Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի նպատակահարմար է մարդուն «սպարտիվկո՞վ» տանել պատերազմի, քան՝ որսորդական զրահաբաճկոնո՞վ». Հայկ Սարգսյանը՝ Տոնոյանին

Օգոստոս 01,2023 18:56

Այսօր  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ չի ընդունում այն մոտեցումը, թե բանակի համար ինչ ուզել են՝ տվել են:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց՝ անձնական պաշտպանության միջոցները՝ զրահաբաճկոնն ու պաշտպանիչ սաղավարտը ինքնաթիռ կամ տանկ չի, որ դժվար լինի տեղափոխել կամ արտադրել ՀՀ-ում, ինչո՞ւ է մեր բանակը պատերազմի ժամանակ ունեցել անձնական պաշտպանական միջոցների խնդիր՝ քանակական եւ որակական առումով:

Տոնոյանն ի պատասխան հակադարձեց՝ համեմատության մե՞ջ եք դնում Սու-30-ն ու կասկաներն ու զրահաբաճկոնները. «Երեւի թե դուք անձամբ սահմանափակումների հետ կապված որոշակի դժվարություններ եւ տեղեկատվություններ ունեք, բայց եւ սաղավարտը, եւ զրահաբաճկոնը, եւ Սու-30-ը ռազմական նշանակության արտադրանք են, եւ դրանց ներկրումը Հայաստան սահմանափակվում է եւ թույլատրվում է նույն ձեւաչափով: Փակ նիստի ժամանակ կասեմ սաղավարտների եւ զրահաբաճկոնների ներդիրների հետ կապված խնդիրների մասին, հուսով եմ, ՀՀ-ում արդեն ներդիրների սերիական արտադրություն կա արդեն, բայց այն ժամանակաշրջանում ներկրվող էր եւ դա ռազմական նշանակության արտադրանք էր: Դա որսորդական կամ ոստիկանական, թիկնազորի զրահաբաճկոն չէ: Ռազմականը նույն դժվարությունների է հանդիպել, կարող եք ստուգել` ինչի հետ ենք մենք առնչվել»:

Հայկ Սարգսյանը արձագանքեց՝ «եթե խնդիրը ձեւակերպված լիներ, արտադրողները կգտնվեին ու կարտադրեին Հայաստանում կամ դրանք որպես որսորդական կգային ու կծառայեին պատերազմի ընթացքում, այսքանով կսահմանափակվեմ»: Տոնոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ այդպիսի խնդիր դրված չի եղել, որտեղի՞ց է ձեզ այդպիսի տեղեկատվությունը: Որսորդական զրահաբաճկոնի օգտագործումը զինված ուժերում արգելված է»: Հայկ Սարգսյանը հեգնեց. «Այսինքն, ավելի նպատակահարմար է մարդուն սպարտիվկով տանել պատերազմի, քան որսորդական զրահաբաճկոնո՞վ»: Տոնոյանը պատասխանեց. «ՀՀ ԶՈՒ-ն իր ամբողջ կազմով իմ պաշտոնավարման ժամանակ երբեւիցե զրահաբաճկոնի, սաղավարտի խնդիր չեն ունեցել: Խնդիրն առաջացել է զորահավաքային ռեսուրսների հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031