Արցախի Հանրապետությունից եւ մարդկանց դուրս հանել այնտեղից, թե՞ իրենք իրենց խոսքին տեր են կանգնելու, պահելու են իրենց վարկանիշն ու կարգավիճակը եւ բացելու են Բերձորի միջանցքը։ Մեզ հետ նույնիսկ դեսպանը չհանդիպեց, դեսպանի գլխավոր խորհրդականն էր։ Նա սկզբում փորձ արեց ամբողջ մեղքը դնել հայկական իշխանությունների վրա։ Մենք հայտարարեցինք, որ հայկական իշխանությունները պատերազմից հետո գտնվում են մեծ ճնշման տակ, եւ ենթադրում ենք, որ ճնշողը հենց Ռուսաստանն է։ Եվ ի հեճուկս հայկական շահերի՝ մեր իշխանությունները հաճախ կատարում են Ռուսաստանի պահանջները։ Եվ այն հայտարարությունը, որ իբրեւ Արցախը Ադրբեջան է, դա բանավոր ու հակասահմանադրական հայտարարություն է, եւ այդ հայտարարությունը ճնշման տակ է արված, հավանաբար ինչ-որ բանով վախեցրել եք, դրա համար էլ նման անհեթեթ ու հակասահմանադրական հայտարարություն է արվել»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Նա հավելեց, որ այս մեկ հանդիպումը բավարար չէր, գործնական քայլերի առաջարկով նամակ պետք է ձեւակերպեն եւ դիմեն Ռուսաստանի Դաշնությանը։ Անհրաժեշտության դեպքում այդ առաջարկները պետք է ուղարկվեն նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ իշխանություններին՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություններ, եւ ՄԱԿ-ին։ «Կփորձենք, որ մեր պահանջները լինեն ավելի կոնկրետ ու գործնական։ Այսինքն՝ ընդհուպ մինչեւ պահանջ պետք է դնենք, որ ռուսական խաղաղապահը պարտավոր է օգտագործել զենք, բայց չի անում։ Դա մեզ համար խիստ կասկածելի իրավիճակ է ստեղծում, եւ մեր վստահությունը ռուս խաղաղապահների նկատմամբ անվերջ նվազում է»,- ասաց նա։

Ըստ Ավագյանի՝ շեշտը պետք է դնել պետական ու հանրային դիվանագիտության ակտիվացման վրա, հայկական դիվանագիտությունը ռեալ հողի վրա շատ քիչ բան է արել, դրա համար մեր կեցվածքն այսօր պարտվողական է։ «Պատերազմի օրերին Շուշիի տակ թուրքը հայի մի մեքենայի վրա գրում է՝ Սումգայիթ ու երկու կողմերում դնում է ֆաշիստական նշաններ։ Աշխարհը չգիտի, թե ինչ բան է Սումգայիթ, թուրքը գիտի, որ Սումգայիթը քաղաք չէ, դա երեւույթ է, իսկ աշխարհը չի հասկանում։ Հիմա հայ երիտասարդները չգիտեն, թե ինչ է Սումգայիթ, որովհետեւ հայկական դպրոցներում, բուհերում այնպիսի համակարգ է, որ հայ երեխան չգիտի ինչ բան է Սումգայիթը։ Այսինքն՝ իրավիճակները պետք է բացահայտենք նախ հայության համար ու հետո աշխարհի համար, աշխարհը պետք է իմանա, որ Սումգայիթը դա այն է, երբ բաց էլեկտրական սալիկի վրա մանկահասակ երեխայի են խորովում։ Ես դա անձամբ եմ տեսել 1989 թվականի սեպտեմբերին։ Ինչո՞ւ է այսօր մեր վարչապետը ԶԼՄ-ներով հայտարարում՝ զգույշ խոսեք, ուղիղ եթեր է, դրսից էլ են մեզ լսում։ Հետո ուղիղ հայտարարում է, որ Բաքուն ունի պետական քաղաքականություն փախստականների հարցով, ես չունեմ, չեմ ունենալու։ Սա ի՞նչ բան է, սա ի՞նչ մեսիջ էր Իլհամին, որ 120 հազարի՞ն էլ կարող ես դարձնել փախստական»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031