Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ չարաբաստիկ հարցազրույցում ես չեմ ասել, որ պետք չեն ԱԹՍ-ներ». Դավիթ Տոնոյանը՝ պատերազմից առաջ ստորաբաժանումներ լուծարելու իր որոշումների մասին

Օգոստոս 01,2023 16:52

Հեռուստատեսությամբ տրված ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մեր զինված ուժերին պետք չեն ԱԹՍ-ներ, քանի որ դրանց մարտական խնդիրները հնարավոր է կատարել սովորական նռնականետով, ձեր տեսակետը փոխվե՞լ է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այսպիսի հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Տոնոյանը պատասխանեց. «Այդ չարաբաստիկ հարցազրույցում՝ «Ազատությանը» տված, որի ժամանակ ես արձագանքում էի պարոն Թամրազյանի որոշ հարցադրումներին, ես չեմ ասել, որ պետք չեն ԱԹՍ-ներ, ես ասել եմ, որ եղել են որոշակի առաջարկություններ, որոնք այդ պահին գնի, որակի առումով գտնվել են ոչ նպատակահարմար: Հլը հարց էր՝ այդ առաջարկությունները իրականություն կդառնայի՞ն, պայմանավորվածությունները կիրականացվեի՞ն: Ինչ վերաբերում է այն հարցին, որ սովորական «գրանատամյոտով» էլ հնարավոր է խփել ավտոբուսը, խոսքը գնացել է ավտոբուսի մասին: Քառօրյայի օրերին Հարոպով խոցվել էր մեր ավտոբուսը, որը տեղափոխում էր մեր կամավորականներին եւ ընդհանրապես քաղաքացիականներին: Այդպիսի կիրառումը կարելի էր անել նաեւ այլ միջոցներով, դա է եղել իմ ասածը»:

Թե ինչու են պատերազմից առաջ լուծարել մեր բոլոր բանակային կորպուսների ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, դրանց պատրաստված մասնագետների մի մասին զորացրել, իսկ նոր ժամանակակից տեխնիկան ապամոնտաժել՝ Տոնոյանն ասաց, որ բոլոր հաշվարկները, առաջարկությունները ԶՈՒ-ից են եկել ՊՆ-ին. «Նորագույն միջոցներն էին անգամ կաղում ռազմական գործողությունների ընթացքում՝ իրենց էֆեկտիվության եւ քանակի առումով: Այն փոփոխությունները, որոնք իրականացվել են, անցել են մի քանի մակարդակ՝ տեղակալների, վարչության պետի, շտաբի պետի»:

Հարցին՝ հետհայացքով դա ճի՞շտ էր, թե՞ սխալ՝ Տոնոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, որովհետեւ դրանք ունեցել են ե՛ւ հաջողություններ, ե՛ւ խնդիրներ:

Հետաքրքրվեցին՝ ո՞ւմ առաջարկով եւ ի՞նչ հիմնավորումով է նախքան պատերազմը իր հրամանով լուծարվել ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռների դեմ պայքարի գումարտակը, իսկ դրա կազմից ԱԹՍ-ների եւ թուրքական F16 եւ E7 ինքնաթիռների դեմ պայքարի Կրասնուխա կայաններին փոխարինող միջոցները հանվել են մարտական հերթապահությունից եւ ոչնչացվել: Տոնոյանը հորդորեց դա հարցնել մասնագիտացված պատասխանատու ստորաբաժանումներին: Անդրանիկ Քոչարյանը պնդեց՝ չունենալով նորը՝ հինը, որը խնդիր կարող էր լուծել, ոչնչացրել եք՝ Տոնոյանն արձագանքեց. «Նորերը արդեն մատակարարվել էին, կամ մատակարարման ընթացքում էին»:

Ըստ ձեր կողմից հաստատված որոշման, քանի՞ օր էր անհրաժեշտ զորահավաք անելու, անձնակազմն ուսուցանելու, մարտական հաշվարկները, ստորաբաժանումները ներդաշնակեցնելու, զորահամալրում անելու համար, իրատեսակա՞ն էին այդ փաստաթղթերը. այս հարցին ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Քանակական առումով միգուցե հնարավոր էր դա անել, բայց մարտունակության բերման, էֆեկտիվության տեսանկյունից մեծ թերություն ենք ունեցել, ես ձեզ ազնիվ պատասխանում եմ: Գործող համակարգը վերցված էր ԽՍՀՄ-ից: 44 օր երեւի թե մենակ անհրաժեշտ կլիներ ներդաշնակեցումն իրականացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031