Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը Երևանից պատասխանի է սպասում դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի շուրջ. Ռուսաստանի ԱԳՆ

Օգոստոս 02,2023 13:52

ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցի քննարկմանը, կազմակերպությունը Երևանից պատասխանի է սպասում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունները երբեք չեն ինքնաչեզոքացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը նպաստող ջանքերից և բազմիցս հաստատել են պատրաստակամությունը՝ հասնելու հստակ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ գործընկերների համար առավելագույն օգուտով գործարկել կազմակերպության լայն հնարավորությունները: Նախկինի պես ակնկալում ենք դրական արձագանք Երևանի կողմից և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքները Հայաստանի սահմանային շրջաններում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցառումներով»,- ասել է նա:

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա»:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ. մենք պատրաստ ենք այդպիսի կառուցողական աշխատանքի»,- ասել է նա:

Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են, որ արևմտյան երկրները փորձում են տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի մոտ դաշնակիցների, այդ թվում Հայաստանի վրա՝ «Ռուսաստանին և Հարավային Կովկասում նրա դիրքերին առավելագույն վնաս հասցնելու համար»:

«Այդ խնդրին հասնելու համար նրանք փորձում են խարխլել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, որոնք հենվում են, այդ թվում ՀԱՊԿ հնարավորությունների վրա: Հույս ունեմ, որ Երևանում դա լավ հասկանում են»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի հրամանով կարող է ցանկացած հարց լուծվել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից մեկն է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ հիմնված բանակցությունների, կողմերի միջև փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու նրանց պատրաստակամության, պատասխանատու որոշումներ ընդունելու և դրանք իրագործելու վրա: Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերակատարությունը, որ ունեն այդ բարդ գործընթացում Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Աղասանդյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031