Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նասիմ Թալեբը՝ հայ ընկերների, քաոսի եւ միջոլորտայնության մասին

Օգոստոս 01,2023 17:34

«Գիտեմ, որ ձեր գրքերում հաճախ եք հիշատակում հայերի մասին որպես ձեր մանկության բակային ընկերներ, որոնց հետ խաղացել եք, հաճախ նաեւ վիճել: Կարծում եմ, որ դուք ավելի շատ բան գիտեք հայերի մասին, քան այլ մարդիկ»,- «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեսազանգով դիմելով միջոցառման այս տարվա հիմնական բանախոս, գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբին:

Նասիմ Թալեբն ասաց, որ իրենց հարեւաններից շատերը Լիբանանում հայեր էին, եւ այնտեղ այսպիսի խոսք կար՝ դու պիտի հայ ընկեր ունենաս. «Մշակութային առումով հայերի հետ մեծ կապ էին տեսնում: Ի դեպ, երբ ասում եմ հարեւաններ, նկատի չունեմ միայն Բեյրութը, որտեղ մեծացել եմ»:

Մեջբերելով նրա գրքերից մեկում արած արտահայտությունը Թալես Միլեթացու մասին, որը սկզբում աղքատ փիլիսոփա էր, բայց հետագայում հարստացավ եւ վարձակալեց Միլեթի մոտ գտնվող ձիթապտղի գործարանները, Վահան Քերոբյանը հիշեցրեց այն արտահայտությունը, թե ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ փիլիսոփայում է: Ապա նախարարը հարց ուղղեց Թալեբին՝ արդյոք այդ արտահայտությունը հնացած չէ, եւ այժմ ինչով փոխարինել փիլիսոփայել բառը:

«Պիտի ասեմ, որ դա իմ ամենասիրելի պատմություններից է, ինչի մասին գրել եմ իմ «Հակափխրունություն» գրքում: Գիրքը առնչվում է նաեւ քաոսի հետ: Նկատի ունենալով այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, կասեմ, որ ձեզ մոտ եւ ողջ աշխարհում է քաոսային իրավիճակ է… Կարծում եմ, որ կարեւոր է հակափխրունության գաղափարը քննարկել այս համատեքստում։ Հայաստանն ինձ համար ոչ միայն մտավոր, այլեւ հոգեւոր կարեւորություն ունի»:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերից մեկին՝ անվանի գիտնականը հիշեց մանկությունը. «Հայրս բժիշկ էր, երբ փոքր էի, նա ինձ մի քանի տարբերակ առաջարկեց… Հարցրեց՝ ի՞նչ ես ուզում համալսարանում սովորել՝ ուզում ես բժի՞շկ դառնալ, գրականագե՞տ, թե բիզնես ոլորտի մարդ… Ես երեքն էլ դարձա, որովհետեւ այժմ միջոլորտայնության կարկառուն ներկայացուցիչ եմ: Մի կողմից զբաղվում եմ առեւտրով, մյուս կողմից՝ գրքեր եմ գրում, նաեւ գիտնական եմ, իմ աշխատանքները վերաբերվում են հավանականությանը, քաոսին, աշխարհակարգին»:

Հավելենք, որ այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ը։ Այն կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:

Միջոցառման այս տարվա հիմնական բանախոս Նասիմ Թալեբը հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031