Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն խոստացավ արագ պատասխանել «Երկիր մեդիային» եւ «Ֆասթ մեդիային»

Օգոստոս 02,2023 15:07

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր լսեց hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը։ Հայտեր էին ներկայացրել երկու ընկերություն՝ «Հուսաբեր» («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն) եւ «ՎԻՎԱՌՈ մեդիա», որը մոտ մեկ ամիս առաջ՝ 2023-ի հունիսին վերանվանվել է «Ֆասթ մեդիա» (Fast Media):

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հայտում մանրամասն ներկայացված է 19 տարվա գործունեությունը՝ 2003-ին հիմնադրվել է, 2004-ի մայիսի 28-ին սկսել է 24-ժամյա հեռարձակումը։ Հեռուստաընկերության հիմնական սկզբունքներն են․ որակյալ հաղորդումներ, կարծիքների բազմազանություն։ «Երկիր մեդիան» խոստացել էր եւ սեփական 13 հաղորդմանն ավելացրել է եւս 9-ը։ Այս 22-ում կան բազմազան հաղորդումներ՝ բանավեճեր, տեղեկատվական, սոցիալական, մշակութային, Հայաստանի մարզերի կյանք եւ այլն։ Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչ Բագրատ Եսայանի, եթերում քննարկվում են մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, լինում են պատմական անդրադարձեր։

Նոր հայտում «Երկիր մեդիան» խոստանում է եւս 10 հաղորդմամբ (սպորտային, ժամանցային-զվարճալի, հայկական խոհանոց եւ այլն) հարստացնել եթերը, սրանցից 4-ի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը շատ ցածր էր գնահատել «Երկիր մեդիայի» նախորդ հայտում ներկայացված տեխնիկական հագեցվածության մակարդակը։ Նոր հայտում հեռուստաընկերությունը ներկայացրել է տեխնիկական թարմացված եւ նոր միջոցների ցանկը, որոնց օգնությամբ կարողանալու է առավել որակյալ պատկեր եւ ձայն ապահովել։

«Երկիր մեդիան» ունի 73 աշխատակից, 80 տոկոսը՝ բարձրագույն կրթությամբ կամ բուհերում սովորող ուսանողներ։ Ղեկավարությունը նախատեսում է աշխատողների թիվն ավելացնել 30, իսկ աշխատավարձերը՝ 50 տոկոսով։ «Երկիր մեդիան» համագործակցում է գերմանական, ամերիկյան, կանադական, ավստրալիական հեռուստաընկերությունների հետ, զարգացնում է համացանցային հեռարձակման կարողությունները։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ «Երկիր մեդիայի» եթերում եղել են քրեական ենթամշակույթին բնորոշ բաղկացուցիչներով (բառապաշար եւ այլն) ֆիլմեր, այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը պաշտոնապես դեմ է արտահայտվում քրեական ենթամշակույթին։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը տուգանել է հեռուստաընկերությանը, վերջինս դիմել է դատարան, իսկ ՀՌՀ-ում «Երկիր մեդիայի» ներկայացուցիչ Բագրատ Եսայանն ասաց, որ իրենք չեն խուսափում հասարակության մեջ գոյություն ունեցող հարցերը նաեւ հեռուստասերիալներով ներկայացնել։ «Երկիր մեդիայով» հեռարձակված, քրեական ենթամշակույթին եւ բարքերին բնորոշ բաղկացուցիչներով «Կոռուպցիա» սերիալի 24 սերիան դիտել է 22 միլիոն մարդ, հեռուստաընկերությունը ներկայացնում է իրականությունը եւ ուզում է ցույց տալ, որ փողոցային «ռազբիրատով» պետք չի ապրել, եւ աշխարհայացք ձեւավորել, դա արժեք չէ, վերջում բարին է հաղթում։

«Ֆասթ մեդիան» («ՎԻՎԱՌՈ մեդիա») հիմնադրվել է 2020 թվականին, եթեր է հեռարձակվել մեկ տարի անց՝ 2021-ին, ներկայացնում է բացառապես սպորտային բովանդակությամբ հաղորդումներ։ Այսօր ընկերությունն ունի «ամենակարեւոր սպորտային ուղղությունների լավագույն պայմանագրերը»՝ 21 միջազգային կազմակերպության հետ՝ UEFA եւ այլն, ներկայացնում է ոչ միայն հայ մարզիկներին, Հայաստանում տարածված մարզաձեւերը, այլ նաեւ մեր հանրապետությունում առանձնապես չտարածված մարզաձեւերը՝ օրինակ` ամերիկյան ֆուտբոլ։ Հեռուստաընկերությունը համագործակցության պայմանագրեր ունի նաեւ Հայաստանի սպորտային բոլոր ֆեդերացիաների հետ եւ ցուցադրում է հանրապետական բոլոր առաջնությունները։

«Ֆասթ մեդիայի» ներկայացուցիչ Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ այսօր ունեն 11 սեփական հաղորդում՝ սպորտային լուրեր, հայկական սպորտի, մանկապատանեկան սպորտի, ձեռքբերումներ գրանցած սպորտի հայ վարպետների մասին, հարցազրույցներ աշխարհահռչակ մարզիչների հետ եւ այլն։ Հեռուստաընկերությունը իր աշխատանքով փորձում է երիտասարդներին ներգրավվել սպորտի եւ առողջ ապրելակերպի մեջ։

Հիմնադրման պահին հեռուստաընկերությունը տեխնիկական հագեցվածության վրա ծախսել է 1,5 միլիարդ դրամ, «Ֆասթ մեդիան» ունի 2 շարժական հեռուստակայան, յուրաքանչյուրը 8 տեսախցիկով։ Այս տարի հեռուստաընկերությունը եւս 160 միլիոն դրամի ներդրում է արել։ Հեռուստաընկերության 3 լրագրող վարպետության դաս է անցել UEFA-ում, երկու օպերատոր՝ ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությունում։ Հեռուստաընկերության աշխատավարձի ֆոնդը տարեկան 1,3 միլիարդ դրամ է, տարեկան բյուջեն՝ 5,2 միլիարդ դրամ։ Ընկերությունը մտադիր է դառնալ տարածաշրջանային հեռարձակող։

«Ֆասթ մեդիա» դարձած «ՎԻՎԱՌՈ մեդիան» կապ չունի «ՎԻՎԱՌՈ» բուքմեյքերական ընկերության գործունեության հետ, ամբողջությամբ առանձին են։ Ավելին՝ «Ֆասթ մեդիան» ցուցադրում է խաղամոլության վտանգների մասին հոլովակներ։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մտահոգ էր հայկական սպորտի լուսաբանման հնարավոր անտեսման հարցով․ կա՞ երաշխիք, որ արտոնագիր ստանալուց հետո «Ֆասթ մեդիան» չի անտեսի տեղական՝ հայկական սպորտը եւ կենտրոնանալ առավելապես դրսի վրա։ Եթե ուզում ես դառնալ մարզական ուղղվածության հեռուստաընկերությունների միջազգային ընտանիքի անդամ, ինչին ձգտում է «Ֆասթ մեդիան», ապա անպայման պետք է անդրադառնաս նաեւ տեղական սպորտին, նկատեց հեռուստաընկերության ներկայացուցիչ Մարգարիտա Գրիգորյանը։ Ի հավելումն՝ «Ֆասթ մեդիան» մեր սպորտը ներկայացնելու պարտավորություն է ստանձնել UEFA-ի առաջ։

«Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի համաձայն, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 60 օր ունի հայտերն ուսումնասիրելու եւ գնահատելու համար։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ասաց, որ 40-45 օրում կուսումնասիրեն, կհամեմատեն, հարկ եղած դեպքում հարցումներ կուղարկեն ու առավելագույնս ազնիվ, անաչառ գնահատական կտան։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031