Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Հակոբյանի նոր CD-ն գնահատվել է «5 աստղ»

Օգոստոս 02,2023 12:00

Ձայնասկավառակներ թողարկող ամերիկյան հեղինակավոր DELOS ընկերության վերջին աշխատանքներից է ճանաչված բարիտոն, հեղինակավոր թատրոնների եւ նվագախմբերի ցանկալի հյուր Գեւորգ Հակոբյանի Arias of Love & Sorrow («Արիաներ սիրո եւ թախիծի») CD-ն (առաջինը թողարկվել է 2015թ., հայ դասականների ռոմանսներով)։ Ընդգրկված են արեւմտաեվրոպական  օպերային գրականությունից Յագոյի («Օթելլո»), Նաբուկկոյի, Ժերարի («Անդրեա Շենիե»), Միկելեի («Թիկնոցը»), Ռենատոյի («Պարահանդես-դիմակահանդես»), ռուսական օպերաներից՝ Ալեկոյի («Ալեկո»), Կոմս Տոմսկիի («Պիկ թագուհին»), Իշխան Իգորի, Գրյազնոյի («Ցարի հարսնացուն»), հայկական օպերաներից՝ Արշակ Երկրորդի («Արշակ Բ»), Դավիթ-Բեկի («Դավիթ-Բեկ»), Մոսիի («Անուշ») արիաները։ Երգիչը ձայնագրություններն իրականացրել է Կաունասի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ «Մետրոպոլիտեն» օպերայի նախկին երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

Հայ օպերային աստղի CD-ն հասցրել է արժանանալ մի շարք հեղինակավոր պարբերականների ու քննադատների դրական արձագանքներին, օրինակ՝ եվրոպական Pitticato ամսագիրն այն գնահատել է «5 աստղ». «Այս CD-ի բոլոր արիաները հարյուր տոկոսով համապատասխանում են Գեւորգ Հակոբյանի դրամատիկ ձայնին՝ գերազանց բալանսավորված եւ հարուստ արտահայտչականությամբ»։

CD-ն արժանացել է Ամերիկյան Oper News Magazine-ը «Քննադատների ընտրություն» վարկանիշին. «Հակոբյանը ցուցադրում է ձայնի թավ, մուգ տեմբր… Նա յուրահատուկ ունակություն ունի զգացմունքներով պարուրել երաժշտական ֆրազները, ինչպես նաեւ ողջունելի է դրանց դինամիկ երանգավորումը»։

Դասական երաժշտարվեստում  առաջատար Բրիտանական «GRAMAPHONE MAGAZINE»-ն CD-ն որակելով բարձրարվեստ, գրում է. «Հայազգի երգիչն օժտված է վեհաշուք, հզոր, դրամատիկ բարիտոնով՝ ազդեցիկ ու հավասար հնչողությամբ, եւ այդ ձայնին համապատասխան փառահեղ կատարման ոճով։ Նա ուղղակի զինաթափում է ունկնդրին այն վեհ հպարտության զգացումով, որով կատարում է հատկապես հայկական արիաներ»։

Գեւորգ Հակոբյան օպերային երգչին, վստահ ենք, հատուկ ներկայացնելու հարկ չկա, այնուամենայնիվ, հիշեցնենք մեկ-երկու նշանակալի դրվագներ նրա բեմական կյանքից. նա առաջին անգամ հանդիսատեսին ներկայացավ 2004թ., Երեւանի օպերային թատրոնում, Մոսիի դերերգով՝ «Անուշ» օպերայում, առաջին արտասահմանյան բեմելն էլ կայացել է 2008թ., Իտալիայում, Կալիարիի «Լիրիկո» օպերային թատրոնում, Ֆյոդոր Պոյարոկիի դերերգով՝ Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» օպերայում, ընդ որում՝ «Բոլշոյ» թատրոնի կազմում, դիրիժոր Ալեքսանդր Վեդերնիկովի ղեկավարությամբ։ Երգչի դեբյուտը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում 2015-ին էր, Բարոն Սկարպիայի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում»։ Իսկ «Բոլշոյում» հայ բարիտոնն առաջին անգամ բեմ բարձրացավ 2017թ., Գրիգորի Գրյազնոյի դերերգով՝ Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» օպերայում։ Անցած տարիներին երգիչը հանդես է եկել նաեւ այլ հեղինակավոր թատրոններում՝ Բոլոնիայի, Հռոմի, Վալենսիայի, Պալերմոյի, Շտուտգարդի, Հոնկոնգի, Թուրինի, Սանկտ Պետերբուրգի… մինչեւ Մետրոպոլիտեն։ Չես թվարկի ինչպես բոլոր թատրոնների, այնպես էլ դերերգերի անունները։

Աշխարհի տարբեր բեմերում հայ երգիչն աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռոբերտո Աբադոն, Վալերի Գերգիեւը, Միխայիլ Յուրովսկին, Նիկոլա Լուիզոտոն, Մարիո Կորրադին եւ այլն։ Գեւորգ Հակոբյանի կարիերայում նշանակալից է եղել 20-րդ դարի լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի հետ համագործակցությունը, որի ղեկավարությամբ երգել է 20 ներկայացում, հանդես գալով Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ում Շարպլեսի, Մասկանիի «Գեղջկական ասպետություն»-ում Ալֆիոյի, Վերդիի «Աիդա»-ում Ամոնասրոյի դերերգերով։ Որպես խաղընկերներ է ունեցել այնպիսի անուններ, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Մարիա Գուլեգինան, Աննա Նետրեբկոն, Աննա Պիրոտտին եւ այլք։ 19 տարի առաջ սկսված Գեւորգ Հակոբյանի փառահեղ արտիստական ուղին շարունակվում է։ Այսօր երգիչը հեղինակավոր Արենա դի Վերոնայում է, որտեղ ծրագրված են նրա մասնակցությամբ Վերդիի «Աիդա» եւ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացումները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները Օպերային թատրոնում օրերս կայացած Գեւորգ Հակոբյանի CD-ի շնորհանդեսից են։

«Առավոտ» օրաթերթ
01.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031