Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել բսցել Լաչինի միջանցքը

Օգոստոս 01,2023 21:11

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, մասնավորապես, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն են տարածել
Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին, որում նշվում է.

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ՝ կապված Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ Ադրբեջանի կողմից, ինչը 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի, հետո նաև հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտավորեցնող որոշման խախտում է:

Արդեն մոտ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի տեղական բնակչությունը կրում է շրջափակման հետևանքները՝ գոյատևելով միայն շնորհիվ տեղական արտադրության և անհրաժեշտ հումանիտար մատակարարումների, հատկապես ԿԽՄԿ-ի կողմից։

Ադրբեջանի կողմից հումանիտար մատակարարումների շրջափակումը վերջին շաբաթների ընթացքում հանգեցրել է հիմնական սննդամթերքի, կյանքեր փրկող բժշկական ապրանքների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության, իսկ վառելիքի պակասը խաթարել է տեղական արտադրությունն ու բաշխումը։

ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումը նույնպես խաթարվել է։ Լեռնային Ղարաբաղի մոտ 120 000 բնակիչները կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ, որը պահանջում է միջազգային հանրության հրատապ ուշադրությունը։

Մենք լիովին աջակցում և սատարում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի 2023թ. հուլիսի 26-ի հայտարարությունը: Մենք դատապարտում ենք մարդասիրական մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը, որն էլ ավելի է խորացնում առանց այն էլ սարսափելի իրավիճակը շրջանում։ Աղդամով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը առանձին է Լաչինի միջանցքի հետ կապված նրա պարտավորություններից, որոնք պետք է հարգել: Մարդասիրական օգնությունը պետք է թույլատրվի տարածաշրջան, և մուտքի ցանկացած խոչընդոտ հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում: Լրացուցիչ երթուղիների բացումը միայն խրախուսելի է, բայց դա առանձին խնդիր է, որը պետք է փոխհամաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում։

Մենք լիովին աջակցում ենք ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին` գտնելու կայուն և երկարաժամկետ լուծում տասնամյակներ տևած հակամարտությանը և տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին` նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ երկու կողմերը պայմանավորվել են այլ հրատապ հարցերի հետ մեկտեղ դյուրացնել մարդասիրական օգնությունը տարածաշրջան՝ մարդկային տառապանքը մեղմելու նպատակով: Ցավոք սրտի, շարունակվող շրջափակումը հակասում է խաղաղ բանակցությունների նպատակին և այնքան անհրաժեշտ վստահության ամրապնդման ջանքերին:

Մենք հիշեցնում ենք, որ 2023թ. մարտի 15-ին Եվրախորհրդարանը կոչ արեց Խորհրդին, որ «եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չիրագործվի, նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ»: Մենք նաև հիշեցնում ենք, որ 2023թ. հունիսի 13-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվեց Խորհրդում բարձրացնել այդպիսի պատժամիջոցներ սահմանելու տարբերակը։ Մենք կրկնում ենք մեր կոչը Բաքվին անհապաղ դադարեցնել շրջափակումը և պարտավորվել հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը՝ հումանիտար աղետը կանխելու համար»։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031