Երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր, որ գոնե փակ նիստին մասնակցեն. «Շատ հարցեր, որոնք հրապարակային հնչեցվում են, այն հարցերը, որոնք ունեն չիմանալու բնույթ կամ ոչ կոմպետենտության բնույթ կամ քաղաքական ուղղորդված բնույթ, դա վերաբերում է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, գտնում եմ, որ պետք է ներկա լինեն։ Դա վերաբերում է Դաշնակցությանն ու Հանրապետական կուսակցությանը, քանի որ նրանք երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում են, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, նաեւ կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը։ Կարծում եմ՝ անվտանգության եւ պաշտպանության կազմակերպման հարցում իմ տրամադրած տեղեկատվությունը հետագա իրենց որոշումների համար կարեւոր է։ Հակառակ դեպքում, ես կխնդրեի այդ կուսակցության ներկայացուցիչներին այլեւս չարտահայտվել հրապարակային առնվազն իմ գործունեության հետ կապված»,- ասել էր Տոնոյանը:
Այսօր ընդդիմությունը դարձյալ ներկա չէր, ուստի Տոնոյանն արձանագրեց. «Հասկացա, որ կազմը չի փոփոխվել ու հաշվի առնելով իմ խնդրանքն ու դիմումը ընդդիմադիրների մասնակցության վերաբերյալ, ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարց է ու կորսված պահ է: Սա իմ գնահատականն է՝ ինչպիսի շահարկումներ էլ որ կշարունակեն լինել ընդդիմադիրների կողմից»:
Չէր եկել նաեւ զոհվածի հրավիրյալ ծնողը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խոսել է երեկ ծնողի հետ, նա հետեւել է քննարկմանը, Սամվել Բաբայանն էլ է նիստի ընթացքին հետեւել, բայց քանի որ Արցախում շրջափակման մեջ է, որոշակի հարցեր է փոխանցել, որոնք կհնչեցվեն փակ նիստում:
Կարդացեք նաև
Այժմ նիստն ընթանում է փակ ռեժիմով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ