Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով սեփական օդանավով Գյումրի կժամանի արգենտինահայ բարերար, ազգային հերոս, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը։
Այս մասին Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե օգոստոսի 5-ին՝ համահայկական ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, ովքե՞ր կան նշանավոր, պատվավոր հյուրերի ցանկում։
«Մեր ունեցած նախնական տեղեկություններով, պարոն Էռնեկյանը ժամանելու է Գյումրի․ մասնակցելու է Համահայկական խաղերի բացման արարողությանը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նրա օդանավը վայրէջք կկատարի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ Նա կմնա Գյումրիում, ցանկություն ունի մեր քաղաքում գիշերելու։
Պատասխանելով ձեր հարցին, թե ովքե՞ր կան պատվավոր հյուրերի ցանկում, ասեմ՝ մեզ համար բոլորն էլ պատվավոր են, պարոն Էռնեկյանն ազգային հերոս է, ես հենց դրա համար առանձնահատուկ շեշտեցի նրա անունը»,-ասաց Շիրակի մարզպետը։
Կարդացեք նաև
Այս օրերին Գյումրիում մեծ եռուզեռ է․ քաղաքում մեծ աշխատանքներ են տարվում Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացումը բարձր մակարդակով անցկացնելու համար։
Այս աշխատանքները փոքր-ինչ ստվերում են որոշ հյուրատների ու հյուրանոցների տերեր՝ արհեստականորեն թանկացնելով գները։
Շիրակի մարզպետի հետ զրուցել ենք կազմակերպչական աշխատանքների ու նաև հյուրանոցների գների արհեստական թանկացման շուրջ։
Մուշեղ Մուրադյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դաշտից՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից է