Օգոստոսի մեկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:
Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։
«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ընդգծել է, որ համաժողովը միտված է երիտասարդների փոխճանաչելիության և փոխգործակցության բարձրացմանը, առկա համակողմանի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքին, անձնական փորձը, գիտելիքն ու կարողությունները թիրախավորված ներդնելու հնարավորությունների վերհանմանը:
Կարդացեք նաև
Վիդեուղերձով երիտասարդներին են ողջունել նաև հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը և Ռոզա Լինը, ինչպես նաև աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:
Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ: Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Համաժողովի առաջին օրվա ընթացքում գլխավոր բանախոսի, TEDx, պանելային և համաժամանակյա քննարկումների ձևաչափներում ելույթներ կունենա իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Մհեր Հարությունյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը,Հայ բարեգործական ընդհանուր միության սփյուռքի երիտասարդության ծրագրերի ղեկավար Գայանե Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի հիմնադիր և ղեկավար Արշակ Հովհաննիսյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը, միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը, CyberHUB-AM համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, «ռեԱրմենիա» հարթակի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող Գեղամ Մուղնեցյան, Յեյլի համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ատոմ Շաշկալը և գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, հանրային կապերի ոլորտներում հայտնի այլ փորձագետներ Հայաստանից և սփյուռքից:
Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթանալու է ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որի ընթացքում տեղի կունենան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ:
Ազգային երիտասարդական առաջին համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն է։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։
Ֆասթ Բանկը կարևորում է սփյուռքի հայ երիտասարդության՝ Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, խրախուսում միմյանց հետ կապեր հաստատելու, ինչպես նաև իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում էլ ավելի ընդլայնելու այս բացառիկ հնարավորությունը։