44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» հետ, ճի՞շտ է, որ պատերազմից առաջ նա ուղեկցել է նախարարին՝ շրջագայության ընթացքում: Տոնոյանը պատասխանեց. «Նո՞ր քրեական գործի շրջանակներում է այս քննարկումը, ես դատարաններում արդեն պատասխանել եմ, 3 ամիսը մեկ նույն բանը կրկնում եմ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եմ եղել: Այն հպարտությունը, որը մենք նշում ենք 600 մլրդ-ի վերաբերյալ, մի ստվար մաս բերվել է Հայաստան այդ անձի կողմից: Պատերազմի սկսման ժամանակ չի միայն, որ եղել են զմռսված մեր մատակարարման ուղիները»:
Հետո անցան Մովսես Հակոբյանին: Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ պատերազմի ընթացքում ի՞նչ պաշտոն է զբաղեցրել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նա եղել էր ռազմական տեսչության պետը: Ո՞ւմ ցուցումով կամ թույլտվությամբ է ՊԲ հրամանատարական կետում գտնվել Մովսես Հակոբյանը՝ Տոնոյանը պատասխանեց, որ նրա գտնվելը այդ կետում ՊԲ հրամանատարի՝ անձամբ իրեն խնդրանքն էր. «Նա ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ԳՇ նախկին պետը, գտնվեն եւ աջակցեն ՊԲ հրամանատարին: Կարող եք ճշտել դա Ջալալ Հարությունյանից»: Թե դրա մասին եղե՞լ է փաստաթուղթ՝ Տոնոյանը հորդորեց ստուգել՝ նշելով, որ գուցե ռազմական գործողությունների ընթացքում դա գործուղում ձեւակերպելիս փաստաթղթավորման խնդիրներ եղած լինեն: Ըստ Դավիթ Տոնոյանի, Մովսես Հակոբյանը զուտ խորհրդատվություն է տրամադրել, բայց ուղղահայաց հրամաններ տալու իրավունք չի ունեցել:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանին լսելու են քննիչ հանձնաժողովում, Տոնոյանը հորդորեց Միքայել Արզումանյանին կանչել. «Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված անընդունելի են եւ կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային