Ռուսաստանի համար անհասկանալի են քննարկումները Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին հնարավոր որոշման վերաբերյալ` հատկապես հաշվի առնելով ներկա ծայրահեղ բարդ հումանիտար իրավիճակը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ մամուլի ասուլիսում արված հայտարարությունների:
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական ճանաչելուց հետո կրկնակի անտեղի են Մոսկվայի հասցեին մեղադրանքները, թե բավարար ջանքեր չեն գործադրվում: Ավելին, Զախարովան հարցրել է. գուցե խաղաղապահների հեռանալու վերաբերյալ դատողությունները Հայաստանի վարչապետի՞ ցանկությունն են:
«Մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում: Դա և՛ գերիների փոխանակությունն է, և՛ ականազերծումը, և՛ միջադեպերի կարգավորումը, և՛ հումանիտար օգնության ցուցաբերումը: Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսանկյունից դա անպիտան, անցանկալի գործողություն է, և նրանք ցանկանում են, որ դա չլինի: Պետք է կողմնորոշվել»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ բազմիցս Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները զբաղեցնում են բազմանշանակ դիրքորոշում մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մոսկվան ուզում է, որ խաղաղապահների գործունեության մասով բազմանշանակություն չլինի:
Կարդացեք նաև
«Բառերի աճպարարությունը լավ բանի չի հանգեցնի: Բարձրագույն մակարդակով բազմիցս նշվել է, որ ռուս խաղաղապահ առաքելության առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտադրվել է նրա գործունեության պահանջարկը իրավիճակը կայունացման գործում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ամենը կասկածի տակ դնելու նմանատիպ փորձերը միայն հարցեր են առաջացնում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ