Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացումը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։
Այս քաղաքում վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարվում․ 4 օրից ռեկորդային թվով հյուրերի են ընդունելու, կան երկրներ, որոնք առաջին անգամ են մասնակցում, 25 տարվա ընթացքում երբևէ չեն մասնակցել համահայկական խաղերին։ Օրինակ՝ այդպիսին է Սաուդիան Արաբիան, պատարաստվում են հյուրընկալելու այնտեղի մեր հայրենակիցներին։
178 քաղաք է մասնակցում՝ 41 երկրից։ Հանդիսավոր բացման արարողությունը կսկսվի մարզական մեծ շքերթով։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի առանձնասենյակում գրեթե ամեն օր խորհրդակցություններ են տեղի ունենում՝ մարզի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Aravot.am-ին տված հարցազրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Համահայկական խաղերը ողջ ազգի համար տոնական իրադարձություն են։ Գյումրիի փողոցներով շրջում ես ու տեսնում, որ մարդկանց խոսակցության թեման այս օրերին համահայկական խաղերն են։
Կառավարությունը, Շիրակի մարզպետի աշխատակազմը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի կազմակերպենք ու ներկայանալի լինենք։ Մենք ճանապարհների նորոգում ենք իրականացնում, մարզադաշտի հարակից հատվածում մոտ 3 հազար գծամետր, մի փոքր ավել ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել։ Այն վայրերում, որտեղ որ խաղերը պետք է անցկացվեն, ասենք՝ մարզադահլիճներում, դրանք կահավորել ենք, վերանորոգել։ Լիահույս ենք, որ օգոստոսի 5-ին մեր հյուրերին կկարողանանք դիմավորել այնպես, ինչպես գյումրեցին է պատկերացնում։
Պատվիրակները կլինեն մոտ 7000 հոգի, հնարավոր է մի փոքր ավելի լինեն, հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, սակայն շատեր են ցանկանում մասնակցել՝ որպես այցելու։ Շատ քաղաքներ կան, որոնք առաջին անգամ են մասնակցում խաղերին։ Շուրջ 11 հազար հյուրերի ենք դիմավորելու»։
Aravot.am-ը Մուշեղ Մուրադյանին հարցրեց՝ Գյումրին ունի՞ բավարար քանակությամբ հյուրանոցներ, հյուրատներ այդքան մեծ թվով մարդկանց հյուրընկալելու համար։
«Գյումրիում ունենք շուրջ 2 հազար հյուրանոցային համարներ, կեցության վայրեր։ Քանի որ Գյումրին զբոսաշրջային կենտրոն է, անկախ համահայկական խաղերից, մեր հյուրանոցների ծանրաբեռնվածությունն արդեն իսկ առկա է։ Չեմ կարծում խնդիրներ լինեն, հնարավորինս ամեն ինչ անում ենք հյուրերին պատվով ընդունելու»,-ասաց մարզպետը։
Մեր այն հարցին էլ՝ ի՞նչ աշխատանք է արվում հյուրատների ու հյուրանոցների տերերին հորդորելու, որ չխայտառակեն Գյումրին՝ շատ դեպքերում եռակի ու քառակի անգամ թանկացնելով գիշերակացի գները, մարզպետը պատասխանեց․ «Քննարկումներ ենք անցկացրել․ իրազեկում ենք՝ չդիտարկենք, թե օգոստոսի 5-ը հյուրանոցային համարի օգտագործման մեր վերջին օրն է։ Այդ սկզբունքով չառաջնորդվենք, մեր հյուրերի տպավորությունն անչափ կարևոր է, ասել ենք՝ հյուրերը, եթե պիտի իրենց վերջին կոպեկը էստեղ ծախսեն, միայն հյուրանոցային համարների վրա չպիտի ծախսեն։ Մենք խոսում ենք, հորդորում, պահանջում ենք, մշտապես քննարկումների մեջ ենք, աշխատանքներ տանում ենք այս ուղղությամբ»։
Մուշեղ Մուրադյանից նաև հետաքրքվեցինք Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին քարուքանդ ճանապարհատվածի վերանորոգման մասին։ Հարցրեցինք՝ հնարավոր կլինի՞ մինչև օգոստոսի 5-ը վերանորոգել, որպեսզի կարողանանք հյուրերին ընդունել։
«Բենիամին-Գյումրի-Ազատան ճանապարհատվածի մոտավորապես 2,5 կիլոմետր առաջին շերտն ասֆալտապատվել է, այս պահին ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Լիահույս եմ, որ մինչև օգոստոսի 5-ը որպեսզի անցանելիությունն ապահովվի, միաշերտ մենք ավարտին կհասցնենք։ Իսկ կամրջի մասով ասեմ, որ բետոնի չորացման խնդիրներ կան, այդ մասը պիտի շրջանցենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի՝ Panarmeniangames-ի պաշտոնական էջի