Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմին դիմագրավելու համար»․ Հայկ Նահապետյան

Օգոստոս 01,2023 18:30

«Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմին դիմագրավելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց էր ուղղել Դավիթ Տոնոյանին՝ ինչո՞ւ պատերազմի սկսվելու նախօրեին ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն չեն բերվել մարտական բարձր կամ լրիվ աստիճանի պատրաստվածության: Քոչարյանը հարցրել էր այն մասին, թե ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի երրորդ օրը ԱԽ նիստի ընթացքում զեկուցել է, որ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական ռեսուրսներով։ Տոնոյանը պատասխանել էր, որ այդպիսի խոսակցություն եղել է նաեւ այլ ձեւաչափերում: «Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել՝ մենք պարտավոր էինք եւ վարչապետին, եւ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ հիմնական դրա պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր: Երրորդ կողմը, հասկանում եք, որ Թուրքիան է: Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ, ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ՝ այսպես ասած ձիու քայլով արցախյան թատերաբեմում, որը որեւէ կերպ, դրա մասին ես հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 29 կմ հեռավորության վրա, իրականացնել թռիչքներ»:

«Հիմնական ռազմական գործողություններին մասնակցողը Ադրբեջանի զինված ուժերն էին, Թուրքիան օգնել է, հետեւաբար, հարձակվողը Թուրքիան չէր, Ադրբեջանն էր։ Եվ մարտական բարձր աստիճանի պատրաստվածության բերելը կապ չունի, թե Թուրքիան ինչ չափով է ներգրավված եղել այդ ռազմական գործողություններին։ Եթե հարձակումից մի քանի օր առաջ հարձակման օրն ու ժամն իմացել են, այդ մի քանի օրը բավարար էր, որ զորամասերից անձնակազմը, զինտեխնիկան, զինամթերքն ամբողջովին պահեստային տարածքներ տեղափոխվեին, տեղում մակետներ դրվեին, որպեսզի հակառակորդը չիմանար, որ հայկական կողմը իրազեկ է հարձակման մասին։ Դրա հետ ի՞նչ կապ ունի այն, թե Թուրքիան ինչքանո՞վ է ներգրավված եղել պատերազմին, միայն Թուրքիան ներգրավված չի եղել, Սիրիայից վարձկաններ են եկել մի քանի հազար հոգի, թուրքական ինքնաթիռները, ռմբակոծիչները նախօրոք Ադրբեջանի տարածքում էին, մի քանի զորավարժություն են անցկացրել։ Այսինքն՝ գոնե բավարար փաստեր կային, որ ուժերի կենտրոնացում էր իրականացվում սահմանին։ Էլ չեմ ասում, որ մեր հետախուզությունը ամենայն հավանականությամբ իրազեկ է եղել, որի մասին հենց նույն Փաշինյան Նիկոլն է ասել մեկ օր առաջ»,- նշեց նա։

Ռազմական փորձագետը նաեւ հարցադրում արեց․ «Իսկ Դավիթ Տոնոյանն ասե՞լ է, թե ինչո՞ւ պատերազմն սկսելու օրն ինքը հանրապետությունում չի եղել եւ ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլն իրեն թույլ տվել, որ բացակայի Հայաստանից»։ Նշենք, որ Դավիթ Տոնոյանն այս հարցին ի պատասխան քննիչ հանձնաժողովի նիստում մասնավորապես ասել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղման էր ՌԴ-ում՝ զորավարժությունների, սեպտեմբերի 25-26-ի երեկոն գտնվել է Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ երկրում՝ գործուղման՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման կազմակերպման նպատակով, որի մասին փակ նիստում կմանրամասնի։ Նաեւ նշել էր․ «Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որեւէ մեկին հայտնի չի եղել»։ Հայկ Նահապետյանը նշեց․ «Ավելի վատ իրենց համար, որ չեն իմացել։ Հակառակորդն այդքան ուժեր է կենտրոնացրել, ո՞նց չեն իմացել։ Ենթադրենք չէին հարձակվելու, իմիտացիա էին անում, բայց զորքերի կուտակումը քեզ հուշում է, որ պետք է քայլեր ձեռնարկես։ Հարձակման հավանականություն կա, այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է անել՝ կամ հավանական հարձակումը կանխարգելելու, կամ հակառակորդի հետախուզությանն ապատեղեկատվություն տալու»։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքից որեւէ ակնկալիք չունի։ «Եթե այնտեղ ընդդիմությունից ներկայացված լինեին, գոնե ընդդիմության ներկայացուցիչները մանիպուլյացիոն, կիսատ-պռատ հարցերը կամբողջացնեին։ Հետեւաբար, այս ամենը քաղաքական շոու է։ Ընդհանրապես այդ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը ոչ թե հանրությանն ինչ-որ բան ներկայացնելը պետք է լինի, այլ քննիչ հանձնաժողովը պիտի պարզի պարտության բոլոր պատճառները, հաշվառի ու քաղաքական եւ ռազմական ղեկավարության սեղանին դնի, որ հետագայում, եթե թեկուզ մեկ տոկոս հավանականություն կա, որ պատերազմը կկրկնվի, ապա այդ բացթողումները, թերացումները պետք է շտկվեն։ Եվ պետք չէ հանրայնացնել այդ հանձնաժողովի աշխատանքը, շոու սարքել, իսկ իրենք փաստացի շոու են սարքում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031