«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց, որ պատրաստվում են Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակմանը, կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ «Այնուհետեւ հայտարարվելու է համազգային հավաք եւ գնալու ենք դեպի Հակարիի կամուրջ։ Քանի որ անվտանգության հարցեր կան, մեզ որոշակի ժամանակ է պետք, խոսքը գնում է հաշված օրերի մասին, որպեսզի կարողանանք այդ անվտանգային հարցերը լուծել։ Ովքեր ներկա են լինելու երթին, ամեն մեկն իր բաժին պատասխանատվությունն իր վրա է վերցնելու, որովհետեւ մենք երաշխիք չունենք, որ թշնամին մեզ վրա չի կրակելու։ Եվ պետք է հասկանանք, որ այս երթն ավելի անվտանգ է, քան դիրքում կանգնած զինվորը»,- ասաց նա։
Ըստ Օսիպյանի՝ իշխանությունները կապ չունեն այս նախաձեռնության հետ, ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։ «Հասարակության մեծ մասը միակարծիք է, որ այդ ճանապարհը բացելը մեզ վրա է, եւ մենք պետք է գնանք բացենք այդ ճանապարհը։ Ինչպե՞ս, խաղաղ բազմահազար երթի միջոցով»,- հավելեց նա։
Օսիպյանի խոսքով՝ մյուս տարբերակը այն է, որ կուչ գան ու նստեն, սպասեն, թե երբ սովի հետեւանքով ողբերգական դեպքեր տեղի կունենան Արցախում։ «Արցախցիներն իրենց պատիվը վերականգնելու համար պետք է այս քայլն անեն, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ մենք պայքարում ենք մեր իրավունքների, հայրենիքի ու արժանապատվության համար»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունից մի բան է կախված այս իրավիճակում՝ ռեսուրսներ հատկացնել ու չխանգարել։
Օսիպյանը նշեց, որ Ադրբեջանը շուրջ 300 արցախցիների ցուցակ է կազմել, որոնք ենթակա են ձերբակալման։ «Շատ հնարավոր է, որ այդ 300 հոգուց որոշները հիմա սկսեն ծառայություններ մատուցեն Ալիեւին, որպեսզի իրենք իրենց կաշին փրկեն։ Եվ հենց այս պահին մենք պետք է կարողանանք Արցախում մեր ներսում հային թուրքից տարբերել։ Հայերը նրանք են, ովքեր նպատակ ունեն Քաշաթաղի միջանցքն ապաշրջափակել, իսկ թուրքերը նրանք են, ովքեր դեպի Աղդամ են գնալու։ Մարդ կար, որ այդ ծառայությունները մատուցում էր, եթե հնարավորություն լինի, էլի կմատուցի, դա Վիտալի Բալասանյանն էր։ Մենք անօրեն Քաշաթաղ ենք հանձնել, Սուս, Աղավնո ենք հանձնել, եւ սա եղել է Վիտալի Բալասանյանի գործունեության արդյունքը, դրա առաջին կողմնակիցը հենց ինքն է եղել, դրա համար էլ թշնամին իրեն ձեռք չի տվել։ Նրանք, ովքեր ասում են՝ Աղդամով առեւտուր անենք, նրանք իրենց ամնիստիայի (համաներման․–խմբ․) հարցերն են լուծում։ Իրենք Ալիեւին ծառայություններ են մատուցում, Աղդամի մասին ով խոսում է, Ալիեւին է ծառայություն մատուցում»,- նշեց Օսիպյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ