Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը մտադիր է Հայաստանում բացել 6 օպերատիվ գրասենյակ ու այս պահին նման գրասենյակներ (հաբեր) կան Մարտունիում, Ջերմուկում եւ Գորիսում։ Այսօր՝ օգոստոսի 2-ին Կապանի գրասենյակի բացմանը հայտարարեց ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Կապանից հետո նման գրասենյակներ նախատեսում են բացել Եղեգնաձորում եւ Իջեւանում։
«Կապանի գրասենյակը շատ կարեւոր է մեր առաքելության համար՝ հաշվի առնելով մարզի ռազմավարական դիրքը։ Սա թույլ կտա ԵՄ առաքելությանն ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում, ավելի պարբերական դարձնել դիտարկումները եւ մարզի անվտանգային իրավիճակի մասին զեկույցները։ Այս գրասենյակը կկրճատի տարածությունն ու ժամանակը՝ մեր դիտարկման կետեր հասնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզը ծածկում էին Գորիսում գտնվող մեր դիտորդական թիմով»,-գրասենյակի բացմանը՝ Կապանում նշեց Մարկուս Ռիտերը։
Կարդացեք նաև
Բացի այն, որ այս գրասենյակի բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ Եվրոպական միությունը ջանքեր է գործադրում, ըստ Ռիտերի՝ գրասենյակը սյունեցիների մոտ կբարձրացն անվտանգության զգացումը։
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերի խոսքով, իրավիճակը հեշտ չէ, սակայն հույս ունի, Կապանում գրասենյակի բացումը կուժեղացնի սահմանային գոտիները դիտարկելու՝ ԵՄ Առաքելության կարողությունները եւ կբերի ավելի շատ խաղաղություն, ապահովություն եւ կայունություն տարածաշրջանում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր խոսքում կարեւորելով Կապանում գրասենյակի բացումը՝ շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին։ «Դիտորդական առաքելության ներկայությունը զսպող ազդեցություն կունենա սահմանի երկայնքով։ Ես մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունը իր աշխատանքը կկատարի այնպես, ինչպես ակնկալում է այստեղ բնակվող ժողովուրդը, իսկ արդյունքները սպասեցնել չեն տա»,- ասաց Սյունիքի մարզպետը։
Սյունիքի մարզկենտրոնում ԵՄ առաքելության գրասենյակի բացման արարողությանը մասնակցեցին ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ներկա էր նաեւ Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ