Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնում եմ, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը ապագայի ձեռքբերում է, դա մեր զինված ուժերը upgrade արեց, բարձրացրեց ԶՈՒ մակարդակը». Տոնոյան

Օգոստոս 01,2023 15:50

Բացատրե՛ք, ՍՈՒ-երը ինչո՞ւ թռիչքներ չկարողացան իրականացնել. 44-օրյա պատերազմի  քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս հարցն ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Տոնոյանը պատասխանեց. «Խոսքը մարտակա՞ն թռիչքների մասին է: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբի ժամանակաշրջանում ինձ զեկուցվեց, որ ՍՈՒ-30-ները անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է: Բացի այդ, ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ էին, ունեին գրոհային եւ կործանիչ գործառույթ: Գրոհային գործառույթների առումով մենք գոնե սկզբնական փուլի մարտական գործողություների 1-2 օրվա առումով գոնե հագեցվածություն ունեինք այն հրթիռների, որոնք ժողովուրդը կոչում է հիմա ժամկետանց, անպիտան եւ այլն: Այդ հրթիռները խոցել են թիրախները: Ինչ վերաբերում է ՍՈՒ-30-ների ձեռքբերման հիմնավորվածությանը, իսկ բացի հանրային հասարակության մեջ առաջացող հարցերից, ՍՌՏ-ի (սպառազինություն և ռազմական տեխնիկայի․–խմբ․) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր: Սու-30-ների կործանիչի բաղադրիչի հետ կապված զրոյական վիճակ ունեինք հակառակորդի հետ: Այն հնարավորությունները, որոնք ունեին ՍՈՒ-30-ները հեռավորության վրա ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցները եւ ենթակառուցվածքները, այդպիսի կարողություն մենք ընդհանրապես ԶՈՒ-ում չենք ունեցել: Եվ ես գտնում եմ, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաեւ ապագայի ձեռքբերում է, դա ընդհանրապես մեր զինված ուժերը upgrade արեց, բարձրացրեց ԶՈՒ մակարդակը: Որեւէ ձեռքբերում ՍՌՏ-ի, որը պլանավորվել է, իրականացվել է ժամկետների մեջ: Այն, ինչ հիմա Ադրբեջանն անում է Թուրքիայի հետ՝ մոդեռնիզացնում է Սու-25-ները, այդ պայմանագիրը կնքվել է ՀՀ-ի հետ օգոստոսի 24-ին՝ ՍՈՒ-25-երի արդիականացումը Մոսկվայում, ստորագրվել է իմ տեղակալի կողմից, ես ներկա եմ գտնվել այդ ստորագրմանը: Այդ մոդեռնիզացումը պետք է լիներ 3 տարվա ընթացքում եւ ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք հիմա գործընթացն ընթացքո՞ւմ է, թե՞ չէ: 3 տարվա մեջ մենք պետք է ունենայինք առաջընթաց այդ գործընթացում»:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ հարցում են արել ու ստացել պատասխան, որ պատերազմի ընթացքում մեկ թռիչք է եղել ՍՈՒ-30-ով, որը եղել է հետախուզական, այսինքն, գործնականում չի կիրառվել պատերազմի ժամանակ: Տոնոյանը պատասխանեց. «Մոտ 200 կմ ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանով, հյուսիսով մոտ 200-ին հասնող սահմանը, Տավուշի, այսինքն, երրորդ կորպուսի պատասխանատվության, այնուհետեւ՝ երկրորդ կորպուսի պատասխանատվության… ՍՈՒ-30-ների ձեռքբերումը պայմանավորված է եղել ՀՀ-ի սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու եւ գրոհային կարողություններն ուժեղացնելու: Որպեսզի նաեւ իրենց գրոհային կարողությունները դրսեւորեին, ժամանակ էր պետք»:

Ըստ Տոնոյանի, ՍՈՒ-30-ների ձեռքբերումը պլանավորված է եղել նախկինում՝ 2015-ին, բայց չեն գնել, որովհետեւ կարողությունների խնդիր է եղել: Պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել ՍՈՒ-30-ների ձեռքբերման համար, այն ձեռք է բերվել օրենքին չհակասող ֆինանսական միջոցներով, օրենքով չարգելված այլ աղբյուրներով:

Թե որոնք են եղել այդ աղբյուրները, կասի փակ նիստում:

Հարցին՝ ո՞ւմ առաջարկով, ի՞նչ հիմնավորումներով եւ ո՞ւմ որոշմամբ են եղել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առաջնահերթությունները, ինչի արդյունքում ձեռք չեն բերվել մեր ԶՈՒ-ի համար առաջնահերթ կարեւորություն ունեցող տեղական եւ արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ները եւ թշնամու անօդաչուների դեմ պայքարի Красуха, ավտոբազա, այլ ժամանակակից ՌԷՊ միջոցները: Տոնոյանը պատասխանեց, որ բնական է, որ սպառազինության ձեռքբերման պլանը մշակվում է ԶՈՒ պահանջարկի հիման վրա, որը ՊՆ-ն ներկայացնում է կառավարությանը, հաստատվում է ԱԽ-ում. «Ես ցավ եմ ապրում, որ այստեղ նշված են այնպիսի միջոցներ, բացի Красуха-ից, որ ռազմական գործողություններից երեւի 1-2 տարի առաջ ներկրվել են Հայաստան՝ իմ պաշտոնավարման ժամանակ: Նոր ձեռքբերումներ առաջին փուլում որեւէ միջոցի մատակարարում նախատեսված չի եղել»:

Տոնոյանն ասաց, որ իր տեղակալի՝ Մակար Ղամբարյանի հմտությունների շնորհիվ այն սպառազինությունը, որը նախատեսված է եղել ձեռք բերել, գնել են՝ 20%-ով ավելի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031