Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ իշխանությունները չեն հիշել՝ Գագիկ Ջհանգիրյանին եւս ուղեկցել են ռազմական ոստիկանությունում գրանցված անձինք. Կոչուբաեւ

Օգոստոս 01,2023 22:58

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջին դատական նիստին հարցաքննված ռազմական ոստիկանության երկու ծառայողներ պաշտպանական նշանակության առանցքային ցուցմունք են դատարանում տվել, որ իրենք Վլադիմիր Գասպարյանին անձամբ չեն տեսել, պայմանագիր նրա հետ չեն ստորագրել, պայմանագրի ժամկետի երկարաձգման փուլում Գասպարյանին չեն հանդիպել: Այս մասին Aravot.am-ին ասաց Գասպարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը:

Հիշեցնենք, որ այս գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել, որ 1997 թվականից մինչև 2010 թվականը վերջինս զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնը, իսկ 2010-2011թթ․՝ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է եղել իրեն վստահված զորամասի ստորաբաժանման ֆինանսական, սոցիալ-իրավական, կենցաղային ապահովման համար։ Այդ տարիներին «N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից), հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ․․․Վլադիմիր Գասպարյանը ցուցում է տվել այդ անձանց կողմից ծառայության չներկայանալու և պարտականությունները չկատարելու մասին: Ըստ գործի նյութերի՝ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելիս ամբաստանյալը երկարաձգել է Նելսոն Սարոյանի «զինծառայության» ժամկետը․ «Ըստ այդմ, նաև կատարել է խոշոր չափերի վատնում, այն է՝ 21 միլիոն 691 հազար դրամի չափով»։

Գասպարյանի պաշտպանի խոսքով՝ ռազմական ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքները չափազանց կարեւոր ցուցմունքներ էին.  «Եթե կհիշեք, նիստերից մեկում ես անձամբ հարց էի բարձրացրել, որ հրամաններում ու պայմանագրերում ստորագրություններն ակնհայտորեն չեն պատկանում Վլադիմիր Գասպարյանին, բացի այդ ռազմական ոստիկանության պետը առհասարակ չունի կադրային ու ֆինանսական ինքնուրույն քաղաքականություն: Ռազմական ոստիկանությունը, հնչողության առումով, թվում է, թե առանձին հիմնարկ է, բայց ՊՆ-ի վարչություններից մեկն է, եւ այդ վարչությունը չունի կադրային ինքնուրույն քաղաքականություն: Հետեւաբար, եթե ինչ-որ մեկը անձ է ընդունել ռազմական ոստիկանություն ծառայության, նրանց կոչում, պաշտոն ու մեդալ է շնորհել, վստահաբար, ռազմական ոստիկանության պետը չէ, հետեւաբար նաեւ՝ Գասպարյանը չէ, քանի որ պաշտոնի ընդունողը ՊՆ նախարարն է, հրաման, մեդալ ու կոչում տվողը ՊՆ նախարարն է: Իմ խոսքն ամենեւին չի նշանակում, որ այդ տարիներին ՊՆ նախարարի պաշտոն զբաղեցրած անձինք են այս անձանց ընդունել ծառայության, այլ այն, որ համադրելով այն հանգամանքը, որ Գասպարյանի միջնորդագրերը ակնհայտորեն կեղծված են, սա ընդամենն ինչ- որ արկածախնդիր անձինք են կազմակերպել այդ ընթացքը: Վլադիմիր Գասպարյանն, իհարկե, ունի, վարկած, թե ով է հնարավոր անողը, բայց փաստն այն է, որ Գասպարյանն առնչություն չի ունեցել ռազմական ոստիկանությունում պաշտոնի նշանակելու, նրանց հետ կնքված պայմանագրերը երկարացնելու հետ: Վկաների ցուցմունքներն էլ հաստատել էին, որ նրանք ՊՆ-ի կադրային բաժնում են զբաղվել այդ հարցերով»:

Փաստաբանը Վլադիմիր Գասպարյանին ընտրողաբար այս արարքի համար քրեական պատասխանատվության կանչելը խնդրահարույց է համարում. «Ինչո՞ւ, օրինակ, իշխանությունները չեն հիշել, որ Գագիկ Ջհանգիրյանին եւս ուղեկցել են ռազմական ոստիկանությունում գրանցված անձինք, Լեւոն Տեր-Պետրոսյանին անվտանգություն ապահովող անձանց մեջ առկա են ՊՆ-ում գրանցված անձինք: Ընդամենը սրա համար Գասպարյանին թիրախավորելը ընդգծված միտում ունի: Բայց միտում ոչ թե իշխանությունների կողմից, այլ սա մեկ մարդու ֆանտազիա է, զեկուցագիր է գրվել, քննիչները քննություն են տարել, դատարաններն են էլ ստիպված քննում են: Դատական ակտը միանշանակ արդարացնող է լինելու: Բացի այդ կարծում եմ՝ մեր պետության մեջ խորթ չեն այս երեւույթները, որ անձինք այս կամ այն ուժային կառույցներում են գտնվում, բայց որեւէ պաշտոնատար անձի անվտանգությունն են ապահովում: Նաեւ այս իշխանությունների օրոք, ինչո՞ւ ենք մոռանում, որ Ալեն Սիմոնյանին ուղեկցում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կամ նախկին վեցերորդ վարչության ոստիկանները: Կամ ինչո՞ւ ենք մոռացել, որ Արման Բաբաջանյանին տրամադրել էին անվտանգություն, որը քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկաններն էին: Այս երեւույթները մեր պետության մեջ խորթ չեն եղել, բազմաթիվ են դեպքերը, երբ անձը ֆորմալ առումով գրանցված է մեկ բաժնում, կատարում է մեկ  այլ բաժնի պարտականություններ: Այստեղ հատուկ հանցատեսակ կամ հնչեղություն տալը, սխալ է, որ ասվում է Սերժ Սարգսյանի եղբայրներին անվտանգություն է տրամադրել Վլադիմիր Գասպարյանը: Հստակ պետք  է գիտակցել, որ Գասպարյանը եղել է վարչության պետ, չի իրականացրել ինքնուրույն քաղաքականություն ու չէր կարող որեւէ անձի ընդունել կամ տեղափոխել կամ առհասարակ աշխատավարձ տրամադրել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031