Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենա «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց՝ Իրանը Հայաստանի համար շատ կարեւոր եւ թիրախային երրորդ շուկան է՝ ամենաշատ զբոսաշրջիկներ ներգրավելու առումով։
«Այս փառատոնն օգնում է ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծել Հայաստանում, միջոցառումներ կազմակերպենք եւ կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Իրանից։ Սա երկրորդ տարին է։ Անցյալ տարի շատ հաջող է եղել, բավականին մեծ քանակի մասնակից է եղել։ Կարեւոր է, որ այն տեղի է ունենում մարզում, փորձում ենք զբոսաշրջիկներին տանել մարզեր, եկեղեցիները ցույց տանք»։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին էլ նշեց, որ նմանատիպ միջոցառում նախատեսվում է կազմակերպել նաեւ Իրանում։
Կարդացեք նաև
«Շեշտադրումը խոհանոցի վրա է, բայց աշխատել ենք հնարավորինս ներկայացնել Իրանի մշակույթը, հրավիրել ենք իրանցի ձեռագործ վարպետների։ Հետաքրքիր անակնկալ ունենք՝ ավանդական մարզաձեւի ներկայացուցիչներին ենք հրավիրվել։ Այս տարվա փառատոնը տարբերվող կլինի»,-ասաց Ալի Քիանին։
Ըստ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի էլ՝ հայկական եւ իրանական խոհանոցները որոշակի նմանություններ ունեն․ «Այդ նմանությունները հարստություն է, որով պետք է հարաբերվենք։ Ուրախ եմ, որ հատկապես մասնագիտական շրջանակում չկա լուրջ դիմակայություն այս առումով, հասկանում են, որ դա մեր ազգերի հարստությունն է։ Մենք ներկայացնելու ենք Նավասարդի տոնածիսական կերակրատեսակները, ամենակարեւորը Նավասարդի հարիսան է։ Նման կերակրատեսակ կա նաեւ Իրանում»։
Փառատոնը մեկնարկելու է 16:00-ին, խոհարարական մրցույթ է լինելու, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ են նախատեսված։ Փառատոնի եզրափակիչ մասը տեղի կունենա Երեւանում Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ