Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանկարծակի որեւ մեկի մտքով չանցնի` թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում». Դավիթ Տոնոյան

Օգոստոս 01,2023 20:15

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ վարչապետի կողմից եղե՞լ է ճնշում՝ զիջելու, հանձնելու:

Դավիթ Սանասարյան

Տոնոյանը պատասխանեց, որ նման հանձնարարություններ ինքը չի ստացել. «Եղել է վիճաբանություն, եղել են եւ իրար չհասկանալու, ճշգրտելու խնդիրներ, բայց դա բնական պրոցես է եղել: Միգուցե վիճաբանությունը մի քիչ սուր ասեցի, բայց այնպիսի հանձնարարություններ, որոնք կարող էին ազդել զինված ուժերի կիրառման կամ գործողությունների վրա, չեն եղել: Հանկարծակի որեւ մեկի մտքով չանցնի՝ թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում: Ես շատ լավ գիտակցում եմ ինչի համար եմ ես հիմա կալանավորված, ենթագիտակցաբար կրում եմ այս կալանավորումը պատերազմի արդյունքի համար, ոչ թե նրա համար, ինչը ձեւակերպված է: Ոնց ուզում են դրան վերաբերվեն: Եվ հենց այդ ենթագիտակցության համար պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակը լիցքաթափվի: Հանկարծակի որեւիցե մեկի մտքով չանցնի, որ ես այդ բանսարկու մեղադրանքը, որը ի վերջո բացահայտվելու է, մեկ է… Արդեն իմ կալանքի հետ կապված Վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել: Ես պարզ ասում եմ՝ ինչ եղել է: Իմ համար ամենամեծ պրոբլեմը, թե ինչ է կատարվել ամսի 9-ից հետո՝ իմ պաշտոնանկությունից հետո՝ ամսի 20-ին: Մինչեւ ամսի 20-ը որեւիցե խնդիր չի եղել վարչապետի հետ: Ամսի 20-ից հետո ցանկացած հարցի հետ կապված ես կարող եմ հարյուրավոր, հազարավոր արգումենտ ներկայացնել»:

Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Տոնոյանն ասաց, որ այս ռազմական գործողություններն իրենց ծավալով այնպիսին էին, որ դա հնարավոր էր կանգնեցնել ոչ թե պայմանագրերով. «Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, երրորդ ուժի ներկայությունը թատերաբեմում, դա է եղել միակ կանգնեցնելու գրավականը»:

Դավիթ Սանասարյանը նաեւ հարցրեց՝ խոչընդոտ եղե՞լ է այլ երկրների հետ՝ սպառազինության ձեռքբերման հետ կապված, այդ խոչընդոտը կարո՞ղ է եղել է ՀԱՊԿ անդամ լինելը: Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում: ՀԱՊԿ անդամ էինք մենք եւ ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրներում: Ամսի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ բանակցություններ: Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից, որեւիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է: ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում: Ուրիշ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն: Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, կային դժվարություններ, բայց դա էլ էինք հաղթահարում կամաց-կամաց»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031