Ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը՝ որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ եւ մինչեւ պատերազմը. այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն այս հարցն ուղղեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Նա ի պատասխան՝ սահմանադրական կարգավորումներին անդրադարձավ. «Այդ հարցը, որ տալիս եք, արդյոք վարչապետը այդ ժամանակ եղե՞լ է գերագույն հրամանատարը, «Պաշտպանության մասին» օրենքով, սահմանադրությամբ, վարչապետը ստանձնում է իր պարտականությունները պատերազմի շրջանում: «Պաշտպանության մասին» օրենքով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով պատերազմ հայտարարելու դեպքում, որպես գերագույն հրամանատար, ընդունում է քաղաքական եւ ռազմական բնույթի որոշումներ: Արդյոք պատերազմի հայտարարում եղե՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, սրանք սահմանադրական խնդիրներ են, բայց որպես վարչապետ ես գնահատական տամ իր գործողություններին։ Այս հանձնաժողովն է, որ պետք է տա, ոչ ես, որը եղել է իր ենթական եւ շատ ճգնաժամային ժամանակաշրջանում մարտավարական խնդիրներ է լուծել, կտրված եմ եղել: Դրա համար կոռեկտ չի իմ կողմից՝ որպես նախկին ՊՆ նախարար, գնահատական տալու վարչապետի գործողություններին, դա ձեր գործառույթն է»:
Հայկ Սարգսյանը ճշգրտեց հարցը՝ եղե՞լ է մի հատ խնդիր, որ դուք դնեք կառավարության ղեկավարի առջեւ, որը իրատեսական լինի ու դա մնա անարձագանք, չաջակցի կառավարության ղեկավարը զինված ուժերին թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից առաջ: Տոնոյանը պատասխանեց. «Ինչպես ասել է վարչապետը, բարեբախտաբար կամ դժբախտաբար ես եղել եմ կառավարության անդամ եւ կառավարության անդամ լինելու ժամանակ չեմ զգացել, որ վարչապետը չի վստահում ինձ: Բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել եւ այն որոշումները, որոնք կուսակցական բնույթի են, ես չեմ մասնակցել: Հիմա նախարարը ձեր քաղաքական թիմի անդամ է եւ դրա ամբողջ ծավալով դուք կարող եք այդ հարցադրումներն անել՝ որպես քաղաքական թիմի անդամ: Ես որպես կառավարության անդամ, ՀՀ վարչապետի առջեւ անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել եւ իմ բարձրացրած հարցերը ունեցել են հստակ պատասխաններ եւ լուծումներ: Ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց միեւնույն ժամանակ չեմ ընդունում այն մոտեցումը, որ ինչ ուզել են՝ տվել են: Կառավարությունն իրականացրել է իր գործառույթը եւ ես՝ որպես ՊՆ նախարար, իրականացրել եմ իմ գործառույթը եւ վարչապետի կողմից չեմ ունեցել որեւէ խոչընդոտ՝ այդ գործառույթն իրականացնելու ընթացքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ