Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը չի՞ տիրապետել օդից եկող վտանգներին. Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց՝ իր այս տեսակետն ուժի մե՞ջ է

Օգոստոս 01,2023 19:08

«Պարոն Տոնոյանը, երբ որ պատասխանում էր հարցին, ինքը նկատի չուներ, թե ինչ ծավալի պատերազմ է մեզ սպասվում: Պաշտպանական գերատեսչությունը չի ունեցել հնարավոր հեռանկարը եւ դրան միտված քայլերի հաջորդականությունը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ 2018-ին, երբ ինքը ստանձնել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, մեր պաշտպանական ուժերը բավարար են եղել, ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նպատակն է՝ բոլոր հայտարարություններն ուսումնասիրելով՝ հասկանալ մեր պարտության պատճառը:

Հիշեցնենք, քննիչ հանձնաժողովում այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Դավիթ Տոնոյանի ասածները՝ ՀՀ ԶՈՒ պատրաստ լինելու մասին, հակադրվո՞ւմ են հանձնաժողովում մյուս պաշտոնյաների հնչեցրած տեսակետերի հետ, եւ եթե ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է եղել, ինչո՞ւ ենք մենք պարտվել: Անդրանիկ Քոչարյանը շարունակեց՝ եզրակացությունները կլինեն համադրումներից եւ համապատասխան արդյունքներից հետո:

Անդրանիկ Քոչարյանն էլ է տարակուսած՝ երկիրը միշտ եւ մեծ ծավալի պատերազմի պետք է պատրաստ լիներ, ինչո՞ւ պատրաստ չի եղել, եւ հավելեց, որ 2018-2020-ի մասով Դավիթ Տոնոյանը վերցրեց պատասխանատվությունն իր վրա, սակայն, մինչեւ այդ իրավիճակի հետ կապված հարցեր կան: Անդրանիկ Քոչարյանը չի կիսում լրագրողի տեսակետը, որ Դավիթ Տոնոյանի պատասխաններից հասկացվում էր, որ նա գոհ էր իր ստացած ժառանգությունից: Նկատում է, որ գոհ ոչ ոք չի կարող լինել, քանի որ պատերազմներն  անկանխատեսելի են:

ՍՈՒ-30-ների ձեռք բերման մասին Դավիթ Տոնոյանի պարզաբանմանն էլ անդրադառնալով, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ իր տեսակետն անփոփոխ է՝ ձեռքբերումն ամբողջության մեջ չի եղել. նման ձեռքբերման համար պետք էր այլ կարիքներ հոգալ՝ պահպանություն, անձնակազմի նախապատրաստում եւ այլն, հետո այդ գնումն անել: Բայց որ Հայաստանը պետք է ունենա գերժամանակակից օդուժ, նա կասկած չունի:

Պատերազմից մեկ շաբաթ հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր, որ Դավիթ Տոնոյանը չի տիրապետել օդից եկող վտանգներին՝ լրագրողների այս հիշեցմանը եւ հարցին՝ Դավիթ Տոնոյանի պատասխաններն իրեն բավարարեցի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինչ-որ պատասխաններ նա այնուհանդերձ տվեց, ու հավելեց, որ ինքը չի տվել մեկ այլ հարց՝ երբ Դավիթ Տոնոյանը տղայական ձեւով հայտարարում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, պետք էր հասկանալ՝ ո՞ւմ թիկունքն ինչքանով էր ապահովված, ու Դավիթ Տոնոյանը գիտե՞ր՝ իր թիկունքն ինչքանով է ապահովված:

Լրագրողը պնդեց՝ իր տեսակետը մնո՞ւմ է նույնը, որ Դավիթ Տոնոյանը չի տիրապետել օդից եկող վտանգներին, Անդրանիկ Քոչարյանը կրկին հստակ պատասխաններ չտվեց: Իր գնահատականը մեկն է՝ Դավիթ Տոնոյանը եղել է պաշտպանության նախարար եւ կրում է պատասխանատվություն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031