Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայրենիքը մեզնից անջատելու բոլո՛ր փորձերը պետք է ձախողվեն. իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը»

Օգոստոս 02,2023 13:38

ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը

ՀՅԴ ԱՄՆ արևելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հայտարարություն է տարածել նույն միության կենտրոնական վարչության անդամ Արենի Մարկոսյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ։ Հայտարարությունը ստորև.

Ավելի քան 24 ժամ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում պահելուց հետո, Հայ Երիտասարդաց Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ ընկերուհի Արենի Մարկոսյանին  հայտնել են, որ զրկվել է Հայաստան մուտք գործելու իրավունքից եւ Հայաստանում անցանկալի անձ է հռչակվել, առանց որեւէ հիմնավոր բացատրություն տրամադրելու:

Այս նենգ գործելաոճը, որ կիրառվում է ՀՀ ներկա իշխանությունների կողմից, նրա հակահայ դիրքավորման արտացոլումներից է եւ նպատակ ունի հնարավոր բոլոր միջոցներով եւ տարբեր մակարդակների վրա փորձել կասեցնել եւ խոչընդոտել Հ.Յ.Դ. Երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքները:

Հ.Յ.Դ. Երիտասարդականի անդամների կապը հայրենիքի հետ մշտական է եւ անքակտելի: Ընկերուհի Արենին պիտի ժամաներ Հայաստան, որպեսզի մասնակցություն ունենար Արարատ լեռնաուխտագնացությանը, որ կազմակերպվում է մի խումբ հայրենասեր լեռնագնացների կողմից: Հայության խորհրդանիշ լեռը բարձրանալու պատրաստակամ ընկերուհին, անցանկալի տարր է համարվել՝ սփյուռքի մեջ իր տարած ազգանվեր գործի համար եւ Դաշնակցական Երիտասարդականի գործոն անդամ լինելու պատճառով:

Միեւնույն ժամանակ Երեւանում իրականացվում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպությամբ «Ազգային Երիտասարդական Համաժողով», եւ այդ ֆոնին ազգային գործի լծված երիտասարդուհին զրկվում է հայրենիք մուտք գործելու իրավունքից: Այս հակասությունները պարզ են դարձնում ներկա իշխանավորների ազգայինի հետ աղերս չունենալու հանգամանքը եւ նրանց օրակարգի շարժիչ ուժը, որ ամբողջովին թշնամու շահերն են:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ արգելվել է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ ընկեր Մուրադ Փափազյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունէ Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ ընկեր Մասիս Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի եւ Հ.Յ.Դ. Հոլանդիայի կառույցի անդամ ընկեր Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան՝ կրկին առանց որեւէ բացատրության։

ՀՀ իշխանությունների հալածանքները, բռնաճնշումները եւ ապօրինի գործողությունները նրա անճարակության եւ վախկոտության հստակ ապացույցներ են: Այս ստորին գործելաոճի պատասխանը պետք է լինի Դաշնակցական երիտասարդության արմատավորված համոզումները, առավել ամրացումն ու հայ երիտասարդության արդար ընդվզումի ալիքները եւ համախմբվածությունը ազգային օրակարգի շուրջ:

Հ.Յ.Դ. երիտասարդականը անշեղորեն կմնա հավատարիմ իր հանձնառությանը եւ սկզբունքներին՝ հակառակ այս մեղապարտ վարչակազմի բոլո՛ր անարգ փորձերին։

Հայրենիքը մեզնից անջատելու բոլո՛ր փորձերը պետք է ձախողվեն, եւ պետք է բախվեն Դաշնակցական Երիտասարդական համահայկական ցանցի բուռն դիմադրության:

ՀՅԴ ԱՄՆ արևելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031