Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր եւս շարունակվեց ապացույցների հետազոտությունը:
«Մենք արդեն սկսել էինք պաշտպանական կողմի ապացույցների հետազոտումը, ներկայացվել էր փորձագետի եզրակացություն: Մեղադրական կողմը փորփրել ու գտել էր մեր կողմից ներկայացված փորձագետի՝ Կարինե Նալչաջյանի ինչ-որ հարցազրույց, որով իր դրական վերաբերմունքն է արտահայտում Գրիգորյանին, մեղադրանքը գնահատում աբսուրդ, մեղադրողն այդ հիմքով բացարկ էր հայտնել փորձագետին: Այն հաշվով, որ փորձագետի եզրակացությունը, որպես ապացույց, արդյունքում ճանաչվի անթույլատրելի: Մեր դիրքորոշումն այն էր, որ չպետք է նույն կերպ վերաբերվել փորձագետին ու օրինակ դատավորին, բայց դատարանը չհամաձայնեց մեզ հետ ու անթույլատրելի համարեց ապացույցը: Մեր մյուս ապացույցը հետազոտվեց, Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ իր դրական վերաբերմունքն է արտահայռում Գյումրու նկատմամբ, հպարտությամբ խոսում է, որ ինքը գյումրեցի է: Այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց»,- Aravot.am-ին նիստի ընթացքից տեղեկացրեց Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է 2022-ի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ. նրա ինքնազգացողությունը վատացել էր, ուշագնաց էր եղել ու նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ