Լրահոս
Օրվա լրահոսը

Չվազել երեկվա հետեւից

Օգոստոս 02,2023 13:30

Ազգային ինքնության մերժումը շուտով «թրենդային» չի լինի

1894 թվականին Ռայխսթագը նախագծած ճարտարապետ Պաուլ Վալոյի մոտ գաղափար էր առաջացել՝ շենքի վերնաճակատին փորագրել Dem deutschen Volke` «Գերմանացի ժողովրդին» մակագրությունը: Սակայն կայզեր Վիլհելմ Երկրորդին այդ գաղափարը դուր չեկավ: Տրամաբանությունը հետեւյալն էր՝ ի՞նչ ժողովուրդ, եթե ես եմ այստեղ թագավոր, եւ եթե ինչ-որ բան պետք է փորագրվի, ապա դա կայզերին փառաբանող մակագրություն պետք է լինի:

Այդ կայզերը, ինչպես հայտնի է, իր անհեռատես քաղաքականությամբ՝ եվրոպական այլ՝ նույնքան խելահեղ առաջնորդների հետ միասին, աշխարհը հասցրեց Առաջին համաշխարհային պատերազմին: Այդ պատերազմի ընթացքում՝ 1916 թվականին նա, իր ազգի մարտական ոգին բարձրացնելու նպատակով, համաձայնեց, որ Dem deutschen Volke -ն հայտնվի խորհրդարանի շենքի ճակատին:

Բայց դրանով պատմությունը չի ավարտվում: Եկավ 21-րդ դարը՝ «պոլիտկոռեկտության», կեղծ «հանդուրժողականության», կեղծ «լայնախոհության» ժամանակաշրջանը, եւ «առաջադեմ» գերմանացիները սկսեցին կասկածել՝ ճի՞շտ է, արդյոք, ժողովրդավարական Գերմանիայի Ռայխսթագի ճակատին նման մակագրություն ունենալը: Ինչո՞ւ «գերմանական ժողովրդին»: Բա թուրքե՞րը, բա մնացած ազգե՞րը, որոնք Գերմանիայի քաղաքացիներ են, բա միգրանտնե՞րը: Կարո՞ղ է՝ նրանք նեղանան, կարո՞ղ է մտածեն, որ մենք ֆաշիստ ենք: Գուցե «գերմանական  ժողովուրդը» փոխարինենք «Գերմանիայի ժողովրդով», կամ, ավելի լավ է՝ Գերմանիայի քաղաքացիներո՞վ:

Կասկածում եմ, որ մակագրությունը կփոխվի, 2022-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո եվրոպացիները շատ բան սկսել են վերանայել: Բայց պատմութունը, համաձայնեք, բավականին հատկանշական է: Սկզբից «գերմանական ժողովրդի» դեմ առարկում էր թագավորը, հետո՝ յուրահատուկ մի կրոն, որը կոչվում է «մարդու իրավունքներ»: Վերջին դեպքը մի քիչ նման է այն «մտահոգություններին», որոնք նկատվել են եվրոպական մի շարք համալսարաններում՝ ինչո՞ւ ենք ուսումնասիրում միայն սպիտակամորթ կոմպոզիտորների՝ Մոցարտի կամ Բեթհովենի երաժշտությունը, կարո՞ղ է՝ ռասիստ ենք, պետք է նույնքան տեղ հատկացնել սեւամորթ կոմպոզիտորներին:

Ինքնության ճգնաժամը, մի խոսքով, համատարած է: Ի տարբերություն դավադրապաշտների՝ չեմ կարծում, որ խնդիրն ինչ-որ, պայմանականորեն ասած, «սորոսականների» դավերն են: Պարզապես ճոճանակը վերջին մի քանի տասնամյակներում շարժվել է այդ՝ ազգայինը մերժելու ուղղությամբ, եւ դա բացատրվում է ագրեսիվ ազգայնականությունից եւ ռասիզմից խուսափելու միանգամայն հասկանալի ցանկությամբ: Այժմ այդ մերժողականությունը հասել է  բարձրագույն կետի, եւ տեղի է ունենում հետադարձ շարժում:

Կարեւոր է զգալ, թե ինչ է իրականում տեղի ունենում աշխարհում, գավառամիտ «առաջադիմությամբ» չտարվել եւ չվազել «երեկվա» հետեւից: Փոխաբերական իմաստով ասած՝ Երեւանում չկառուցել այնպիսի շենքեր, որոնք, հնացած լինելու պատճառով, Դուբայում սկսել են քանդել:

Այդ նույն սերիայից է «Հայոց պատմություն» առարկան «Համաշխարհային պատմություն» առարկայի հետ միաձուլելը,  ոչ հումանիտար բուհերում հայոց լեզվի ժամերը կրճատելը, դպրոցներում հայ միջնադարյան գրականության պարտադիր դասընթացից հրաժարվելը:

«Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա», – ասել է բանաստեղծը: Իսկ ովքե՞ր էին Նարեկացին եւ Քուչակը՝ դա կարող եք իմանալ գրական խմբակներում, եթե ցանկանաք այցելել: Ի դեպ, սիրելի երեխաներ, Չարենցի այդ բանաստեղծությունը կոչվում է «տաղ»: Իսկ էլ ովքե՞ր էին տաղեր գրում: Նույն Նարեկացին. օրինակ, «Տաղ Վարդավառի» կամ «Տաղ Աստվածածնի»: Բայց դրա մասին նույնպես կարելի է իմանալ «այլընտրանքային ուսուցման» միջոցով:

Դե, պարզ է՝ իսկական գրականությունը Հայաստանում սկսել է ստեղծվել 2018 թվականին: Բայց այն պետք չէ կոչել «հայ գրականություն»՝ «պոլիտկոռեկտ» չի, դա «ՀՀ քաղաքացու» գրականություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Ինքնութեան ճգնաժամի հանգրուանը անցած ենք արդէն, Արեւմուտքի մէջ: Ինքնութեան վերադարձն է, որ կ’ապրինք հիմա:

    Եւրոպայի մէջ իշխանութեան հասած են արդէն – կամ տեւաբար բարձրանում են այդ ուղղութեամբ -, ազգային ինքնութիւնը եւ աւանդական արժէքները պաշտպանող կուսակցութիւններ, բազմաթիւ երկիրներում:

    Իսկ ԱՄՆի պարագային, Տօնալդ Թրամփ մը իր երազներին մէջ չէր կրնար դառնալ նախագահ, եթէ նախապէս նախագահութեան հասած չլինէր Պարաք Օմապան: Եւ էական խնդիրը բնաւ կապ չունի մորթի գոյնին հետ, այլ Օմապայի վարչակարգին ձեռնարկած – եւ անկէ ետք եւ մինչեւ օրս իր կուսակցութեան շարունակած – տեւական, արտակարգ եւ անբնական յարձակումներն են, ի դէմ՝ ազգի տարրական ըմբռնողութեան, աւանդական որեւէ արժէքի, պատմական որեւէ իրականութեան, եւ քրիստոնէական Հաւատքին:

    Ի դէպ, Եւրոպայի եւ ԱՄՆի մէջ, հակաազգային եւ անցեալատեաց, անցեալը ուրացող, զայն լրիւ անէացնել ուզող հիւանդագին հոսանքները, այնքան չափը անցուցին, որ ոչ-սպիտակամորթ քաղաքացիները անգած, նշանակալից թիւերով, միանում են *ծայրայեղական աջ* պիտակաւորուած շրջանակներու: Քանզի իրենք ալ մտահոգ են իրենց յատուկ, նախնական ինքնութեան կորուստով, կամ աւելի ճիշդ՝ դրա ժխտումով:

    Մարդկային բնոյթը նկատի առնելով, վերեւի յօդուածում նշուած այդ ճօճանակը հնարաւոր է անշարժացնել միայն մէկ տեղ՝ Կեդրոն-Աջ կոչուած, քաղաքա-գաղափարական դիրքում: Եւ այդ պարագայի, ոչինչ, եթէ պարբերաբար դա կրնայ գնալ՝ Կեդրոն-Ձախ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031