44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեցին դեսպանատանը։ Հանդիպումից հետո «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողներին ասաց, որ իրենց ընդունել է դեսպանի գլխավոր խորհրդականը։
«Մեր կողմից ամեն ինչ բացեիբաց ասվեց։ Ասացինք, որ Ռուսաստան այսօր մեր հանդեպ բարիդրացիական քաղաքականություն չի վարում, Լաչինի միջանցքում իր պարտականությունները չի կատարում։ Հարցրեցինք, թե հետագայում ինչպե՞ս են տեսնում իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։ Ուզո՞ւմ են արդյոք Ղարաբաղում ստանալ երկրորդ Նախիջեւան, որը 1920 թվականին լիիրավ տիրոջ իրավունքով իրենք հանձնել են Ադրբեջանին, բայց հիմա մուտք էլ չունեն այնտեղ։ Այդ մարդը պատասխանեց, որ որոշ հարցերի չի կարող պատասխանել։ Այդ հարցերից մեկն այն էր, որ ես ասացի՝ շուտով տեսնում եմ, որ Զանգեզուրում հայ-ադրբեջանական կռիվ է սկսվելու, Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է լինելու։ Ասաց, որ չի պատկերացնում, թե Ռուսաստանն ինչ է անելու։ Երբ մեր հարցերը բոլորը բարձրացրեցինք, նա ասաց՝ մեր համակարգը բյուրոկրատական է, խորհուրդ եմ տալիս ձեր բարձրացրած հարցրերը նամակով գրեք եւ փոխանցեք։ Ես ասացի, որ նամակում լինելու է երկու հստակ պահանջ՝ Բերձորի միջանցքի արագ ապաշրջափակում եւ աշխատանքներ հայկական Արցախը ճանաչելու ուղղությամբ։ Ես իրենց տեղյակ պահեցի, հասկացրեցի, որ եթե Արցախը հայկական չլինի, Արցախում ու Հայաստան հայ չի մնալու։ Ինչքան էլ ռուսներն ու հայերը հայտարարեն, որ բարեկամներ են, մի քանի տասնամյակ հետո ռուսներն Անդրկովկասում հայ չեն ճարելու, որ հետը բարեկամություն անեն։ Մարդու պատասխաններից, արձագանքից հասկացվում էր, որ մտահոգ է, ինքն էլ է հասկանում մեր բարձրացրած հարցերը»,- նշեց Լեւոն Հայրյանը։
Նա հավելեց․ «Ես հարցրեցի՝ բազմաթիվ անգամ հակառուսական տրամադրություններ եմ հայտնել, ինչո՞ւ մի անգամ չեք հետաքրքրվել, թե ինչից են մեզ մոտ առաջացել այդ հակառուս տրամադրությունները։ Չէ՞ որ մի ժամանակ բոլորս նույն պետության քաղաքացիներ էինք, եւ այս դեսպանատունը միակ վայրն է, որտեղ առանց թարգմանչի ենք հաղորդակցվում։ Ուզենք-չուզենք ընդհանուր պատմություն ունենք, բայց դուք խորտակում եք այդ պատմությունը, ձեր ապագան էլ եք խորտակում, մերն էլ, խնդրում ենք հստակեցրեք ձեր հարաբերությունները հայերի հետ։ Ասաց՝ հիմա վիճակը վատանում է, կարող է պատահի այնտեղ ուշադրություն դարձնեն։ Իրենց ուղղված Մարգարիտա Քարամյանի նամակում գրել էինք, որ Բերձորի միջանցքում ռուս խաղաղապահ չկա։ Հանդիպման ժամանակ այդ անձը հարցրեց՝ ինչո՞ւ եք նման բան գրել, ասացինք՝ լավ ենք արել, չկար, բարձրաձայնում ենք»։
Կարդացեք նաև
Հայրյանի խոսքով՝ Ռուսաստանի դեսպանատանն իրենց ասել են, որ Նիկոլ Փաշինյան արեւմտամետ է։ «Ես էլ ասացի՝ մեր ականջներին լապշա չկախեք, Փաշինյանից ավելի ռուսամետ ղեկավար մենք չենք ունեցել, չենք էլ ունենալու։ Դուք սարքել եք արեւմտամետ։ Ասաց՝ բա եվրոպական դիտորդներ է բերել, ասացինք՝ ինքը չի բերել, առանց իր ասելու են եկել։ Ահա այսպիսի անկեղծ զրույց ունեցանք։ Ասել ենք, որ պետք է պարզություն մտցնեք մեր հարաբերություններում, Զանգեզուրում կռիվ է սկսելու, Ռուսաստանի դիրքորոշումը հստակեցրեք։ Ասաց՝ ի՞նչ կռիվ է լինելու, ո՞վ է կռվելու։ Ասացի՝ ես եմ կռվելու, հարցրեց՝ բաց զենք որտեղի՞ց։ Ասացի՝ առանց զենք ենք կռվելու, ինչպես 1991 թվականին առանց զենք կռվել ենք, այդպես էլ կռվելու ենք, կռվի համար զենք պետք չէ, ցանկություն է պետք։ Այսինքն՝ էլի փորձում են մեզ վախեցնել՝ դուք չեք կարող կռվել։ Մենք էլ հասկացրեցինք, որ այսպիսի բարեկամություն չի լինում՝ կամ փոխում եք ձեր բարեկամությունը, կամ էլ ամեն ինչ ավարտվում է»,- նշեց նա։
Հանդիպման մասնակիցները նաեւ բարձրացրել են հարցը, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել անվտանգությունը, թող հայտարարի այդ մասին, արցախցիները կդիմեն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային եւ աջակցություն կխնդրեն։ «Ասաց՝ Ադրբեջանը մեզ խանգարում է։ Հարցրեցի՝ որեւէ անգամ Ադրբեջանին մեղադրե՞լ եք, ձեր լեքսիկոնում՝ նախագահից մինչեւ շարքային աշխատող, բառ չենք տեսել, որ Ադրբեջանին մեղադրեք»,- նշեց Հայրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ