Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործական կենտրոնի աշխատակիցների գործը թե քաղաքացիական, թե քրեական դատարաններում ավարտված չէ

Օգոստոս 02,2023 12:30

2021 թվականի դեկտեմբերի 1-ին դատարանը որոշում էր կայացրել Վահրամ Կաթրջյանի, Հասմիկ Խաչատրյանի, Սոֆյա Հանյանի՝ ընդդեմ Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասին՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Դատավոր Լ.Գրիգորյանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվում է 2022 թվականի մարտի 29-ին:

Հայցվորներից Վահրամ Կաթրջյանը 2006թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքի է անցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում, որպես նկարչության խմբակի խմբավար։ Նրա եւ կենտրոնի միջեւ նույն օրը կնքվել է աշխատանքային պայմանագիր: Հայցվորներ Հասմիկ Խաչատրյանը, որպես տիկնիկային խմբակի խմբավար եւ Սոֆյա Հանյանը, որպես գոբելենի եւ մաքրամեի խմբակի խմբավար, 2009թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքային պայմանագրով աշխատանքի են ընդունվում նույն կենտրոնում:

Հայցվորների պնդմամբ, տարիներ շարունակ պատասխանողի՝ կենտրոնի տնօրինության կողմից մասամբ չի վճարվել իրենց աշխատավարձը:

Դատարանից պահանջը մեկն էր՝ հօգուտ Վահրամ Կաթրջյանի բռնագանձել 2 823 889 ՀՀ դրամ, հօգուտ Հասմիկ Խաչատրյանի բռնագանձել 3 668 504, հօգուտ Սոֆյա Հանյանի բռնագանձել 4 120 863 ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձ:

Պատասխանող տնօրեն Ն. Արամյանի ներկայացուցիչը հայտնում է, որ հայցադիմումն անհիմն է եւ առարկայազուրկ, եւ որ «հայցադիմումի մեջ նշված պահանջները չեն հետապնդում իրավաչափ նպատակ»: Նրանց առարկմամբ, հայցվորների աշխատավարձների թերի վճարումներ չեն եղել, աշխատավարձերը, արձակուրդային վճարները տրամադրվել են սահմանված նորմերին համապատասխան, հայցվորները ուղղակիորեն չարաշահել են հայցով դատարան դիմելու իրենց իրավունքը (օգտվելով պետական տուրքի արտոնությունից), այսինքն՝ ներկայացրել են հայց, որում ակնհայտորեն բացակայում են խախտումները: «Տվյալ դեպքում գործում առկա են իրենց կողմից ներկայացված 93 թերթից բաղկացած ապացույցներ՝ հայցվորների պայմանագրերը, աշխատավարձի չափի, արձակուրդի վերաբերյալ հրամանները, ինչպես նաեւ անձնական գործերում առկա փաստաթղթերը, որոնցով հաստատվում է վերջիններիս կողմից «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում աշխատանքի դիմաց վարձատրության ձեւը` ժամավճարային սահմանված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վերջիններիս կողմից որոշակի կոնկրետ ժամանակահատվածներում չվճարվող արձակուրդում գտնվելու մասին փաստերը»։

Այս քաղգործում առկա էր հայցվորների հողորդման հիման վրա հարուցված թիվ 11853418 քրեական գործի շրջանակներում նախաքննություն իրականացրած մարմնի որոշումը, համաձայն որի՝ «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում աշխատավարձի հաշվարկների ու վճարումների ճշտության ստուգման նպատակով կատարվել է փորձաքննություն, կար եզրակացությունը:

Դատարանը մերժում է հայցը, 2023 թվականի մարտի 7-ին հրապարակելով վճիռը:

Հայցվորներ Հասմիկ Խաչատրյանի եւ Սոֆյա Հանյանի մասով աշխատանքի վարձատրության ձեւը աշխատանքային պայմանագրում նշված է եղել ժամավճար, իսկ Վահրամ Կաթրջյանի մասով պայմանագրում նշված դրույքաչափը 24.12.2012 թվականի հրամանով դարձել է ժամավճարային:

Դատարանի առջեւ բարձրացված առաջին հարցը վերաբերում է հայցվորների աշխատավարձի տեսակին եւ ըստ դատարանի՝ «դրույքաչափով սահմանված աշխատավարձի վճարումը վերաբերելի չէ հայցվորների նկատմամբ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Այս կենտրոնի թե քաղգործի, թե զուգահեռ քրեական գործի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

«Առավոտ» օրաթերթ
01.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031