Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան III պատերազմի ընթացքը քննող քննիչ հանձնաժողովի նիստում հանդես եկավ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ:
Այս կապակցությամբ մի քանի դիտարկումներ.
Դավիթ Տոնոյանի ելույթից ԴԺԳՈՀ ՄՆԱՑ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, որը երևի սպասում էր, թե պարոն Տոնոյանը պետք է ինչ-որ գերաղմկոտ բացահայտումներ կամ ցնցող հայտարարություններ աներ: Այս մասով սպասելիքները չարդարացան և ընդդիմության ներկայացուցիչների նյարդային ու Տոնոյանին այս կամ այն կերպ նվաստացնող արձագանքների պակաս վերջին ժամերին չեղավ: Ես, սակայն, այդ կերպ ՉԷԻ ՇՏԱՊԻ, մանավանդ, որ արվեցին հայտարարություններ, որոնք այնուհանդերձ դուր չէին կարող գալ գործող իշխանություններին և արդյունքում ընդդիմության օգտին էին:
Կարդացեք նաև
Այսպես, Դավիթ Տոնոյանն ամենից առաջ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ գործող իշխանության կողմից շահագործվող և իր համար գերկարևոր այն թեզին, թե մեր բանակը վատն էր (հայտնի «բանակ չենք ունեցել» թեզն է), իսկ արդյունքում էլ պարտությունն անխուսափելի կլիներ ցանկացած իշխանության պարագայում: Հասկանալի է, որ այս թեզն ուղղված է գործող իշխանության մեղքը առկա պարտության մեջ բացառելուն և պարտության հարցով վերջինիս արդարացնելուն: Դավիթ Տոնոյանը սրան դեմ դուրս եկավ, թեև բավականին ծավալուն կերպով նշեց նաև առկա թերությունների մասին, որոնք հանգում էին ամենից առաջ մոբիլիզացիոն բացթողումներին, բայց նաև՝ կառավարական խնդիրներին:
Մյուս կարևոր նետը, որ արձակվեց իշխանությունների դեմ, և սա գուցե նախորդից կարևոր է, դա այն թեզի արտահայտումն էր, որ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՂԱՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: Կապված վերևում ասվածի հետ՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեր բանակը իր ձևով ու չափով լավն էր, բայց թույլ տրված քաղաքական սխալների արդյունքում այդ բանակը դեմ դուրս եկավ մի ուժի, որին չէր կարող դիմադրել: Չասվեց, բայց կոնտեքստում հասկանալի է, որ այդ պարագայում առկա թերությունները բնականաբար ավելի են սրվում: Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՄԵՂԱԴՐԵՑ սեփական անխոհեմ քաղաքականությամբ «մեր վրա պատերազմ բերելու» մեջ,
Եվ վերջապես գործող իշխանությանը ոչ մի կերպ չի կարող դուր գալ նաև այն միտքը, որ այդքան թմբկահարվող 600 միլիարդ դրամի սպառազինության մի ստվար մասը բերվել է հայտնի Դավիթ Գալստյանի կողմից: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ իմաստով դա ևս «նախկինների» ՑԱՆԱԾ ՍԵՐՄԵՐՆ ԷԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՊՏՈՒՂ ՏՎԵՑԻՆ նոր իշխանությունների օրոք: Հայտարարվեց նաև, որ Ֆրանսիան ռազմական օգնություն չի առաջարկել, ՀԱԿՊ անդամ լինելը չի խանգարել Հայաստանի Հանրապետությանը Արևմուտքից զենքեր գնել, իսկ Թուրքիան էլ իր ուղիղ ֆիզիկական մասնակցությունն է ունեցել պատերազմին: Ակնարկներ արվեցին, որ լուրջ բաներ կան ասելու, կապված Շուշիի անկման, նոյեմբերի 9-ի հայտարարությունների և այլ դրվագների հետ:
Ավելի չեզոք թեմաներից հիշատակենք ամենից առաջ «ՍՈՒ-30»-ՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ, երբ տրվեց հիմնավոր պատասխան դրանց գնման նպատակահարմարության մասին: Այս պահով, չնայած, թերևս միայն կույր պետք է լինել չտեսնելու համար, թե ինչքան կարևոր է օդային գերակայությունը ժամանակակից պատերազմում, իսկ օդային գերակայության էլ կարելի է հասնել միայն օդում բազմաֆունցիոնալ կործանիչ ունենալու միջոցով:
Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ Դավիթ Տոնոյանը հստակորեն պաշտպանվում էր ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԻՐ ՄԱՍՈՎ և շատ մտքեր, որոնք հնչեցին, հնչել էին իր նախորդ հայտարարություններում: Միաժամանակ հարկ է նշել, որ պարոն Տոնոյանն ակնհայտորեն ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԷՐ, որը պարզ երևաց նրա ելույթի հատկապես սկզբում և վերջում, երբ նա հաճախ շփոթում էր պարզ բառեր (հրթիռ-ինքնաթիռ և այլն), երբեմն դժվար էր արտահայտվում, նույնիսկ մտքերն էր դժվար արտաբերում ու նյարդային շարժումներ էր անում: Ի դեպ, աչքի ընկավ «կիսվող ու վզից կախված» ակնոցը, որը պարոն Տոնոյանն անընդհատ հանում և դնում էր, ինչպես նաև պարզվեց, որ նրա աթոռը այնքան ամուր չէ, ինչքան պետք է՝ սա բառիս բուն իմաստով:
Ի՞նչ ասես, մարդը մնաց «երկրի և երկնքի մեջտեղում», երբ նրան իրենց պատճառներն ունեն չսիրելու և՛ իշխանության, և՛ ընդդիմության շարքերում…