Մինչեւ 44-օրյա պատերազմը երբեք մտքովս չէր անցնի իրար հետ կապել թալան եւ հայրենիք երեւույթները, սակայն այդ պատերազմը եւ դրանից հետո մեր օրերն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտորեն հաստատեցին ոչ միայն այդ, այլ նաեւ բազմապիսի այլ կապեր, որոնք նախկինում անակնկալի կբերեին ցանկացած նորմալ մտածող հայի: Ավելին, ես հասկացա, որ թալանը դավաճանության ընդլայնված տեսակն է, որը կարող է իր սարսափելի բացասական դերը խաղալ անգամ երկրների ոչ միայն պարտության, այլեւ նրանց կործանման հարցում …
Հատկապես, այս վերջին երեք տարիներին Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ինձ ամենաշատն անհանգստացնում էր այն իրողությունը, թե մեր ժողովրդի մի ստվար հատվածն ինչու է այսքան անտարբեր դարձել հատկապես մեր հայրենիքի՝ հայկական երկու պետությունների համար առաջացած սարսափելի իրավիճակի նկատմամբ: Իհարկե, եթե չլիներ 44-օրյա պատերազմի խայտառակ ու ամոթալի պարտությունը եւ իշխանությունների վախկոտ ու պարտվողական գործելակերպը՝ իրենց բոլոր վտանգավոր հետեւանքներով, ինչպես վերը նշեցի, երբեք մտքովս չէր անցնի նման բաղդատություններ անել, իսկ այժմ, երբ բանը բանից անցել եւ կանգնած ենք ամեն ինչ՝ Արցախը, Հայաստանը կորցնելու ռեալ վտանգի առջեւ, ապա պետք է ավելի հստակ ու ավելի լայն կտրվածքով վերլուծենք տեղի ունեցածն ու ունեցողը, իրերը կոչենք իրենց անուններով եւ որոնենք այս սարսափելի վիճակից դուրս գալու ուղիները, եթե իհարկե, դրանք դեռեւս գոյություն ունեն:
Հերթական անգամ փորձ անենք վերլուծելու եւ տեսնելու, թե հատկապես 44-օրյա պատերազմից սկսած՝ մինչ այսօր, ինչու է այդքան վատ գնում երկու հայկական պետությունների գործերը ու ինչպես կարելի է որեւէ կերպ՝ թեկուզ հրաշքով, փորձել փրկել նրանց: Գոնե, 1988-1994թթ.-ները ռեալ դաս ու ցուցանիշ էին մեզ համար. երբ ազգը միասնական էր, որի շնորհիվ հանպատրաստից ջախջախեցինք թշնամուն եւ ետ բերեցինք տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող ԼՂԻՄ-ի (հետագայում՝ Արցախ) մեր տարածքերը, քանզի մենք ազգովին միակամված էինք, հոգեպես շատ ուժեղ էինք եւ դրված էր կոնկրետ նպատակներ: Այն ժամանակ էլ հզոր Թուրքիան կար եւ նա անգամ ռիսկ չարեց միջամտել, քանզի ուժեղը միշտ ճիշտ է ու մեծ հարգանքի արժանի աշխարհի կողմից …
Տասնյակ տարիներ այդպես՝ իներցիայով, դիմակայեցինք (դա էլ հենց մեր մեծագույն սխալն էր), իսկ Ադրբեջանն այդ նույն ընթացքում օր օրի ուժեղացնում էր իր անվտանգային համակարգը, իր բանակը զինում էր նորագույն զենքերով ու ժամանակակից տեխնոլոգիաներով եւ հենց տեսավ, որ իր ատամը կկտրի, անմիջապես հարձակվեց Արցախի վրա ու 44 օր տեւած պատերազմում ջախջախիչ եւ նվաստացուցիչ պարտության մատնեց Հայաստանին, մեզ մատուցելով բազմապիսի ու տարաբնույթ կորուստների ու մեզ պարտադրեց սարսափելի նվաստացուցիչ կապիտուլյացիա: Այդ դաժան պատերազմի ընթացքում մենք այնքան բազմաթիվ մարտավարական ու ռազմավարական սխալներ թույլ տվեցինք, որ չնչին չափով անգամ դիմակայել չկարողացանք եւ արդյունքում ունեցանք սարսափելի կորուստներ՝ ընդհուպ Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին: Իհարկե, Ադրբեջանի թիկունքին կանգնած էր հզոր Թուրքիան եւ ամեն ինչով՝ ընդհուպ մեծաթիվ վարձկաններով, օգնում էր Ադրբեջանին, այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ադրբեջանն, այլ Թուրքիան էր պատերազմում Հայաստանի դեմ: Եվ ահա, այս անհավասար մարտում՝ փոխանակ միավորվելու, վերջին ճիգերը գործածելու եւ անհնարինն անելու թշնամու ուժերի դեմ, բազմաթիվ դավաճաններ ի հայտ եկան, որոնք ներսից՝ գրոշների դիմաց, օգնում էին թշնամուն, որն էլ իր հերթին իրադարձությունները տարավ հայկական կողմի խայտառակ պարտության: Այդ պատերազմն ինձ համար եղավ առաջին ազդակը, երբ սկսեցի լիարժեք հասկանալ, որ բացի երկու հայկական պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների մի շարք առանցքային սխալներից, մասսայական դավաճանությունները՝ ասել է, թե փողի նկատմամբ ունեցած մոլուցքը՝ թալանի ձգտումը, նրանց մղեց դավաճանության, որտեղ կշեռքի նժարին դրված էր հայրենիքի ճակատագիրը եւ բացի այդ, նման դավաճաններն իրենց սեփական աչքերով տեսնում էին, թե օրական քանի-քանի մատղաշ երեխաներ էին զոհվում, վիրավորվում, անհետ կորչում, գերի ընկնում ու օրական որքան տարածք էինք կորցնում: Այդ սարսափելի երեւույթներն անգամ նման դավաճաններին ետ չպահեցին իրենց շահի համար ծախվելուց եւ հայրենիքը կորցնելու վտանգից …
Կարդացեք նաև
Դրան էլ ավելացրած, պատերազմի ավարտից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածում իրականացված դավաճանություններն ու թալանն իմ մեջ ավելի ամրացրին այն հրեշավոր իրողությունը, որ կան «հայ» անվանվող ոչ քիչ քանակի մարդիկ, ովքեր գերադասում են մի քանի լափը, քան հայրենիքի անվտանգությունը եւ ընդհուպ՝ նրա կորուստը …
Այսքանից հետո, էլ ինչու զարմանալ, թե այս քաղաքացիական կյանքում, ստեղծված այսպիսի սարսափելի եւ վտանգավոր իրավիճակում, երբ օր օրի մոտենում ենք Արցախի ու Հայաստանի կորստի վտանգին, մեր 100 հազարավոր քաղաքացիներ թքած ունենան հայրենիքի վրա, լրիվ անտարբեր շարունակում են «ապրել» եւ միայն իրենց թալանն են անում ու սպասում իրենց փախուստին:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2023