Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանից մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ, Հայ Երիտասարդաց Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ:
«Երեկ առավոտից Արենի Մարկոսյանին առանց որեւէ հիմնավորման, առանց որեւէ բացատրության թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: Երեկ պատգամավորներով գնացինք օդանավակայան, սահմանապահները ոչ մի բացատրություն չէին տալիս, ժամերով կանգնեցրել են, թե աշխատանքային ժամին նոր բացատրություն կլինի: Նույնիսկ չեն էլ ասում, որ եթե մուտքն արգելում են, մարդուն վերադարձնում են իր ժամանման երկիրը՝ Լիբանա՞ն կամ իր քաղաքացիության երկիրը՝ ԱՄՆ, թե՞ ոչ»,- Aravot.am-ին փոխանցեց Գեղամ Մանուկյանը:
Հարցրինք՝ իսկ իրենք ինչ կասկածներ ունեն, ի՞նչ պատճառով Արենի Մարկոսյանին թույլ չեն տալիս մտնել Հայաստան: «Բնականաբար Արենի Մարկոսյանը դաշնակցության երիտասարդականի անդամ է, այս իշխանությունների սովորական ցուցակներն են՝ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու, որպեսզի Զարեհ Սինանյանը երիտասարդական համաժողով կազմակերպի»,-ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ