Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը, ոնց որ թե` ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա». Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասին

Օգոստոս 01,2023 19:55

44-օրյա պատերազմում «Տոչկա Ու»-ի եւ «Իսկանդերի» կիրառման մասին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում այսօր հնչեցրածը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի մեկնաբանում-պարզաբանում. դրանք վաղը կայանալիք հանձնաժողովի փակ նիստի քննարկման հիմնական թեման են լինելու:

«Խնդիրը ունեցել ենք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնաժողովի նիստում այդ մասին խոսել է, իսկ արդեն նիստի փակ մասում այնպիսի քննարկումներ են եղել, որ ինքը չի կարող ասել՝ մոտակա տասը տարում այդ գաղտնիությունը կբացվի՞, թե՝ ոչ:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ թերահավատությամբ է վերաբերվում Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի ներգրավվածությունն այդ պատերազմում, իր համար ինչ-որ չափով անակնկալ է եղել: Նա նկատում է՝ կան պաշտոնական տեղեկագրեր, վերլուծություններ են ներկայացվում, որոնք նաեւ պաշտպանության նախարարին են հասանելի. «Բա ինչի՞ համար են հետախուզությունները»:

«Մենք միայնակ 44 օր կռվել ենք. հիմա մենք մեղավորներ ենք ման գալիս, բայց մեղավորի խնդիրը չի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ճեղքումը եղել է որոշակի հատվածում՝ հարավային ուղղությամբ, Ջեբրաիլի հատվածում, դրա համար էլ ցանկանում են, որ որոշ գեներալներ օր առաջ գան հանձնաժողով:

Իսկ հարցին՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությունը հանձնաժողովի նիստին շոու չէ՞ր արդյոք, Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց՝ շոու տեսա՞ք:

Առհասարակ, Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանի պատասխաններից մեկ բան է հասկացել՝ նա՝ որպես պարտության սիմվոլ, պետք է պատասխանատվության ենթարկվի. «Ինքը, ոնց որ թե ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա»: Լրագրողի դիտարկումը՝ այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի՞, բարկացրեց Անդրանիկ Քոչարյանին: Նա հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանը մեռավ ասելով՝ ես իմ մեղքը վերցնում եմ, ես եմ մեղավոր, էլ ի՞նչ եք ուզում: Այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, գո՞հ եք»:

Շրջափակված Արցախի մասին հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց չվախենալ, դիմակայել՝ միասնաբար, եւ երբ հակառակորդը տեսնի, որ չի կարողանում նույնիսկ այս շրջափակումներով ծնկի բերել, ուրեմն մենք հաղթելու ենք: Նա նկատեց՝ 1990-ականներին այդ ճանապարհն արդեն անցել ենք եւ հաղթել: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն Արցախը համարում է «Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031