Այսօր քաղաքացիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով միջազգային գործընթաց սկսել եւ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան՝ վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել՝ հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանն ասաց՝ քանի որ Կարմիր խաչի երաշխավորության ներքո էր հայրը գալիս բուժում ստանալու, ուստի նրանք են առաջին պատասխանատուն հոր առեւանգման հարցում. «Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել: Միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում՝ նույնիսկ չնշելով, թե որ հիվանդանոցում: Տեսակցել են, հայրս գտնվում է լավ վիճակում: Սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ՝ ֆիզիկապես հայրս ինչ վիճակում է, հոգեպես արդեն հայտնի է: Ասում են՝ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե՛ ես, թե՛ հայրս, թե՛ ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, գիտենք ինչ ենք զգում միմյանց նկատմամբ: Դրա համար ինձ այժմ պետք է միայն տեսնել հորս՝ ինչ ֆիզիկական վիճակում է նա: Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում կամ միգուցե այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել հոր մասին: Յուրաքանչյուրը կարող է լինել իմ տեղը, այսօր ինձ, իմ քույրերին ու հարազատներին է վիճակվել այս ցավը: Կարմիր խաչը համարվում է մարդասիրական կազմակերպություն, թող ասեն՝ ինչ քայլեր են ձեռնարկվում»:
Հարցին՝ ՀՀ իշխանությունները կոչ են անում, որ արցախցիները Բաքվի հետ երկխոսեն, ադրբեջանցիներն էլ ասում են, թե կարող են Ղարաբաղի հայերը ապրել այդ տարածքում՝ որպես փոքրամասնություն, որպես արցախցի՝ ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է՝ Վերա Խաչատրյանը պատասխանեց. «Հայրս հենց հանդիսացավ այն ապացույցը, որ ամեն պահի, եթե կարողանան ձեռները հասցնել յուրաքանչյուր արցախահայի կամ առհասարակ հայի՝ անպայման վնաս են հասցնելու: Նրանց հետ ապրել ուղղակի անհնար է: Երեկ էլ մարդ են առեւանգել, յուրաքանչյուր օր է այդպես լինելու: Այսօր Արցախում մեր հարազատները հացի խնդիր ունեն, եւ սա միայն նրանց խնդիրը չէ: Մենք պետք է այդ հարցը շուտափույթ լուծենք, թե չէ այլեւս, որպես ազգ, չենք կարող գոյատեւել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ