Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչու են կարեւոր Երեւանի ավագանու ընտրությունները

Օգոստոս 02,2023 10:00

Այսօր արդեն կարելի է կանխատեսել, թե ինչպես են իշխանությունները նախատեսում անցկացնել սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունները: Ընտրարշավի ժամանակ քարոզիչները փոշոտ դարակներից հանելու են «նախկինների» կմախքները եւ դրանցով վախեցնելու են մարդկանց: Քվեարկության ժամանակ, ճիշտ նույն «նախկինների» ոճով, օգտագործելու են վարչական լծակները եւ թաղի խուժանի (այսպես կոչված՝ «տասովշիկների») ներուժը:

Ի՞նչն է թույլ տալիս այդպիսի ենթադրություններ անելու: Նախեւառաջ՝ այն, որ այդ՝ հայտնի մեթոդներն արդեն իսկ կիրառվել են «Հայաքվեի» ստորագրահավաքի ժամանակ՝ չնայած խոսքն ընդամենը օրենսդրական նախաձեռնության մասին էր: Դե, իսկ «նախկինների» թեման հավերժ է. բոլոր նրանք, ովքեր իշխանության իրական (ոչ թե «դեկորատիվ») ընդդիմադիրներն են, անշուշտ, պետք է «կապ ունենան» Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ռուսաստանի կամ Հայաստանի նման ռեժիմների դեպքում իսկական ընտրություններ չպիտի լինեն, ցանկացած ընտրություն «համաժողովրդական լիդերին» աջակցություն հայտնելու միջոցառում է՝ քաղաքագետները դա անվանում են «ակլամացիա»: Ընդդիմադիրներ, բառիս «արեւմտյան» իմաստով, նույնպես նախատեսված չեն. պետք է լինեն ընտրությունների մասնակիցներ (Զյուգանովի եւ Ժիրինովսկու նման), որոնք իրենց ներկայությամբ լեգիտիմացնում են առաջին դեմքի կամ նրա ներկայացուցչի վերարտադրությունը: Իսկ եթե անգամ կան իշխանության ընդդիմախոսներ, ապա նրանք չեն կարող տեղական ծագում ունենալ՝ որտեղի՞ց Պուտինի կամ Փաշինյանի նման «սրբերն» ու «հանճարները» կարող են ձեռք բերել ներքին ընդդիմախոսներ: Նրանք կա՛մ «օտարերկրյա գործակալներ» են, կա՛մ «հինգերորդ շարասյուն»:

Այդ ամենը հաշվի առնելով` Երեւանի ավագանու ընտրությունները ես կարեւոր եմ համարում, որովհետեւ դրանք, կարծում եմ, կպատասխանեն առնվազն երեք հարցի.

1/ արդյո՞ք հասարակությունը (դրա զգալի մասը, որն ապրում է Երեւանում) հաշտվել է ազգային աղետ բերած իշխանության գոյության հետ,

2/ արդյո՞ք կենսունակ են տասնամյակներ շարունակ կիրառվող վերարտադրության մեթոդները,

3/ արդյո՞ք ընդդիմադիրները կկարողանան երեւանցիների ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի լրջագույն խնդիրների վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Անփորձ երեխայի ձեռքը լուցկի չի կարելի տալ, որը լուցկի վառել միայն գիտի, բայց դրանով կարող է իրեն եւ իր շրջապատին վնաս տալ: Սկզբից սովորեցրու լուցկու հետ ճիշտ վարվել, թող երեխան հասունության քննություն տա, հանձնի այդ քննությունը, հետո խնդրեմ, հասուն երեխան արդեն սուբյեկտ է, կարող է այնպիսի որոշում կայացնել, որը ոչ միայն չի վնասի իրեն եւ իր շրջապատին , այլեւ օգուտ կբերի իրեն եւ իր շրջապատին: Հիմա երեխայի տեղը գրենք քաղաքացի, իսկ լուցկու տեղը՝ իշխանություն.

    Անփորձ քաղաքացու ձեռքը իշխանություն չի կարելի տալ, որը միայն ընտրազամբյուղի մեջ ընտրաթերթիկ գցել գիտի, բայց դրանով կարող է իրեն եւ իր շրջապատին վնաս տալ: Սկզբից սովորեցրու իշխանության հետ ճիշտ վարվել, թող քաղաքացին հասունության քննություն տա, հանձնի այդ քննությունը, հետո խնդրեմ, հասուն քաղաքացին արդեն սուբյեկտ է, կարող է այնպիսի որոշում կայացնել, որը ոչ միայն չի վնասի իրեն եւ իր շրջապատին , այլեւ օգուտ կբերի իրեն եւ իր շրջապատին:

    Իրականում, իշխանության աղբյուրը պետք է լինի ժողովրդի հասուն մասը, որին ես անվանում եմ մտավորականություն, որն էլ պետք է իր միջից ընտրի իշխանություն, որն էլ իր հերթին արդեն իր իշխանական լծակներով պետք է կրթի ու դաստիարակի քաղաքականապես անչափահաս քաղաքացուն եւ նրանից դարձնի սուբյեկտ, միայն հասունության քննություն տալուց հետո միայն թույլ տալ մոտենալ ընտրազամբյուղին:

    Մտավորականությունը թող ընտրություններ անցկացնի, իր միջից ընտրի հասարակական իշխանություն եւ հասարակական հիմունքներով սկսի կրթել ու դաստարակել ժողովրդին, տա սուբյեկտայնության դասեր, հետո քննություններ անցկացնի եւ իր շարքերն ընդգրկի հասունացած ժողովրդին, որն էլ իր հերթին կսկսի զբաղվել անչափահաս քաղաքացիների կրթությամբ ու դաստիարակությամբ:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Համաձայն եմ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող Ձեր կանխատեսումների հետ: Դարձյալ, փաստերի վրա հիմնված մի կանխատեսում էլ իմ կողմից. նույնիսկ եթե ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չհաղթի, հաղթողի վրա կգտնվեն «կոմպրոմատներ», որոնց միջոցով ընտրությունների արդյունքները կչեղարկվեն:
    Ես, սակայն, չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունեն Ռուսաստանն ու Պուտինն այս ամենի հետ: Այսինքն, կապ գտնել հաստատ կարելի է, բայց արժե՞ ամեն առիթով անդրադառնալ իրենց «Կարթագենը պետք է կործանվի» սկզբունքով: Մեր այժմյան քաղաքական էլիտայի (մեղա, մեղա) մեջ եղանակ ստեղծողներրի գերակշիռ մեծամասնությունը, վարչապետը՝ ներառյալ, արևմտյան «ժողովրդավարական» ինստիտուտներից ներմուծված դրածոներ են: Նրանց հիմնական առաքելությունն այստեղ Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է, նաև Արցախի գնով: Ինչն էլ, ինչպես տեսնում ենք, անում են մեծ հաջողությամբ: Արդյոք դա բխու՞մ է մեր շահերից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031